Ընկերությունը միջնորդել էր հանել իր անունով ստացված սուրճի 115 տոննա խմբաքանակի ներմուծման վրա արգելանք դնելու որոշումը: Իսկ այդ արգելանքի որոշումը 2006թ. սեպտեմբերի 4-ին կայացրել էր Ազգային անվտանգության ծառայության քննիչ Մնացական Մարուքյանը: Դատարանի երեկվա որոշումը սենսացիոն էր այն առումով, որ «Ռոյալ Արմենիայի» հետ կապված շատ որոշումներ կայացվել են ի վնաս այդ ընկերությանը: Ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանի ասելով, դա անակնկալ էր նաեւ իրենց համար: «Թեեւ այս անգամ մենք սպառնացել էինք դիմել միջազգային իրավապահ ատյաններին,- ասում է պարոն Մինասյանը: -Մենք որոշել ենք մեր իրավունքները պաշտպանելու համար օգտագործել բոլոր հնարավոր միջոցները»:
Հիշեցնենք, որ «Ռոյալ Արմենիան» դատական պրոցեսների մեջ է դեռեւս 2004 թվականից, երբ պաշտոնապես հայտարարել էր, թե Մաքսային պետական կոմիտեն իրենցից կաշառք է պահանջում: Այդ մեղադրանքից հետո միանգամից մի քանի գերատեսչություններ սկսեցին զբաղվել ընկերության գործունեությամբ: Իսկ 2005թ. գարնանը ԱԱԾ-ում հարուցվեց քրեական գործ, եւ մի քանի ամիս հետո կալանավորվեցին ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանն ու տնօրեն Արամ Ղազարյանը: Մաքսային պետական կոմիտեն ԱԱԾ-ին փաստաթղթեր էր տրամադրել այն մասին, թե իբր «Ռոյալ Արմենիան» փաստաթղթեր է կեղծել: Մինչեւ այժմ «Ռոյալ Արմենիան» ընդդեմ Մաքսայինի կամ հակառակը վիճակով բազմաթիվ դատական պրոցեսներ են տեղի ունեցել տարբեր ատյաններում: Դրանք հիմնականում քաղաքացիական դատավարություններ էին, որոնք կասեցվել են մինչեւ այս՝ քրեական դատավարության ավարտը, որտեղ ընկերության ղեկավարները մեղադրվում են փաստաթղթեր կեղծելու եւ ՄՊԿ-ին սխալ «ինվոյսներ» ներկայացնելու մեջ: Այս մասով տուժող է հանդես գալիս ընկերության՝ սուրճի նախկին մատակարար «Ֆեդերալ Ինվեստմենտ» ընկերության տնօրեն Վաչե Պետրոսյանը, որը մինչեւ հիմա չի ներկայացել դատական ոչ մի պրոցեսի եւ չի հայտարարել, թե «Ռոյալ Արմենիայի» ղեկավարները կեղծել են իր կնիքն ու ստորագրությունը եւ ՄՊԿ-ին կեղծ փաստաթղթեր են ներկայացրել: Քրեական գործով այս դատավարությունը կշարունակվի դեկտեմբերի 11-ին:
Երեկ Գեւորգ Մինասյանը տեղեկացրեց, որ Մ.Մարուքյանի անօրինական որոշման արդյունքում «Ռոյալ Արմենիան» կորցրել է իր տեղական ու արտասահմանյան շուկաների 80 տոկոսը: Հիմա ինչ որ վաճառվում է, դա նախկինում ներկրած ու մինչեւ հիմա պահեստներում մնացած խմբաքանակից է: Իսկ սուրճը գյուղատնտեսական ապրանք է եւ չի կարելի երկար ժամանակ պահել Մաքսայինի պահեստներում: Դրա համար անհրաժեշտ են համապատասխան պայմաններ, հակառակ դեպքում կփչանա: Այնինչ՝ ԱԱԾ այդ քննիչի կայացրած որոշման արդյունքում ընկերության 115 տոննա սուրճը գտնվում է ՄՊԿ պահեստներում: Ավելին, Մաքսային կոմիտեն էլ իր հերթին այդ ընթացքում վարչական վարույթ էր ընդունել այն մասին, թե «Ռոյալ Արմենիան» ժամանակին չի մաքսազերծել իր սուրճը եւ դրանով վնաս է պատճառել պետությանը՝ չվճարելով հարկերն ու տուրքերը: Գ. Մինասյանի ասելով, իրենք ստիպված են եղել ՄՊԿ-ին հիշեցնել, որ սուրճը չի մաքսազերծվում ոչ թե իրենց, այլ Մ.Մարուքյանի որոշման պատճառով: Միայն դրանից հետո է ՄՊԿ-ն դադարեցրել իր վարչական վարույթը:
Բացի այդ, վերջերս ընկերությունը որոշել էր իր 48 աշխատողներին ազատել աշխատանքից, որովհետեւ չէր կարողանում հումք ստանալ եւ գործարանն աշխատեցնել: Ընկերությունը չէր կարողանում ստանալ ոչ միայն այդ 115 տոննան, այլեւ չէր կարողանում ներմուծել նաեւ ուրիշ խմբաքանակ, որովհետեւ, ըստ էության, արգելանքը տարածվելու էր նաեւ հետագա ներմուծումների վրա: Փաստորեն հայտնվել էր պարապուրդի մեջ: Երեկ դատավարությանը ներկա էին նաեւ ընկերության բազմաթիվ աշխատողներ, որոնք ծափերով ընդունեցին արգելանքը հանելու որոշումը եւ ծաղրեցին ՄՊԿ-ի ներկայացուցչի այն հայտարարությունը, թե «արգելանքը դրված էր միայն ներմուծման վրա, արտահանման վրա արգելանք չկա»: «Եթե ներմուծում չունենք, ի՞նչ ենք արտահանելու՝ օ՞դ,- հարցնում էին ընկերության աշխատակիցները: -Հայաստանում կոֆե չի աճում, պիտի ներմուծենք, որ արտահանենք»:
Իսկ դատարանի որոշումից հետո ընկերության իրավաբանը հայտնեց, թե այլեւս ստիպված չեն լինի աշխատողներին գործից ազատել, կստանան սուրճը եւ կաշխատեն: Այդ ընթացքում կփորձեն սուրճի այլ խմբաքանակ ներմուծել եւ պատրաստվել հաջորդ դատավարություններին: