40.000 հայաստանցի՝ Թուրքիայում

21/11/2006

Բրիտանական հեղինակավոր «Economist» պարբերականն իր վերջին համարում գրել է, թե Թուրքիայում այժմ ապրում է 40 հազար հայաստանցի: «Մարինա Մարտիրոսյանը, ով արդեն 5 ամիս է, ինչ ապօրինաբար աշխատում է որպես հավաքարար, տիպիկ է իր 40 հազար հայրենակիցների համար: Նա բավարարված է իր 300 դոլար աշխատավարձով եւ համոզված է, որ իր թուրք տանտերերն աշխարհի ամենաբարի մարդիկ են»,- գրել է պարբերականը՝ հավելելով, թե թուրք պաշտոնյաները չեն նեղում հայաստանցիներին՝ ի տարբերություն այլ երկրներից անօրինական ներգաղթածների: Ըստ «Economist»-ի, թուրքահայերի թիվը կազմում է մոտ 80 հազար: Մեջբերելով ամերիկահայ արվեստագետ Քարտաշ Օնիկի խոսքերը, ով նոր է վերադարձել Կարսում կազմակերպված փառատոնից, «Economist»-ը գրում է. «Ես շրջապատված էի թուրքերով, որոնք պարում էին հայկական մեղեդու տակ: Ինչ ուրախություն: Աչքերս արցունքով էին լցվել»: