Հայաստանում օր օրի շատացող գիտության թեկնածուներն արդեն անհանգստացնում են այն մարդկանց, ովքեր լրջորեն զբաղվում են գիտությամբ։ 5000 դոլարով կոչում գնած ու բանակից խուսափող «թեկնածուներն» արժեզրկում են այս կոչումը ու նպաստում, որ գիտությունը հայտնվի հոգեվարքի մեջ։
ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը երեկ լրագրողներին ներկայացրեց ՀՀ Ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգը, որը, ըստ փոխնախարարի, հնարավորություն կտա քննություններն անցկացնել օբյեկտիվ։ Նոր կարգի համաձայն՝ այսուհետեւ անգլերեն լեզվի ստուգարքն անցկացվելու է TOEFL ծրագրով, գերմաներենը՝ Test Daf-ով, ֆրանսերենը՝ TCF-ով։ Քանի որ սա նորություն է, ասպիրանտուրայի հավանական դիմորդների համար կկազմակերպվեն 1-ամսյա դասընթացներ՝ 50 ժամ ծանրաբեռնվածությամբ։ «Նման ծրագիր է կազմված նաեւ համակարգչային հմտությունը ստուգելու համար, որի դասընթացներն ու ստուգարքները կկազմակերպվեն ԵՊՀ-ի, ՀՊՃ-ի եւ ԳԱԱ-ի համակարգչային կենտրոններում։ Իսկ օտար լեզուների քննություններն ու դասընթացները կկազմակերպվեն Irex կազմակերպության եւ ՀՀ-ում ամերիկյան համալսարանի (անգլերեն), DAAD կազմակերպության (գերմաներեն) եւ Alliance Francaise կազմակերպության (ֆրանսերեն) օգնությամբ»,- ասաց Ա. Ավետիսյանը։
Ըստ նախարարի՝ պետությունն ընդառաջելու է ասպիրանտուրայի հավանական դիմորդներին՝ վճարելով դասընթացների վարձը։ Անգլերենի ուսուցման վարձավճարը մեկ հոգու համար 45.000 դրամ է, գերմաներենի եւ ֆրանսերենի դեպքում՝ 35.000 դրամ։ Ի դեպ, առաջին անգամ քննությունից կտրվելու դեպքում դիմորդը կարող է էլի փորձել, սակայն հաջորդ անգամների համար պետությունն այլեւս չի վճարելու։ «Այս երկու ստուգարք-քննությունները կանցկացվեն մինչեւ ասպիրանտուրա գործեր հանձնելը»,- ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, որ ներկայումս բուհերում ծանոթանում են նոր կարգերի հետ, իսկ հավանական դիմորդներն արդեն ցուցակագրվում են դասընթացներին մասնակցելու համար։
Ինչ վերաբերում է անցողիկ շեմերին, ապա տարբեր մասնագիտական խմբերի համար դրանք տարբեր են։ Օրինակ՝ ֆրանսերենի 700 միավորանոց համակարգում բնագետների համար շեմ է սահմանված 200 միավորը, հասարակագետների համար՝ 300, իսկ բանասերների համար՝ 400 միավորը։ Գերմաներենի 160 միավորանոց սանդղակում 60 միավոր նվազագույն շեմ է սահմանված բնագետների համար, 80 միավոր՝ հասարակագետների եւ 100՝ բանասերների համար։ Անգլերենի 120 միավորանոց համակարգում բնագետները պետք է ապահովեն նվազագույնը 55 միավորը, 61 միավոր՝ հասարակագետները եւ 80՝ բանասերները։ Ինչ վերաբերում է ինֆորմատիկային, ապա այստեղ հետեւյալ շեմերն են. 100 միավորային համակարգում՝ նվազագույն 35 միավոր՝ բնագետների, 25 միավոր՝ հասարակագետների եւ 10 միավոր՝ բանասերների համար։
«Սա արվում է այն բանի համար, որ առանց օտար լեզվի եւ համակարգչի իմացության մարդիկ չմտածեն ասպիրանտուրա դիմելու մասին, որպեսզի պատահական մարդիկ չհայտնվեն այստեղ։ Կոռուպցիոն ռիսկերը թուլանան»,- ասաց փոխնախարարը։ Իսկ պատահական մարդիկ, ինչ խոսք, ասպիրանտուրայում կան ու շատ են։ Բանակից խուսափելու ավելի լավ միջոց դեռեւս չի ստեղծվել։ Ասպիրանտուրան դարձել է տղաների մենաշնորհը։ «Աղջիկների եւ տղաների միջեւ տարբերություն չի լինելու։ Մեզ անհրաժեշտ է գիտությունը համալրել անհրաժեշտ կադրերով։ Եթե շարունակենք սուբյեկտիվ քննություններ անցկացնել, գիտություն չենք ունենա»,- պնդեց Ա. Ավետիսյանը։ Մեկ այլ հարց է՝ արդյոք այսօր բուհը տալի՞ս է այնքան գիտելիք, որ դիմորդը կարողանա հանձնել վերոնշյալ քննությունները։ «Նոր կարգը կնպաստի, որպեսզի եւ՛ ամբիոները, եւ՛ ուսանողները ժամանակին իրենց ընձեռված հնարավորությունն օգտագործեն եւ անհրաժեշտ մակարդակով պատրաստվեն»,- ասաց նա։ Կարեւոր է նաեւ այն, որ այսօր ՀՀ-ում գիտական կոչում ունեցող մարդիկ չեն կարողանում մասնակցել արտերկրյա շատ ու շատ ծրագրերի։ Բանն այն է, որ դրսում ոչ ոք չի հասկանում՝ ինչ է նշանակում՝ գիտության թեկնածու։ Ըստ Ա. Ավետիսյանի՝ այս առումով նույնպես բարեփոխումներ են կատարվելու եւ համընթեռնելի են դարձվելու աշխարհում գործող PHD կամ դրան հավասար գիտական աստիճանի շնորհմամբ։ «Ոչ թե անունները պետք է հասկանան, այլ ամբողջ կառուցվածքը պետք է համադրելի լինի։ Փիլիսոփայական գիտությունների դոկտո՞ր, թե՞ թեկնածու, ո՞րն է ավելի ընդունելի, եթե դոկտորը, ուրեմն ասենք` դոկտոր»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նախկինում թեկնածուական պաշտպանածներին, ապա այս հարցը դեռ քննարկման փուլում է, ինչպես նաեւ այն, որ ասպիրանտուրա ասածն ապագայում կարող է վերանվանվել եւ կոչվել այլ կերպ։