Երեւանի մի քանի փողոցներ «Լինսի» հիմնադրամի ծրագրով պետք է վերանորոգվեն: Քաղաքի համար կարեւոր նշանակության մի քանի փողոցներ արդեն որքան ժամանակ է` փորված են, սակայն աշխատանքները կանգ են առել: Այդ իսկ պատճառով վերջին 1-2 ամիսներին Երեւանում ճանապարհատրանսպորտային մեծ խցանումներ են լինում: Փողոցների վերանորոգման այդ աշխատանքները ընդհատվել են «Լինսի» հիմնադրամից դրամական միջոցների ուշացման պատճառով: Կարծիք կա նաեւ, թե այդ աշխատանքների ընդհատման եւ դրամական միջոցների ուշացման պատճառը «ամերիկյան երկարատեւ թղթարարությունն է»: Բուն պատճառը դեռեւս հայտնի չէ, բայց այս ձգձգումներն արդեն տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս: Իսկ օրերս տեղեկացանք, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն գովասանքի նամակ է ուղարկել «Լինսի» հիմնադրամի ղեկավար Քըրք Քըրքորյանին` վերջերս Լիբանանի հայկական դպրոցներին 4,5 մլն դոլարի նվիրատվություն անելու համար: Կաթողիկոսը հավաստիացրել է, որ այդ նվիրատվությունը Լիբանանի հայկական համայնքի համար նոր կյանքի սկիզբ է, քանզի Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում լիբանանահայ համայնքը տնտեսական մեծ դժվարություններ է կրել: