«Երեխեքիս քնացնում եմ ու ամբողջ գիշեր լաց եմ լինում»,- ասում է 6 երեխաների մայրը

21/11/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հարեւանները նրան ասել են, որ ինչ-որ մեկը եկել, «նկարահանումներ» է արել: Այդ «ինչ-որ մեկը» ես եմ եղել, ու տիկին Սրբուհուց հարցնում եմ՝ «Ինչո՞ւ եք նեղացել»: Ասում է՝ «Որովհետեւ էս շենքում ինձնից աղքատ ու ծանր պայմաններում ապրող մարդ չկա, փոխանակ ինձնով հետաքրքրվեք, ուրիշներին եք այցելել»: Ու սկսում է հարեւաններին մեղադրել, որ ինձ իրենց տուն չեն ուղեկցել: «Անունդ ի՞նչ ա, աղջիկ ջան»,- հարցնում է: Ասում եմ՝ «Լուսինե»: Ասում է՝ «Լիլիթ ջան, ես 6 երեխա ունեմ»: «Ես Լիլիթ չեմ, իմ անունը Լուսինե է»,- կրկնում եմ: Տիկին Սրբուհին ինձ ընդհանրապես չի լսում, միայն վրդովված խոսում է՝ չդադարելով ինձ «Լիլիթ» անվանել: Իսկ ընդհանրապես տիկին Սրբուհին երեւի թքած ունի, թե իմ անունն ինչ է, որովհետեւ նա օր ու գիշեր Աստծուն աղոթել է, որ իշխանությունից, ընդդիմությունից, կուսակցություններից, թաղապետարանից կամ ինչ-որ մի տեղից գան ու իր երեխաներով հետաքրքրվեն: Նրա համար կարեւոր չէ, թե ես ով եմ, որովհետեւ ով էլ լինեմ, բոլորի նման իրեն անտարբերության եմ մատնել, դրա համար էլ վիրավորանքը թափում է իմ գլխին: Տիկին Սրբուհու մեղադրանքների տարափն ինձ ճնշում է, եւ ուզում եմ գլուխս առնել-փախնել նրանց անփույթ սենյակից: Բայց չեմ կարող, որովհետեւ իմ գնալու համար նա ամեն օր աղոթել է ու համարում է, որ Աստված իր ձայնը լսել է: 6 երեխաներից բաղկացած այս ընտանիքն ապրում է փոքրիկ սենյակում, որը խորդանոցից քիչ է տարբերվում, իսկ տան մեջտեղում աղբյուրի նման ծորակ է տեղադրված: «Շենքում խմելու ջուր չկա: Պաժառնու ջուրն ենք քաշել, որ յոլա գնանք»,- վստահեցնում է բազմազավակ մայրը: Երեխաները քնում են աղբանոցներից բերած անպետք, պատառոտված մեքենայի նստարանների վրա: Իսկ ինքը՝ տիկին Սրբուհին, ամենափոքրի՝ Մոնիկայի հետ քնում է առանց սպունգների բազմոցի երկաթե ցանցի վրա: «Այ՛ Լիլիթ ջան, ստիպված մեծ տղուս՝ Դավիթին ուղարկել եմ մորս տուն, տեղ չկա, ուտելու բան չկա, հասկանո՞ւմ ես: Ախպերս որդեգրել ա, իրան պահում են: Մարինեն 17 տարեկան ա, Ալիկս 7-րդ դասարան ա, Արայիկս 5-րդ դասարան ա, էն մյուսս 11 տարեկան ա, դպրոց չի գնում՝ շոր չունենալու պատճառով դպրոց չեմ ուղարկել»,- երեխաներին թվարկելիս կանգ առնելով 11 տարեկան դպրոց չգնացող Արմենի վրա` նա սկսում է լաց լինել: Ամենափոքրը 2 տարեկան անհոգ Մոնիկան է, ով ժպտալով այս ու այն կողմ է վազում: Ժպտում է, որովհետեւ դեռ չի գիտակցում, որ իրենց ծանր վիճակի պատճառով գուցե ինքն էլ դպրոց չգնա, ու նաեւ չի գիտակցում, որ մայրն օրերով քաղցած է մնում, որ 6 երեխաների կերակուրը բավականացնի: Հարցնում եմ՝ «Իսկ երեխաների հայրն ո՞ւր է»: Այս հարցը տիկին Սրբուհուն բորբոքում է, ավելի ճիշտ` կատաղության է հասցնում: «Մի հարցրու, Լիլիթ ջան: Էս փոքրով հղի էի, մեզ թողեց, գնաց Ռուսաստան ու հետքն էլ կորցրեց: Իբր գնաց աշխատելու, որ երեխեքին նայի, բայց գնաց ու սաղիս լքեց: Ոչ հասցե թողեց, ոչ համար: Իրա բարեկամներից հարցնում եմ, ուզում եմ կապվեմ, ասեմ` երեխեքդ վատ վիճակում են, բայց չեն տալիս, ասում են` չունենք»,- պատմում է նա ու խնդրում ամուսնու մասին թեման եզրափակել: Բազմազավակ մայրն ասում է՝ ում դիմում է, որ օգնեն, ասում են՝ քո համար երեխա ես բերել, մեզանի՞ց ես օգնություն ուզում: «Թաղապետ Մարտին Սարգսյանին անձամբ մոտեցել եմ, ասում եմ՝ երեխեքս վատ վիճակում են, ասում ա՝ հլը որ էդ սենյակն էլ տվել ենք` հոժար եղեք: Ասում եմ՝ պրն Սարգսյան, խնդրում եմ, աղաչում եմ, եկեք իմ հարմարություններին ծանոթացեք: Խնդրեցի, ասեցի` մեր կողքի զիբիլանոցը տվեք, մաքրենք, կպցնենք էս սենյակին, երեխեքս մեծանում են, հնարավոր չի, շատ վատ պայմաններում ենք ապրում: Ասում ա՝ հերիք չի ապօրինի զբաղեցրել եք էդ սենյակը, մի հատ էլ էդ ե՞ս ուզում: Նույնիսկ օրդեր չի տալիս: Իսկ ընտրության ժամանակ գլուխ էր ջարդում, ասում էր՝ արի 5000 դրամ տանք, սենց արա: Ես փողի գերի չեմ, ընդամենն ուզում եմ իմ երեխեքի պայմանները բարելավեմ: Ամեն օր ասում են, որ ազգը փոքրանում ա, երեխեք չեն ծնվում, բայց իմ նման հո հիմար չե՞ն, որ տենց ռիսկի գնան: Խի մարդիկ չգիտե՞ն` ինչ երկրում են ապրում, որ երեխա էլ ունենան»,- պատմում է 12 տարի տեխնիկումի վթարային շենքում ապրող, կողքի աղբանոցի մասին երազող կինը: Տեխնիկումի շենքում զուգարանն ընդհանուր է, որը գտնվում է միջանցքի ծայրում: Տիկին Սրբուհին ասում է, որ օրեր առաջ աղջիկը՝ Մարինեն, գիշերը լապտերով շուրջը լուսավորելով եղբորը տարել է զուգարան: «Մեկ էլ գիշերվա հազարին երեխու ղժոցը շենքով մեկ լսեցի: Նենց էր վախեցել, որ լեզուն կապ էր ընկել, դողում էր վախից: Մթության մեջ եսիմ ինչ էր երեւացել` վախից ձենը գցել էր»: Հարցնում եմ՝ «Աշխատո՞ւմ եք, ինչո՞վ եք երեխաներին պահում»: «Ես թասիբի մեռած կին եմ: Ուրիշի տներն եմ մաքրում, ուրիշի կեղտոտ շորերն եմ լվանում, ամառը բուրդ ենք բերում, ուրիշի խալիներն ենք լվանում: Լիլիթ ջան, երեխեքիս պառկացնում, քնացնում եմ ու ամբողջ գիշեր նստում լաց եմ լինում: Էլ ներվերս չի դիմանում, էլ քնել էլ չեմ կարում: Արի՛, մի ամաչի, արի, ես ցույց տամ, թե երեխեքս որտեղ են քնում, խնդրեմ, փետերից սարքած տախտակ, վրեն հին ավտոների սիդելնիկները ու վրեն էլ` իմ երեխեքն իրար գրկում, քնում են: Արի առաջ, վատ մի զգա, ազդվո՞ւմ ես, ազդվի, ոչինչ, իմ երեխեքն էլ են ազդվում: Ինձ մեղավոր եմ զգում, ասում եմ՝ էս երեխեքի մեղավորությունը ո՞րն ա, որ ես իրանց լույս աշխարհ եմ բերել»,- տիկին Սրբուհին արդեն թշնամաբար ստիպում է, որ ամեն մի մանրուքին ծանոթանամ: Այնքան նյարդային է դառնում, որ լաց լինելով գրեթե ինձ հրում է, որ աչքովս ամեն ինչ տեսնեմ, ու հունից դուրս եկած կինն անկառավարելի է դառնում, թվում է՝ ուր որ է` ինձ դուրս կշպրտի:

«Ես պիտի ուժեղ լինեմ, որ ինձ հարգեն»

Ներս է մտնում ատլետիկ կազմվածքով մի երեխա ու բարեհամբույր հայացքով զարմացած նայում է մեկ մորը, մեկ ինձ: «Էս իմ Արայիկն ա»,- վրդովմունքն անմիջապես փոխարինելով քնքշանքով` ներկայացնում է տիկին Սրբուհին: Որպես մայր` նա Արայիկով շատ է հպարտանում, որովհետեւ ԱԺ նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ ՀՀ վարչապես Անդրանիկ Մարգարյանի ստորագրությամբ Արայիկը պատվոգիր եւ հավաստագիր է ստացել: 12 տարեկան Արայիկը գնում էր սպորտդպրոց եւ կարատե մարզաձեւում լուրջ հաջողությունների է հասել: Նա փողոցներից, աղբանոցներից երկաթ հավաքելով եւ հանձնելով` 3000 դրամ էր ձեռք բերում եւ վճարում էր սպորտդպրոցում պահանջվող ամսական գումարը: «2003 թվին, ԱԺ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում ես հաղթող ճանաչվեցի: Անդրանիկ Մարգարյանը ձեռքս սեղմեց ու ինձ մեդալ, մեկ էլ պատվոգիր տվեց: Ասեց՝ ցանկանում եմ, որ շատ բարձունքների հասնես: Մի ուրիշ մրցման ժամանակ ես էլի հաղթող ճանաչվեցի, Սերգո Երիցյանն Արթուր Բաղդասարյանի ստորագրությամբ հավաստագիր տվեց»,- պատմում է Արայիկն ու խնամքով պահած պատվոգրերը ցույց տալիս: «Մրցման ժամանակ մի մեծ մարդ նայում էր Արայիկին ու չգիտեր, որ իրա մաման ես եմ: Ասեց՝ երնեկ էս երեխու տիրոջը, ինչ լավ մարզված ա, սա լավ հաջողություններ կունենա: Դեմքս թեքեցի, աչքերս լցվեց, մտածեցի, որ տեր ունենար` աշխարհում հայտնի մարդ կդառնար»,- պատմում է տիկին Սրբուհին ու վկայում, որ Արայիկը բանվորություն անելով 12 կգ-անոց պարկեր է բարձրացնում 6-7-րդ հարկ, որ 200 դրամ աշխատի: Նա այլեւս չի գնում պարապմունքների, որովհետեւ «բուտի» չունի եւ վարձն էլ չեն կարողանում վճարել: Հարցնում եմ՝ «Ափսոս, որ էլ չես մարզվում: Կուզեի՞ր նորից գնալ սպորտի»: Ասում է՝ «Հա՛, էդ ինձ շատ պետք ա: Ես պիտի ուժեղ լինեմ, որ ինձ հարգեն: Ինձ ծաղրում են: Ով որ ինձ ծաղրի, ծիծաղի, պիտի ուժս ցույց տամ»:

Նրանց սենյակում ցուրտ է: Հարցնում եմ՝ «Ձմռանն ինչպե՞ս եք սենյակը տաքացնում»: Տիկին Սրբուհին պատասխանում է՝ «Փեչ ենք վառում: Երեխեքն ընկնում են խանութներից կարդոններ են հավաքում, հին կոշիկ, ռեզին են գտնում, վառում ենք, թե չէ կսառցակալենք, ուրիշ ճար չունենք: Էնքան որ, երեխեքս ցրտից ապահով լինեն: 37.000 նպաստ եմ ստանում ու 6 երեխա եմ պահում: Անգամ փոքրիս ծննդաբերելուց հիվանդանոցից գալուց տակաշոր չկար, որ փաթաթեի, բերեի: Երեխեքիս արեւ, հարեւաններիցս մեկը իրա բարեկամներից մեկին, որը փոքր երեխա ուներ, խնդրել ա, հին տակաշոր ա վերցրել-բերել, երեխուս փաթաթել-բերել ենք տուն: Դպրոցում որ մի բանի համար փող են հավաքում, երեխեքս ընկնում, փողոցներից երկաթ են հանձնում, որ տանեն, իրանք էլ տան, հետ չմնան: Մարինեն, դե՛, աղջիկ երեխա ա, քաշվում ա, հետս գալիս ա ուրիշի տները մաքրելու: Ստիպված իրիկունը, մթով ենք գնում, որ իրան տեսնող չլինի: Հայաթում ծաղրում են, երեխեն շատ ա նեղվում»,- պատմում է Սրբուհին ու վկայում, որ հարեւանները երեխաներին պահելու հարցում իրեն շատ են օգնում, այլապես չէր կարող ուրիշների տները մաքրել:

«Ես որոշել եմ իմ 6 երեխաներին հավաքեմ ու գնամ դեսպանատներից մեկի շենքի մոտ նստեմ: Կասեմ` Հայաստանի Հանրապետությունում ես եւ իմ երեխաները տեղ չունենք, մեզ ուղարկեք ուրիշ երկիր»: