«Նռան հատիկ» մանկապատանեկան փառատոնն արդեն վեցերորդ անգամ է անցկացվում: Նոյեմբերի 20-30-ը Համազգային թատրոնի բեմում իրենց ներկայացումները կցուցադրեն Հայաստանի տարբեր մարզերի ու Լեռնային Ղարաբաղի մանկապատանեկան թատերախմբերը: Այս տարի «Նռան հատիկի» առաջին փուլն անցկացվել է մարզերում, ապա լավագույն 15 ներկայացումները հրավիրվել են Երեւան: Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանը նշեց, որ այս փառատոնը կայացել է կազմակերպիչների համառության ու սիրո շնորհիվ. «Ես ուրախ եմ, որ փառատոնի ընթացքին միացավ նաեւ պետությունը»: Մշակույթի նախարարությունը փառատոնի անցկացման համար 2 մլն դրամ է հատկացրել: Փառատոնը չունի մրցութային ծրագիր, նրա նպատակը երեխաներին թատրոնի աշխարհի հետ ծանոթացնելն է ու ճաշակով հանդիսատես դաստիարակելը: «Նռան հատիկի» գաղափարը «Նախաբեմ» կրթամշակութային միությանն է, որի պատվավոր նախագահն է սիրված դերասան Երվանդ Մանարյանը: Մայրաքաղաքից հեռու թատրոն ստեղծելն ու պահելն այսօր բարդ խնդիր է: Դա այսօր իրականացվում է նվիրյալ մարդկանց մերկ էնտուզիազմի շնորհիվ: Եվ այդ էնտուզիաստների համար ամենաբարձր պարգեւը դառնում են ժամանցային վայրերից զուրկ ու արվեստից հեռու գտնվող երեխաների շնորհակալ ժպիտները: Փառատոնին ներկայացված թատերախմբերից մեկի ղեկավար, դերասան Արմեն Սանթրոսյանը նշեց, որ իրենց գործը երբեք չի կորչի եւ անպայման հետագայում պետք կգա երեխաներին: «Այսօրվա երիտասարդներին ոչնչով չես զարմացնի, միայն չարի ու բարու պայքարը նրանց ներկայացնել պետք չէ, նրանք շատ լավ կարող են հասկանալ եւ Շեքսպիրին, եւ Մոլիերին»,- ասաց նա: Թատրոնի բեմ բարձրացող երեխաները երբեք չեն մոռանա իրենց այդ փորձը, նույնիսկ, եթե բոլորովին այլ մասնագիտություն ընտրեն ու մոռանան իրենց պատանեկության թատրոնը: Սակայն, «Նռան հատիկը», մանկական տարբեր թատերախմբերին միմյանց ծանոթացնելուց ու ներկայացնելուց բացի, կարող է ավելի մեծ դեր խաղալ, եթե փորձեն թատերական այդ տոնը որեւէ մի մարզկենտրոն տեղափոխել: Երեւանյան հանդիսատեսի համար «Նռան հատիկը» դժվար թե հայտնություններով լի փառատոն դառնա, իսկ Արմավիրում կամ Մեծամորում այն հաստատ ավելի ջերմ ու շնորհակալ կընդունվի: Փառատոնի հետագա զարգացումների ու մանկական թատրոնների խնդիրների մասին մենք զրուցեցինք Երեւանի Պուշկինի անվան դպրոցի «Անվերջ թատերական կղզի» մնջախաղի թատրոն-ստուդիայի ղեկավար Գեորգի Խոջոյանի հետ, ում բեմադրած «Ենգիբարովի զավակները» մնջախաղ-ներկայացումը կցուցադրվի փառատոնի բացման օրը:
– Թատրոնն արվեստը պրոպագանդելու ամենալավ միջոցն է: Մեզ նման կոմպլեքսավորված ժողովուրդները միշտ դերասանական վարպետության կարիք են ունեցել: Բոլոր մարդիկ, նույնիսկ պրեզիդենտները, պետք է դերասանական վարպետություն ուսումնասիրեն: Եվ եթե մեզ դուր է գալիս, ասենք, Պուտինը, ապա դա տեղի է ունենում ոչ թե այն պատճառով, որ նա խելացի է, այլ` որովհետեւ նա կարողացել է լավ կերպար ստեղծել: Իսկ Սահակաշվիլին, օրինակ, այլանդակ կերպար է ստեղծել: Կամ էլ վատ ռեժիսոր է ունեցել…
– Ինչպե՞ս որոշեցիք «Նռան հատիկը» մարզերում անցկացնել:
– Հինգ տարի է, ինչ «Նռան հատիկը» գոյություն ունի, եւ հինգ տարի է` ես պնդում եմ, որ այն պետք չէ Երեւանում անցկացնել: Մենք փորձեցինք ինքներս գնալ մարզեր ու տեղում տեսնել թատրոնների առաջարկած ներկայացումները: Իսկ այս տարի մենք եւս մի քայլ արեցինք ու երեւանյան թատրոնները տարանք մարզեր: Համոզված եմ, որ փառատոնը չպետք է միայն արդյունքների ցուցադրում լինի ու չպետք է տեւի մեկ շաբաթ կամ տասն օր, այլ` պետք է ողջ տարվա ընթացքում կարողանա կապ ստեղծել բոլոր մարզերի ու Երեւանի միջեւ: Հիմա շատ թատերախմբեր Երեւան են գալիս, որպես էքսկուրսիայի վայր, իսկ դա լուրջ զարգացման չի բերի: Որեւէ մի մարզի թատրոն կարող է մեկ կամ երկու օրով Երեւան գալ, ցույց տալ իր ներկայացումը, շփվել Երեւանի հանդիսատեսի հետ` իմանալով, որ հաջորդ ամիս իրենք պետք է հյուր ընդունեն: Այդպես ավելի արդյունավետ կլինի ու ավելի հեշտ կկազմակերպվի: Եվ համոզված եմ, որ ավելի լավ արդյունք կտա:
– Դուք երկար տարիներ երեխաների հետ եք աշխատում: Դժվար չէ՞:
– Երեխաների հետ աշխատել պետք չէ, նրանց հետ ընկերություն անել է պետք: Չի կարելի ձեւացնել, որ դու խելացի մեծահասակ ես, իսկ նրանք միայն երեխաներ են, որոնք պետք է առանց առարկության քո ասածներն անեն: «Բալիկներ, հիմա մենք այս բանն ենք անելու» ասելը պետք է բացառել, «Բալիկ ջան» արտահայտությունը կոտրում ու փչացնում է երեխային: Դու կարող ես շահել՝ երեխայի հետ հավասարի պես զրուցելով միայն: Մեր ստուդիայում եւ վեճերը, եւ կոնֆլիկտները շատ լուրջ ու «մեծավարի» են լինում եւ «մեծավարի» լուծումներ են ստանում: Մենք հիմա մեր խաղացանկում ութ ներկայացում ունենք: Մնջախաղն ամենաբարդ արվեստի ճյուղերից է, եւ մնջախաղի դերասան դառնալու շնորհը ոչ բոլորին է տրված: Դա մեծ լարում պահանջող աշխատանք է, այստեղ ամեն ինչն է կարեւոր` ժեստը, շարժումը, հայացքը: Դա շատ ավելի դժվար գործ է, քան դրամատիկ դերասանի աշխատանքը: Մնջախաղում առաջնային ու երկրորդական դերեր չկան, բոլոր դերերը կարեւոր են եւ բոլոր դերասանները պետք է շատ պատրաստված լինեն:
– Չե՞ք ափսոսում, որ ձեր ստուդիայի դերասանները հետագայում դերասան չեն դառնում:
– Ընդհակառակը, ես բոլորին կոչ եմ անում մասնագիտություն ձեռք բերել: Եթե սիրեցիր թատրոնը` շարունակիր, բայց դա պարտադրանք չէ: Շատ երիտասարդներ դպրոցն ավարտելուց եւ տարբեր բուհեր ընդունվելուց հետո էլ շարունակում են խաղալ մեր թատրոնում: Այստեղ նրանք իրենց լավ են զգում, նույնիսկ պրոֆեսիոնալ թատրոնների առաջարկներն են մերժում:
– Իսկ պրոֆեսիոնալ թատրոնների հետ համագործակցո՞ւմ եք:
– Մենք համագործակցում էինք Ժիրայր Դադասյանի ղեկավարած Մնջախաղի թատրոնի հետ, երբ նրանց իրենց շենքից դեռ չէին վռնդել: Ժիրայրը շաբաթը երկու օր իրենց բեմը մեզ էր տրամադրում, դա շատ մեծ օգնություն էր մեզ համար: Թատերական ինստիտուտի բեմն ուղղակի հիանալի էր, կարծես հատուկ մնջախաղի համար ստեղծված լիներ, այն փոքր էր ու շատ հարմարավետ: Հիմա շատ լավ հարաբերություններ ունենք Տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, որը հաճախ է մեզ դահլիճ տրամադրում:
– Դպրոցին կից աշխատելը խանգարո՞ւմ է զարգացմանն ու ճանաչմանը:
– Իհարկե, բայց ավելի է խանգարում բեմի բացակայությունը: Մենք, արդեն մի քանի տարի է, ինչ գոյություն ունենք, բայց դպրոցում առաջին անգամ ներկայացում խաղացինք մեկ ամիս առաջ, այն էլ՝ ոչ թե բեմի վրա, այլ` դպրոցի բակում, աստիճաններին: Դպրոցի դահլիճը թատրոնի համար չէ, այն դեռ սովետական ժամանակներում է կառուցվել` նիստերի համար: Ընդհանրապես մանկական թատրոնի զարգացման համար լավ կլիներ մի որեւէ բազային դահլիճ ստեղծել, որը կօգտագործեն քաղաքի բոլոր թատերախմբերը: Դահլիճը վարձակալելու, տոմսեր վաճառելու մասին մտածելը շատ ժամանակ ու գումար է պահանջում:
– Իսկ «Նռան հատիկը» կարո՞ղ է երեւույթ դառնալ, թե՞ պարզապես ամեն տարի անցկացվող հերթական ստուգայցի կնմանվի:
– Փառատոն ստեղծելն անիմաստ է, եթե այն որակական աճ չի ունենալու: Վաղ թե ուշ «Նռան հատիկը» պետք է միջազգային դառնա: Գյուղերի ակումբներից խմբեր բերելն ու նրանց իրար հետ ծանոթացնելը միակ նպատակը լինել չի կարող: Փառատոնը պետք է նաեւ կրթող ու ուսուցանող լինի: Հենց այսօր էլ կարելի է Իտալիայից ու Լեհաստանից խմբեր հրավիրել ու հնարավորություն տալ նրանց սեփական ծրագրերով Հայաստանով մեկ շրջել: Փառատոնի ապագան դրանում եմ տեսնում: Իսկ գյուղերից խմբեր բերելով ու նրանց ամեն մի ցուցադրած ներկայացումը ծափերով ընդունելով՝ մենք չենք աճի: Երեխաներին գովելով մենք պետք է նաեւ թատրոնների ղեկավարների հետ զրուցենք: Երեխաներին բեմը տալու հետ մեկտեղ պետք է նրանց համար օրգանական պայմաններ ստեղծել: Երեխան կարող է ամեն ինչում հետեւել ռեժիսորի ասածին, ենթարկվել նրա կամքին, բայց դա նրա համար բնական չի լինի: Լավ խաղալը երեխայի համար բնական լինելն է: Չէ՞ որ, մեր նպատակը երեխային «բացելն» է:
– Դպրոցում, թեկուզեւ էքսպերիմենտի տեսքով, թատրոնի մասին պատմող դասաժամեր ստեղծելու մասին չե՞ք մտածում: Նման դասերը հաստատ կօգնեն գրականության միապաղաղ դասերն ավելի լավ մատուցելուն:
– Դա իմ երազանքներից մեկն է: Թատրոնը սինթետիկ արվեստ է ու թատրոնի շնորհիվ կարելի է ոչ միայն գրականությունը, այլեւ` նկարչությունն ու երաժշտությունն ավելի հետաքրքիր մատուցել: Մեր ստուդիայի դռները բոլորի առաջ բաց են, մենք հաճախ ենք զրուցում երեխաների հետ, տարբեր մասնագետների ենք հրավիրում, ներկայացումներ, պոեզիայի երեկոներ ենք կազմակերպում, բայց այդ բոլորը հասարակական հիմունքներով ենք անում:
Գրականություն դասավանդելը միայն գրականությունը բացատրել չէ, պետք է կարողանալ երեխայի հետ քննարկել կարդացածը: Պետք է կարողանալ երեխայի կարծիքը հաշվի առնել: Դասի ժամանակ խոսելով, ասենք, Շեքսպիրի պիեսների մասին, կարելի է շատ ավելի մեծ բան տալ երեխաներին, քան ստիպելով կարդալ:
– Շատերը հոգնած տեսքով հոգնած բառեր են ասում:
– Հիմա կան այնպիսի ուսուցիչներ, որոնց դասերից ուղղակի պետք է փախչել: Մեր երեխաները քիչ են կարդում, եւ դա նրանց մեղքը չէ, նրանց մեջ հետաքրքրության կայծ չեն վառում: Ընդ որում, այդպես է ոչ միայն դպրոցում, այլեւ` բուհերում: «Բարեւ ձեզ, երեխաներ, բացեք հաջորդ էջը» ասելով` նրան չես հետաքրքրի: Ընդհանրապես, եթե երեխան` սովորելով դպրոցում, չի զբաղվում գիտությամբ, արվեստով ու սպորտով, նա սխալ է զարգանում: Այդ երեք կոմպոնենտներից մեկի բացակայությունն արդեն իսկ երեխային թերի է դարձնում: Սպորտը շատ կարեւոր բան է տալիս, սովորեցնում է «դադար պահել»: Մինչ հարված հասցնելը սպորտսմենները մի պահ հապաղում են, մտքում ապագա շարժումն են պատկերացնում: Նույնն էլ թատրոնում է, որտեղ երբեք շտապել չի կարելի: Չի կարելի շտապել ու անել այն շարժումը, որը դեռ չի հասունացել, չի կարելի ասել այն խոսքերը, որոնց ժամանակը դեռ չի եկել, ու, եթե մի պահ մտածեիր` ապա չէիր ասի դրանք:
– Նույն կերպ էլ կյանքո՞ւմ է:
– Ճիշտ նույն կերպ է: Դադար «պահիր», մտածիր եւ հետո միայն ասա: Դա այն դասն է, որը թատրոնը տալիս է կյանքին: