Բրայզան ժամանել է Թբիլիսի

21/11/2006

ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան, ով նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն է, երեկ միջնորդական այցով ժամանել է Թբիլիսի: Օրերս Մ. Բրայզան Վիեննայում ասել էր, թե Վաշինգտոնում Վրաստանը չեն դիտարկում իբրեւ հակակշիռ Ռուսաստանին: «Անհեթեթություն կլիներ մտածել, թե Վրաստանն արժեք ունի որպես հակակշիռ Ռուսաստանին: Վրաստանն արժեք ունի, որովհետեւ «վարդերի հեղափոխությունից» հետո 3 տարի էլ չի անցել, սակայն երկրում արդեն ակնհայտ են փոփոխությունները»,- ասել է Մ. Բրայզան: Վերջինիս խոսքերով՝ Վրաստանի պատասխանատվությունն է` առաջ գնալ այնպիսի ճանապարհով, որը կապահովի տարածքային ամբողջականության վերականգնումը, թույլ կտա շարունակել դեմոկրատական եւ շուկայական բարեփոխումները, քանզի դեռ շատ բան կա անելու, ինչպես նաեւ` ապահովել Ռուսաստանի հետ խաղաղ գոյակցություն: «Ռուսաստանն էլ դրա համար պատասխանատվության իր բաժինն ունի»,- ավելացրել է ամերիկացի դիվանագետը: Ըստ նրա, «Վրաստանը պարտավոր է համոզել անջատողականներին», որ արժե Վրաստանի կազմում մնալ: Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարել է, թե Բրայզայի այցի գլխավոր նպատակը վրաց-աբխազական բանակցային գործընթացի ակտիվացումն է: