Պետք չէ նմանվել ադրբեջանցիներին

21/11/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Պաշտպանության նախարար, Անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանը երեկ Գիտությունների ազգային ակադեմիայում ԳԱԱ խորհրդին ներկայացրեց Ազգային անվտանգության ռազմավարության նախագիծն ու այնուհետեւ լսեց գիտնականների առաջարկները, դիտողություններն ու կարծիքներն այդ նախագծի մասին:

Հիշեցնենք, որ օրերս նմանատիպ քննարկում տեղի էր ունեցել նաեւ Երեւանի պետական համալսարանում: Թեեւ ելույթ ունեցող ակադեմիկոսներից ոմանք նշեցին, թե ԵՊՀ-ում տեղի ունեցած քննարկումից հետո նախագիծը նկատելիորեն բարելավվել է, սակայն ուրախալի է, որ երեկվա քննարկումը չվերածվեց այդ փաստաթղթի ու այն կազմողների գովերգման ու փառաբանման արարողության, ինչպես սովորաբար նմանատիպ դեպքերում է լինում: Հնչեցին բազմաթիվ առաջարկներ, որոնք պաշտպանության նախարարը խնդրեց ներկայացնել գրավոր եւ կոնկրետ ձեւակերպմամբ: Ս. Սարգսյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 27-ին փաստաթուղթը կքննարկվի ԱԺ-ում, որից հետո այն կներկայացվի ՀՀ նախագահին: Իսկ վերջինիս հավանությանն արժանանալուց հետո էլ՝ փաստաթուղթը վերջնական հաստատման համար կներկայացվի կառավարությանը: Պաշտպանության նախարարը տեղեկացրեց նաեւ, որ ազգային անվտանգության ռազմավարությունը չեն ընդունում օրենքի ձեւով, քանզի օրենքը պարտադիր պետք է լինի բոլորի համար, իսկ փաստաթուղթը նման բան չի ենթադրում: «Սա իշխանությունների ծրագիր է, քաղաքական փաստաթուղթ է եւ փաստորեն դառնում է միակ քաղաքական փաստաթուղթը, որից պետք է բխեն մեր ողջ գործողությունների ծրագրերը»,- նշեց նա, հավելելով, որ ընդդիմությունը կամ հասարակական կազմակերպությունները պարտավոր չեն իրենց գործողությունները բխեցնել ազգային անվտանգության ռազմավարությունից: Իսկ թե հնչած առաջարկները որքանո՞վ կապ ունեին ազգային անվտանգության ռազմավարության հետ՝ դատեք ինքներդ: Գիտնականներից ոմանք կարծիք հայտնեցին, թե ներկայացված նախագծում պետք է ներառվի մի դրույթ Երեւանի եւ մարզերի համաչափ զարգացման մասին, որովհետեւ ներկայիս այդ զարգացման անհամաչափությունը սպառնում է ազգային անվտանգությանը: Ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանն էլ առաջարկում էր ավելի մանրամասնել, թե ինչպե՞ս պետք է պայքարել անվտանգության սպառնալիք հանդիսացող կոռուպցիայի դեմ, իսկ մեկ այլ ակադեմիկոս՝ Ազատ Եղիազարյանը նշեց, թե փաստաթղթում անհրաժեշտ է հստակեցնել սոցիալական արդարության հասնելու մեխանիզմը եւ նշել, թե հատկապես ի՞նչ է պետք անել, որպեսզի Հայաստանի բնակչությունը վստահի իշխանությանը: Երեկ ակադեմիկոսներից ոմանք դժգոհում էին ներկայացված փաստաթղթի լեզվից ու ոճական ձեւակերպումներից: Նրանց գնահատմամբ՝ տպավորություն է ստեղծվում, թե մեր ազգային անվտանգության ռազմավարության նախագիծը գրված է ռուսերենով կամ ռուսական մտածողությամբ: Կարճ ասած՝ ըստ գիտնականների, այդ փաստաթղթից «ռուսերենի հոտ է գալիս»: Փաստաթղթից եկող բույրերի մասին Ս. Սարգսյանը նշեց հետեւյալը. «Գիտեք, շատ տարօրինակ բան է. չգիտես ինչո՞ւ, համալսարանում էլ ասում էին, որ անգլերենի հոտ է գալիս: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ փաստաթուղթը մենք ցանկացել ենք, որ լինի զուտ հայկական, եւ բազմաթիվ մեծ մասնագետների ձեռքի տակով է անցել»:

Իսկ Նիկոլայ Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե ինքը դեմ է, որ ՀՀ ղեկավարներն առիթը բաց չեն թողնում հայտարարելու, թե մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց դրված չէ: «Գուցե չպետք է ասենք, թե ուզում ենք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, բայց նաեւ չպետք է ասենք, թե չենք ուզում դառնալ»,- կարծում է ակադեմիկոսը: Ն. Հովհաննիսյանին վրդովվեցրել էր այն, որ նախագծում նշված է, թե մեր նպատակներից է նաեւ մեր պետության կայացումը: «Մեր պետությունը կայացած է, պարոնայք: Ռոբերտ Քոչարյանի թեւավոր խոսքով ասած՝ ո՞վ է այն տղամարդը, որ պետք է որոշի՝ կայացա՞ծ է, թե՞ չէ»,- հարցնում էր ակադեմիկոսը: Հարցին պատասխանեց Ս. Սարգսյանը՝ նշելով, թե մեր պետությունը ստեղծվել է, բայց դեռ չի կայացել: Պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն էլ կարեւոր էր համարում նաեւ այն, որ պետք է ունենալ պարենային, էներգետիկ, մշակութային եւ տեղեկատվական անվտանգության հայեցակարգեր: Նրա գնահատմամբ՝ այն մոդելը, որն ընտրել է Հայաստանը, տանում է բեւեռացման ու բարոյալքման: Նա շատ կարեւորեց տեղեկատվական անվտանգությունն ու անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին: Ըստ նրա, պետք է փոխել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված կերպարը: Հակառակ դեպքում՝ «եթե մենք մնանք որպես ագրեսոր եւ ուրիշի հողերը գրավող, 1000 տարի Թուրքիային ու Ադրբեջանին մեզ վրա հարձակվելու առիթ ենք տալիս»: «Մենք պետք է ցույց տանք, որ դա մեր հողն է: Բայց մենք ասում ենք՝ չէ, դա ձերն է, մենք էլ պատրաստ ենք զիջել»,- հայտարարեց պրոֆեսոր Մանասյանը: Իսկ ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորանշանակ տնօրեն Հայկ Դեմոյանն էլ առաջարկում էր ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշել, որ արտաքին վտանգի, մասնավորապես` ԼՂ խնդրի հետ կապված Հայաստանը կարող է «կանխարգելիչ հարվածներ» հասցնել ում որ պետք է: Հ. Դեմոյանը նշեց, թե օրինակ՝ Ռուսաստանը կամ Վրաստանն իրենց ռազմավարություններում նշում են արտաքին վտանգին կանխարգելիչ հարված հասցնելու մասին: Այս առաջարկին պաշտպանության նախարարը հետեւյալ կերպ արձագանքեց. «Բնավ չեմ տեսնում անհրաժեշտություն, որպեսզի ազգային անվտանգության ռազմավարությունում մենք շեշտենք, որ մենք կարող ենք կանխարգելիչ հարված հասցնել»: Ս. Սարգսյանն այդ առաջարկից տպավորություն էր ստացել, թե ցանկություն կա ուղղակի նմանվել այլոց: «Մեր ինչի՞ն է պետք ավելորդ տեղը մեր չցավող գլուխը դնել ցավի մեջ: Ի՞նչ է տալու դա մեզ, եւ երկրորդ` մենք կնմանվեինք ադրբեջանցիներին: Ոնց որ հիմա իրենք ասում են` մենք պատրաստ ենք ռազմական ճանապարհով լուծել ԼՂ խնդիրը: Որ պատրաստ ես, ինչո՞ւ չես լուծում: Հիմա, մենք ինչո՞ւ ենք դա հայտարարում. եթե կանխարգելիչ հարված անհրաժեշտ լինի, մենք կհասցնենք այդ հարվածը: Դրա մասին խոսելը, ասելը՝ ագրեսորության նշաններ են»,- նշեց Ս. Սարգսյանը: Վերջինս երեկ նաեւ տեղեկացրեց, որ ազգային անվտանգության ռազմավարության ընդունումից հետո Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է լինելու ռազմական հայեցակարգի մշակմանը, որը հավանաբար կընդունվի 2007-ի վերջին կամ 2008թ. սկզբին: Ըստ նախարարի, ռազմական գործողությունների, բանակային խնդիրների եւ անվտանգության սպառնալիքներին պատասխանների մասին մանրամասն մոտեցումները կարձանագրվեն հենց այդ փաստաթղթում: