ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին եւ կառավարության այն անդամներին, ովքեր բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը բյուջեում 40 տոկոսով բարձրացնելու համար որպես հիմնավորում վկայակոչում են ԳՐԵԿՈ-ին՝ ասելով, թե դա նաեւ վերջինիս պահանջն է կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումների ցանկում, կոալիցիոն իրենց գործընկեր ՀՅԴ-ն թերահավատորեն է մոտենում:
Սակայն երեկ ԱԺ ճեպազրույցում Գալուստ Սահակյանը կառավարության այս մոտեցումից դժգոհ քաղաքական ուժերին, մասնավորապես` ընդդիմությանը, հորդորեց հանգիստ մնալ, չսեթեւեթել ու ավելորդ կրքեր չբորբոքել՝ հիշեցնելով, որ երբ պատգամավորների աշխատավարձերի բարձրացման հարցն էր քննարկվում ԱԺ-ում, որը նույնպես խոցելի էր, որեւէ մեկը չդժգոհեց այնքան, որքան պետական պաշտոնյաների դեպքում է: Ավելին, ըստ Գ. Սահակյանի, ընդդիմադիրները «շատ հանգիստ այդ աշխատավարձերը ստացան, նույնիսկ երկու տարի էլ ԱԺ չեկան, նիստերը բոյկոտեցին, բայց աշխատավարձերը չբոյկոտեցին»:
Գալուստ Սահակյանն, օրինակ, ուզում է գնալ այն ճանապարհով, որով աշխարհն է գնացել, եւ որպեսզի աշխարհից հետ չմնանք, ապա պետք է մեր պետական պաշտոնյաները բարձր աշխատավարձ ստանան: Բայց Գ. Սահակյանը մոռանում է, որ աշխարհի գնացած ճանապարհից հետ չմնալու եւ չշեղվելու համար, պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելուն զուգահեռ` պետք է բարձրացվի նաեւ շարքային քաղաքացու նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակը: Սակայն սա Գ. Սահակյանին քիչ է հուզում. նա ուզում է, որ չինովնիկը բարձր աշխատավարձ ստանա, որովհետեւ, ըստ նրա, դրանով նախ կառավարման մեխանիզմներն ավելի հստակ կլինեն, հետո՝ աշխարհին ցույց կտանք, որ մենք կատարում ենք ԳՐԵԿՈ-ի պահանջը: «Դա կոռուպցիայի դեմ պայքարի կարեւորագույն գործոններից մեկն է,- համոզում է Գ. Սահակյանը,- Այնպես որ` թող նորից ժողովրդի կրքերը չբորբոքեն: Այսօր մեր լավագույն մասնագետները 2-3 հազար դոլարով աշխատում են մասնավոր հիմնարկներում, եւ սա նաեւ փորձ է կառավարման աշխատանքներին ներգրավել ավելի բանիմաց մարդկանց:
Կարծում եմ` նման տիպի սեթեւեթանքները, մոտեցումները մի քանի օր կտեւեն, հետո նորից նույն ասողները շատ մեծ բավականությամբ կստանան այդ աշխատավարձերը»:
Կառավարության այս «մեթոդաբանությունն» առավել տարօրինակ ու անընդունելի է հենց կոալիցիայի անդամ ՀՅԴ-ի համար: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը կառավարության այդ մոտեցումը համարում է «մի քիչ» տարօրինակ՝ ասելով. «ԳՐԵԿՈ-ն ներկայացրել է 24 պահանջ, եւ մի քիչ տարօրինակ է, որ մենք հենց այդ պահանջից ենք սկսում: Այնտեղ շատ ավելի կարեւոր հարցեր կան` կապված բարձրաստիճան պաշտոնյաների հետ, քան այդ աշխատավարձի բարձրացումն է: Օրինակ, պահանջներից մեկն այն է, որ բարձրաստիճան պաշտոնյան չպետք է զբաղվի գործարարությամբ: Մեզ մոտ զբաղվում են, եւ դա ազդում է մեր հարկային մուտքերի վրա: Այն, որ այսօր 14 տոկոս հավաքագրում է տեղի ունեցել, նշանակում է, որ խոշոր հարկատուների մեջ կան մարդիկ, ովքեր օրենքից խուսափում են: Այսինքն` հարկ չեն վճարում: Սա պաշտոնական դիրքի չարաշահում է»: Իսկ երբ լրագրողները խնդրեցին գոնե մեկ-երկու նման բարձրաստիճան պաշտոնյայի անուն հնչեցնել, Հ. Կարապետյանը հրաժարվեց՝ հարցնելով. «Ինչի դուք չգիտե՞ք: Մենք երեւույթն ենք մատնացույց անում»: Իսկ ՀՅԴ-ական մեկ այլ պատգամավոր` Սպարտակ Սեյրանյանն էլ նկատեց, որ ԳՐԵԿՈ-ի պահանջների մեջ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին պահանջն այն լոկոմոտիվը չէ, որը «պետք է իր հետեւից քաշի-տանի կոռուպցիայի դեմ պայքարի ամբողջ ռազմավարությունը» կամ այդ ռազմավարության տրամաբանությունը: «Մենք էլի ենք կրկնում` այո, բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը պետք է բարձրացվեն, որպես եւս մեկ քայլ կոռուպցիայի դեմ պայքարի իմաստով, բայց չպետք է կոռուպցիայի դեմ պայքարի ամբողջ տրամաբանությունը հանգի նրան, որ եթե պաշտոնյան ամիսը ստանա 1000 դոլար, ապա նա այլեւս 15.000 դոլարի կաշառք չի վերցնելու»,- ԱԺ ճեպազրույցում երեկ հայտարարեց Ս. Սեյրանյանը՝ ավելացնելով, թե ՀՅԴ-ն դեմ է ցանկացած պաշտոնյայի աշխատավարձի բարձրացմանը, եթե դա տեղի չի ունենում մեր սոցիալապես անապահով խավերին հատկացվող գումարների բարձրացմանը զուգընթաց: «Եթե նվազագույն աշխատավարձի բարձրացում է կատարվում, եւ դրան հետեւում է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը, դա ինչ-որ տրամաբանություն ունի: Բայց բարձրացման հարաբերակցությունն այնպիսին չէ, որ մեր նման երկրում դա ընկալվի եւ հասկացվի: Եթե կառավարությունը դա փորձում է հիմնավորել, թե ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ, ապա ես հեռու եմ այն մտքից, որ այսօր 1000 դոլարին մոտ աշխատավարձ ստացող մեր դատաիրավական համակարգը փայլում է կոռուպցիայից զերծ լինելուց,- ասում է Ս. Սեյրանյանը,- Եթե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը դիտարկվում է որպես հիմնական միջոցներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարելու համար, ապա պետք է ասեմ` միամիտ չլինենք: Կոռուպցիայի դեմ պայքարի այդ ձեւն ու մեթոդաբանությունը չէ, որ կարող է Հայաստանում արդյունքի հանգեցնել, որովհետեւ այդ պաշտոնյայի ստվերային գործունեության ակնկալվող գումարներն ու իր աշխատավարձի բարձրացման չափերն անհամեմատելի են: Եվ աշխատավարձերի բարձրացումով չէ, որ պետք է կոռուպցիայի դեմ պայքարել»: Ս. Սեյրանյանը նաեւ մեկ այլ հիմնավորում բերեց՝ ապացուցելու համար, թե ինչու չպետք է պետական պաշտոնյայի աշխատավարձը բարձրացվի: «Եթե մի երկրում կա 48.000 քաղաքացի, որոնցից յուրաքանչյուրն ամիսը ստանում է 4250 դրամ, ապա այդ տրամաբանության մեջ նման բարձրացումները տրամաբանական կամ արդարացված չեն»,- ասաց նա՝ նշելով, թե ՀՅԴ-ն դեռեւս որոշում չի կայացրել, թե ինչպես է քվեարկելու բյուջեի նախագիծը, եթե այս դրույթն, այնուամենայնիվ, պահպանվի:
ՕԵԿ-ում նույնպես դեռ կողմնորոշված չեն. խմբակցության քարտուղար Հեղինե Բիշարյանն էլ գտնում է, որ պետք է մտածել ոչ թե «ստվերային գործունեության արդյունքում հաշված մեծահարուստների ցուցակում հայտնված մարդկանց» աշխատավարձերի բարձրացման մասին, այլ՝ անապահով քաղաքացիների: ՀՀԿ-ում Հ. Բիշարյանի այս խոսքերը քմծիծաղով ընդունեցին՝ նկատելով. «չուզողություն են անում, որովհետեւ այսօր իրենք արդեն նման պոստեր չունեն: Այ, եթե իրենց իշխանության ժամանակ լիներ այս առաջարկը՝ վազելով կողմ կքարոզեին ու կփչացնեին թե ՀՅԴ-ին, թե մյուս դեմ արտահայտվողներին: Պոպուլիզմը կերավ դրանց»:
Իսկ «Արդարության» ղեկավար Ստեփան Դեմիրճյանն ընդհանրապես չի հավատում, թե կառավարության այս մարտավարությունը կօգնի կոռուպցիայի ծավալները փոքրացնելուն: «Իհարկե, պաշտոնյաները պետք է բարձր աշխատավարձ ստանան, բայց հիմա դա ժամանակավրեպ է: Եթե մարդիկ տեսնեն, որ իշխանություններն իրապես պայքարում են կոռուպցիայի դեմ, ծառայում են ժողովրդին, ապա շատ նորմալ կընդունեն դա: Բայց երբ տեսնում են, որ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց պաշտոններն օգտագործում են գործ դնելու համար, եւ տեսնում են որոշ պաշտոնյաների ամբարտավան պահվածքը, բնականաբար, սա ընդունելի չէ: Չի կարելի նման քայլի գնալ, երբ միջին կենսաթոշակի չափը չի ապահովում նույնիսկ նվազագույն զամբյուղը»,- ասաց Ս. Դեմիրճյանը՝ վստահեցնելով, թե դրանով Հայաստանում կոռուպցիոն ռիսկերը չեն նվազելու, եւ սա ամենեւին էլ «այդ դեպքը չէ»:
Ի դեպ, կառավարության այս մոտեցմանը կողմ է նաեւ ԱԺ «Ժողպատգամավոր» խումբը: Խմբի անդամ Մկրտիչ Մինասյանի պնդմամբ, աշխատավարձերի բարձրացումը գոնե կօգնի «պարկեշտ պաշտոնյային»` պարկեշտ մնալ ու ստիպված ստվերային այլ գործողություններ չիրականացնել: Իսկ թե քվեարկության ժամանակ ԱԺ որ խումբն ինչպես կքվեարկի ու ինչքանով հավատարիմ կմնա իր այս հայտարարություններին՝ պարզ կդառնա ԱԺ հաջորդ քառօրյայի ժամանակ: