Քաղաքական գործիչն էլ է մարդ, իհարկե: Եվ ինչպես ցանկացած մարդ, նա եւս ոչ ճիշտ վարքագիծ դրսեւորելու իրավունք ունի: Բայց նա այդ ոչ ճիշտ վարքագծի համար ստիպված է իր պաշտոնին համապատասխան գին վճարել: Եվ այդ գինը նրա ունեցած ամենաթանկ բանը՝ ժողովրդի վստահությունը կորցնելն է: Այն ժողովրդի, որի շնորհիվ, ինչպես հայտնի է, «ուժեղ է ցանկացած իշխանություն»:
Այս բավականին վերացական դատողությունները ծագեցին այն բանից հետո, երբ դիտեցի Ֆրիերսի «Թագուհին» արտակարգ ֆիլմը. Անգլիայի թագուհին` արքայադուստր Դիանայի մահից հետո: Թագուհին կանգնած է երկընտրանքի առջեւ՝ Դիանան արդեն թագավորական ընտանիքի անդամ չէ, եւ նրա մահն իր ընտանիքի անձնական գործն է, այդ պատճառով թագավորական պալատը որեւէ կերպ չի արձագանքում: Կամ՝ Դիանան, այնուամենայնիվ, մեր թոռների մայրն է, ժողովուրդը հեկեկում է թագավորական պալատի պատուհանների տակ, մոմեր է վառում ու ծաղիկներ դնում «ժողովրդական արքայադստեր» նկարի առջեւ, եւ պալատը չի կարող ձեւացնել, թե դա իրեն չի վերաբերում:
Թվում է՝ ի՞նչն էր խանգարում թագուհուն այդ առթիվ որեւէ բան չասել, կամ դուրս չգալ պալատից, չենթարկվել երիտասարդ վարչապետ Բլեերին, որն անընդհատ փորձում է թագուհուն դուրս բերել «դա ինձ չի վերաբերում» վիճակից, խնդրում է ունկնդիր լինել փողոցի ձայնին, գոնե մի բառ ասել ողբացող իր ժողովրդին: Թագուհու ինչի՞ն է պետք փողոցը, չէ՞ որ նա թագուհի է, ոչ թե նախագահ, որի համար կարեւոր է ընտրողների ձայնը: Միեւնույն է, նա իր գահը չի կորցնի այն պատճառով, որ անում է իր ուզածը: Իսկ նա ամենից շատ ուզում է ոչ մի կերպ չարձագանքել իր որդու նախկին կնոջ մահվանը, կնոջ, որն իր ընտանիքին քիչ հոգս չի պատճառել: Ընդհանրապես ի՞նչը կարող է այդ թագուհուն ստիպել անել այնպես, ինչպես խորհուրդ է տալիս նրա՝ արդեն չեմ հիշում թվով որերորդ վարչապետը, ոչ թե անել այն, ինչ ուզում է ինքը՝ թագուհին:
Իսկ ի՞նչը ստիպեց նախագահ Քլինթոնին հրապարակավ խոստովանել մեղքերը: Երկրում, ի ուրախություն ընտրողների, ամեն ինչ կարգին էր: Դե լավ, ասենք թե մի քիչ էլ սիլի-բիլի էր արել աղջկա հետ: Լավ, ասենք թե՝ այդ մասին հայտնի էր դարձել բոլորին: Այո, նա չէր ուզում այդ մասին խոսել, քանի որ ի վերջո ջենթլմեն էր, չէր ուզում աղջկան վատ դրության մեջ գցել: Չնայած բծախնդիր դատավորներին ու չափից դուրս անկեղծացած կանանց կարելի էր ինչ-որ կերպ խուսանավել: Ի՞նչը Քլինթոնին ստիպեց հրապարակավ մեղանչել՝ գրեթե լացակումած:
«Առաջին անգամ իմ ժողովուրդն ինձնից երես է թեքել»,- ասում է թագուհին: Նա դուրս է գալիս մարդկանց մոտ, այդ մոմերի, ծաղիկների ու հնարավոր է՝ իր չսիրած, սակայն ժողովրդի կողմից այդքան սիրված արքայադստեր նկարի մոտ՝ իրեն հատուկ արժանապատվությամբ, սակայն մի տեսակ ներքին անվստահությամբ: Որովհետեւ նա հստակ հասկանում է, որ իր ժողովուրդն առաջին անգամ իր հետ չէ: Նա կանգնում է տեսախցիկի առջեւ եւ զոհված արքայադստեր հիշատակին արտասանում է իր միանգամայն արքայական ճառը, քանի որ չի կարելի թագուհի լինել առանց հպատակների: Իսկ հպատակները նրանից սպասում էին հենց այդ բառերին, ժեստերին, ռեակցիային: Հպատակները սպասում էին, որ իրենց թագուհին իրենց հետ կկիսի կսկիծը, դրան սպասում էին թագուհու լռության բոլոր օրերի ընթացքում, եւ այդ ժամանակն աշխատում էր ի վնաս թագուհու: Նա խոսեց՝ վերադարձնելու համար իր ժողովրդին:
Քլինթոնը մեղա էր գալիս ոչ թե` որ ինչ-որ բան էր արել Մոնիկա Լեւինսկու հետ, այլ որովհետեւ հասկանում էր, որ իր ընտրողները սուտը չեն ների: Նրանք ներեցին նրա՝ կնոջը դավաճանելը, սակայն ոչ հրապարակային սուտը: Քլինթոնը ստիպված եղավ արդարանալ, քանի որ հասարակական կարծիքը նրան մեջքով էր շրջվել: Չի կարելի ղեկավարել երկիրը, եթե ժողովուրդը քեզ չի հավատում:
Ոչ թե ինչը, այլ ով է ստիպում քաղաքական գործիչներին շտկել իրենց վարքագիծը: Թագուհու համար ավելի հեշտ կլիներ Դիանայի մահից հետո ոչինչ չասել եւ սուսուփուս նստել տեղում, Քլինթոնն ամենից քիչ կցանկանար հանրության սեփականությունը դարձնել իր անձնական կյանքի մանրամասները: Սակայն հասարակությունը նրանց ընտրության հնարավորություն չտվեց: Մարդի՛կ չտվեցին:
Նախագահ Պուտինը լռում էր լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությունից հետո: Իսկ հետո ոչ այնքան տեղին ճառ արտասանեց: Ոչ թե՝ որ Պուտինը լավն է կամ վատը, այլ` որովհետեւ հասարակությունը նրան թույլ է տալիս իրեն այդպես պահել, եւ խոսել այնպես, ինչպես նա սովորաբար խոսում է: Հասարակությունը դա նրան թույլ տվեց «Կուրսկ» սուզանավի կործանման, «Նորդ Օստի», Բեսլանի ժամանակ: Հասարակությունը դա թույլ տվեց 40 օր առաջ, երբ սպանվեց լրագրողուհին: Հասարակական կարծիքի վարկանիշը երկրում հավասարվում է զրոյի: Ոչ ոք Կարմիր հրապարակ ծաղիկներ չի բերի, նախագահի կաբինետի պատուհանների տակ զոհվածների նկարները չի դնի, մոմեր չի վառի: Եվ ոչ ոք նրան ոչինչ չի ասի, եթե նա դուրս չգա ժողովրդի մոտ, ոչինչ չասի, կամ էլ՝ մի բան այն չասի: Վլադիմիր Պուտինը ինչ սխալ էլ որ թույլ տա, երբեք ստիպված չի լինի Անգլիայի թագուհու պես ինքն իրեն հաղթահարել կամ արդարանալ, ինչպես Քլինթոնը: Կարիք չկա: Չկա մեկը, որի առջեւ արդարանալու կարիք լինի: