Բրիտանական հեղինակավոր «Economist» պարբերականն իր վերջին համարում փաստել է, որ 1990-ականների վերջին արձանագրված որոշ առաջընթացից հետո բարեփոխումները Հայաստանում կանգ են առել: Պարբերականը գրել է, թե Հայաստանն ապավինում է օտարերկրյա օգնությանը եւ հսկայական սփյուռքից ստացվող փոխանցումներին, արտագաղթի պատճառով բնակչության թիվը շատ ավելի ցածր է, քան պաշտոնապես հայտարարված 2,9 միլիոնը: «Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մրցակցության մեջ մտնելով Կրեմլի իր հովանավորների հետ, սահմանափակում է լրատվամիջոցները եւ կեղծում ընտրությունները: Կոռուպցիան ծաղկում է: Հայաստանում դժվար է գտնել մի քաղաքական գործչի, որը չի ցանկանում փոխարինել պարոն Քոչարյանին, երբ 2008թ. լրանա նրա նախագահության ժամկետը: Ավելի դժվար է գտնել մեկին, ով հավատա, որ ընտրություններն արդար են լինելու,- փաստել է «Economist»-ը՝ շարունակելով,- Ինչպես եւ Իլհամ Ալիեւը, ով Ադրբեջանում ժառանգել է իշխանությունը հորից, պարոն Քոչարյանը խոստանում է բավարար փոփոխություններ՝ Ամերիկային հանգստացնելու համար: Զարմանալի չէ, որ հաշվի առնելով անցյալը, հայաստանցիների մեծամասնությունն այնքան ցինիկ է, որ շատ ավելին չի սպասում իր իշխանավորներից»: