Թատերական ինստիտուտը պակասեց 440 քմ տարածքով

07/05/2005

ՀՀ կառավարությունը որոշել է Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից 440 քմ տարածք հատկացնել ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությանը»: Բուհի տնտեսական գծով պրոռեկտոր Հովհաննես Մինասյանից տեղեկացանք, որ իրենք նորմալ են վերաբերվել այս երեւույթին եւ կցանկանային ավելի լավ պայմաններով տարածք հատկացնել եւ ոչ թե կիսաքանդ ու վթարային: «Շենքը մեր բալանսի վրա չէ,- հեռախոսազրույցում ասաց Հ. Մինասյանը,- կառավարությունը որոշել է 10 տարի անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայությանը»: Այն հարցին, թե՝ չկա վտանգ, որ մի օր էլ բուհը կտեղահանվի այդ շենքից, Հ. Մինասյանն ասաց. «Ոչ, մեզ բուհի շենքից չեն հանի»: «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայության» պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը մեզ տեղեկացրեց, որ տարածքն իրենց անհրաժեշտ է որպես աշխատավայր, քանզի հիմնարկությունը մինչեւ օրս տեղ չունի աշխատելու: Իսկ թե ինչպես են նրանք աշխատելու վթարային տարածքում, Ա. Մելքոնյանն այսպես բացատրեց. «Եթե կառավարությունը որոշել է մեզ հատկացնել շենքը, թերեւս թեթեւ, կոսմետիկ, ոչ կապիտալ վերանորոգման համար ֆինանսներ էլ կտրամադրի»:

Ա. Մ.