Ինչպես հայտնի է, այս ամռանը չոր եղանակների պատճառով հանրապետությունում, մասնավորապես` մայրաքաղաք Ստեփանակերտում ջրամատակարարման առումով լուրջ խնդիրներ են ծագել: Ստեփանակերտի որոշ թաղամասեր ջուր էին ստանում 7-10 օրը մեկ, ինչը բողոք էր առաջացրել: Հենց այդ օրերին էլ որոշում ընդունվեց ամենայն լրջությամբ քննարկել այդ հարցերը եւ գտնել հնարավոր լուծումներ՝ հետագայում նման խնդիրներից խուսափելու համար: Լսումներին ներկա էին ԱԺ պատգամավորներ, Ստեփանակերտի քաղաքապետը, «Ջրմուղ-կոյուղի» ընկերության տնօրենը, շրջանների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ներկաները հիմնականում կանգ առան մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրների վրա: Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը ներկայացրեց մայրաքաղաքում առկա ջրամատակարարման խնդիրները, միաժամանակ ոլորտի վիճակը գնահատելով ոչ բավարար: Նա հայտնեց այն կարծիքը, որ ջրի պաշարների խնդիր չկա. «մայրաքաղաք մտնող 180 լ/վ ջուրը կբավարարի բնակիչներին շուրջօրյա ջրամատակարարման համար, եթե չլինեին տարբեր պատճառներով ջրի մեծածավալ կորուստները»: Իսկ հիմնական պատճառներից մեկը, ըստ համայնքի ղեկավարի, մայրաքաղաքի ներքին ցանցի անմխիթար վիճակն է: «Մայրաքաղաքի օղակաձեւ ջրատարը, որը վերանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ, ներկայումս գտնվում է նորմալ վիճակում, սակայն այդ ջրատարից մինչեւ սպառող հասնող ջրագծերն ու խողովակները 30-35 տարվա հնություն ունեն եւ վատթար վիճակում են գտնվում»,- նշել է քաղաքապետը: Նա նաեւ նկատեց, որ հանրապետությունում ոլորտի զարգացման համար օրենսդրական դաշտը ստեղծված է եւ «ժամանակն է մտածել ազգային ծրագրի մասին»: Է.Աղաբեկյանը հիշեցրեց նաեւ, որ 2001թ., կառավարության որոշմամբ, հանրապետության տարածքում ջրակատակարարման բարելավմանն ուղղված ծրագիր է հաստատվել, սակայն մինչ օրս ոչ մի լումա չի ներդրվել այդ ուղղությամբ: Նա պատգամավորներին առաջարկեց 2007թ բյուջեում այդ ծրագիրն առանձին տողով ամրագրել եւ վերահսկել, որպեսզի այն իրականություն դառնա: Քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը փաստեց, որ համարյա մշակված է եռամյա ծրագիր, որն արժե շուրջ 601 մլն դրամ (ենթակառուցվածքների վերանորոգում եւ կառուցում, ջրատարների գերեզմանոցի տարածքից հանում եւ այլն): «Ծրագրի իրականացումը թույլ կտա առնվազն ամենօրյա 6-ժամյա ջրամատակարարում ապահովել մայրաքաղաքում»,- ասել է նա: Առաջարկը հավանության արժանացավ, եւ «Հայրենիք» խմբակցությունը խոստացավ ուսումնասիրել եւ հնարավորինս աջակցել ծրագրի իրականացմանը, ինչը եւ ակնկալում են խորհրդարանում ընդգրկված մյուս խմբակցությունից եւ պատգամավորական խմբից: «Ջրմուղ-կոյուղի» ընկերության ղեկավար Վլադիմիր Արզումանյանն էլ փաստեց, որ ջրի կորուստը մայրաքաղաքում կազմում է մոտ 70-80 տոկոս, ինչը պայմանավորված է ենթակառուցվածքների վատ վիճակով: «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանն իր հերթին առաջարկեց այս ոլորտը նույնպես մասնավորեցնել, սակայն առաջարկությանը չհամաձայնեց քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, նշելով, որ «նախ պետք է ենթակառուցվածքները վերականգնել, ոլորտը բարելավել, նոր մտածել այն մասնավորեցնելու մասին»:
Պատգամավորներից մի քանիսը նկատեցին, որ ավելի նպատակահարմար կլիներ կառավարության համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ներկա գտնվեին, որոնք էլ կտային որոշ հարցերի պատասխանները: Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը նշեց, որ նրանք նույնպես հրավիրված են եղել, եւ «պատահական չէ, որ ներկա չեն»: Իսկ Շուշիի ներկայացուցիչը հավաստիացրեց, որ քաղաքի ջրագծերը կապիտալ վերանորոգման կարիք ունեն, ինչպես նաեւ՝ խնդիրներ կան շրջանի մյուս բնակավայրերում: