Ինչպես ենք կրթում սերունդ

07/05/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Չկա մեկը, որն այսօր չբողոքի դպրոցի որակից: Քիչ չեն այն մարդիկ, ովքեր
ասում են՝ «Ինձ մնար, երեխայիս դպրոց չէի ուղարկի»: Շենքային պայմանները
վատն են, ուսուցիչները՝ կիսագրագետ, իսկ դասագրքերը՝ սարսափելի անորակ:
Ի՞նչ պետք է սովորի աշակերտը դպրոցից, եթե աշխարհագրությունն անցնում է
առանց քարտեզի, եթե մայրենի լեզվի դասագրքից անգիր է անում անտրամաբանական
բանաստեղծություններ, եթե կարդալով դասագիրքը՝ չի հասկանում, թե ինչ է
գրված:
Ո՞վ է զբաղվում դասագրքերի հսկողությամբ: «Նախարարության կողմից
հաստատվում է այն դասագրքերի ցանկը, որն օգտագործվելու է դպրոցում: Մենք
հայտարարում ենք դասագրքերի մրցույթ,- ասում է դասագրքերի շրջանառու
հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Գարեգին Գարեգինյանը: -Նախարարի
կողմից հաստատվում է մասնագիտական հանձնաժողով, որն ամփոփում է մրցույթի
արդյունքները»: Նախատեսված է դասագրքերը փոխել 4 տարին մեկ, բայց
կրթակարգի հետ կապված վերջին որոշումը, որով անցնում ենք 12-ամյա
կրթության, որոշ չափով կերկարացնի դասագրքերի փոխման ժամկետը: Ինչ
վերաբերում է դասագրքերի որակին, ապա Գ. Գարեգինյանի ասելով՝ իրենք չեն
զբաղվում տարրական դասարանների դասագրքերով, իսկ բարձր դասարանի
դասագրքերից դժգոհություններ լսում են: «4 տարին լրանալուց հետո դպրոցներ
հարցաթերթիկներ ենք ուղարկում, որտեղ ուսուցիչների կարծիքներն ենք
հարցնում: Եթե բացասական կարծիքները 70% են կազմում, դասագրքի նոր մրցույթ
ենք հայտարարում, դրականի դեպքում՝ վերահրապարակում ենք»: Այստեղ էլ
ուսուցիչներն են փորձում «գլուխը շառից հեռու պահել»: Ինձ հաջողվեց
ծանոթանալ հարցաթերթիկների որոշ մասին. մեր ուսուցիչները բողոքել սիրում
են միայն հարեւանի տանը, իսկ երբ հարց լուծելու ժամանակը գալիս է՝
նախընտրում են չեզոք դիրք գրավել: «Դասագրքից շատ դժգոհում են, բայց երբ
փաստաթուղթ ենք ներկայացնում, որ ասեն, թե հատկապես ինչից, որեւէ բան չեն
ասում»,- ասում է Գ.Գարեգինյանը: Հարցաթերթիկների մեծ մասը հենց այսպիսի
չեզոք կարծիքներով էր ողողված՝ «չգիտենք, նորմալ է, վատ չէ»: Երբ հարցնում
ես՝ բայց ինչո՞ւ, ասում են՝ «մեզ ո՞վ է լսելու, համ էլ ինչո՞ւ անունս գրեմ
այդ թղթի տակ»:
Բողոքում է աշխարհագրության ուսուցչուհին
Այսօր մեծանում է մի սերունդ, որ աշխարհագրություն սովորում է առանց
քարտեզի: Երեւանի շատ դպրոցներում աշխարհագրական քարտեզը լուրջ խնդիր է:
«Աշխարհագրությունն առանց քարտեզի համր է»,- ասում է Երեւանի դպրոցներից
մեկի աշխարհագրության ուսուցչուհին, որ փորձում է իր միջոցներով քարտեզներ
ձեռք բերել: Ուսուցչուհին նաեւ համոզված էր, որ դպրոցում ժամաքանակն ու
ծրագիրն ամենեւին չեն համապատասխանում իրար: «Իմ հաշվին լրացուցիչ ժամեր
եմ պարապում, որպեսզի կարողանամ դասն աշակերտներին բացատրել,- ասում է նա:
-Քանի որ դասագրքերն անհաջող են, ռուսական հեղինակներից եմ օգտվում,
որպեսզի ինչ-որ հետաքրքրություն մտցնեմ առարկայի մեջ»: Բացի այն, որ
քարտեզի պակաս կա, եղած քարտեզներն էլ սխալներով են: «Մենք զգուշացրել ենք
այդ մասին, բայց միայն խոստացել են ուղղել սխալները»,- ասում է
ուսուցչուհին: Նրա ասելով՝ իրեն երբեք չեն ներկայացրել բողոքների
հարցաթերթիկը, բայց ինքը համոզված է, որ դասագրքերը վատն են: «Ուսուցիչ
լինելուց բացի, նաեւ ծնող եմ: Երբեմն փորձում եմ երեխայիս հետ պարապել
կենսաբանություն: 5-րդ դասարանի կենսաբանության գիրքն այնքան խտացված է,
որ ինֆորմացիան չի ընկալվում: Քույրս բժշկական կրթություն ունի, նա է
օգնում մեզ այս հարցում»:
Ամեն ինչ սկսվում է վատ մայրենի լեզվից
Վերջին 7 տարում ՀՀ դպրոցներում գործում է երկու հիմնական այբբենարան,
որոնցից մեկի հեղինակ Լեզվագետ կենտրոնի տնօրեն, 9-րդ հրաշալիք
շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Սարգսյանի հետ զրուցեցինք:
«Դպրոցում «Այբբենարանից» հետո գործող «Մայրենի լեզու» դասագիրքը, մեղմ
ասած, վատն է: Այս դասագրքում կա 1200 սխալ, սա ապշեցուցիչ բան է: Ես մեկ
ու կես տարի ուսումնասիրել եմ այն: Նախարարից մինչեւ դպրոցների տնօրեններ
զգուշացրել եմ, բայց դեռ ոչ մի պատասխան»,- ասում է Վ. Սարգսյանը: Դպրոցի
տնօրենների հետ խոսելիս, նա լսում է նույն բողոքները: Հիմա գրել է մայրենի
լեզվի նոր դասագիրք, որն այս տարի փետրվարից կմտնի թիվ 198 դպրոց եւ
Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիր: «Սերունդ է մեծանում աղավաղված
լեզվազգացողությամբ,- ասում է Վ. Սարգսյանը:-Սերունդ, որ կարդում է ու չի
հասկանում իր կարդացածը: Միայն մեկ նախադասություն ասեմ այդ ահավոր գրքից՝
«Մեր աշխարհում կա մի ձի, ոչ ոք նրան չի մրցի»: Ի դեպ, ոչ միայն
դասագրքերում, այլեւ մանկական շատ գրքերում տարածված երեւույթ է դարձել
հանգավորված բանաստեղծություններով տառեր սովորեցնելը: Դրանցից շատերը
լավագույն դեպքում իմաստազուրկ են, վատագույն դեպքում՝ կոպիտ սխալներով:
Օրերս ձեռքս ընկավ մի «Զվարճալի այբ ու բեն» (հեղինակ Մերուժան
Հարությունյան), որտեղ յուրաքանչյուր տառի համար հորինված
բանաստեղծությունը գուցե զվարճալի էր այդ պահին կարդացողի համար, բայց շատ
աղետալի հետեւանքներով՝ երեխայի համար: Մի քանի օրինակ գրքից՝ Լ տառը.
«Լակո՛տ,- ասաց լուն լվին, էլի լեզվիդ զո՞ռ տվիր: Ուլը լսեց՝ գռմռաց,
ցուլը լսեց՝ հռհռաց»:
Ծ տառը՝ «Ծիտն արծվին ասաց,- ծի՛տ, կտցով խփե՞մ ծոծրակիդ: Արծիվն ասաց,- ծո՞ւռ ես, ծի՛տ, կծրտեմ հենց կտուցիդ»:
Ֆ տառը՝ «Օձն իր կնոջն ասաց,- լա՜վ, «ֆը՞շշ» ասեմ քեզ, թե՞ «հաֆ-հաֆ»
-«Հաֆ-հաֆ» ասա, սիրելիս, տեսել եմ քեզ ֆշշալիս»:
Ովքե՞ր են վատ դասագրքերի հեղինակները
«Ինչպիսի հեղինակներ ունենք, այնպիսի դասագրքեր էլ տպում ենք»,- եթե
նույնիսկ ոչ բարձրաձայն, ապա գոնե կիսաձայն այսպես են արտահայտվում ԿԳՆ
աշխատողները: Իսկ հեղինակները պնդում են, թե «Մեր երկրում ամեն խնդիր
ծանոթության ու էժանության միջոցով է լուծվում»: Ըստ Վ. Սարգսյանի՝
«Մրցութային համակարգը ձեւական է: Բովանդակային մրցություն չի լինում,
հիմնվում են էժանության վրա»: Գ. Գարեգինյանն ի պատասխան սրան ասաց. «Մեզ
անհրաժեշտ է, որ դասագիրքը համապատասխանի ծրագրին, լինի որակով ու
ամենաէժանը: Իսկ թե որ հեղինակն է հաղթում, որը ոչ՝ մեր խնդիրը չէ, մենք
միայն իրականացնողն ենք, ընտրում է հանձնաժողովը»: Թեպետ դասագրքերի
մրցույթին 3-5 հեղինակ է մասնակցում, բայց, որպես կանոն, մրցույթը երկու
հեղինակների միջեւ է լինում: «Եթե մրցույթում հաղթողը վատն է, ուրեմն էս
են մեր մասնագետները»,- ասում է Գ. Գարեգինյանը: Տրամաբանական է, բայց այն
դեպքում, եթե մրցույթն անցնում է արդար պայմաններում: Ըստ Վ. Սարգսյանի՝
այսօր երեխաները կարդալ չեն սիրում մեր հեղինակների պատճառով, որովհետեւ
հենց սկզբից նրանց խրտնեցնում են գրքերից: «Կարդում են եւ չեն հասկանում
իրենց կարդացածը: Հայոց լեզվի դասագիրքը վատն է, բայց չի փոխվում: 5-րդ
դասարանի հայ ժողովրդի պատմության դասագրքում մի դասի մեջ տալիս են մոտ 90
անուն՝ թռուցիկ կերպով: Այսպես աշակերտը սկսում է զզվել այդ առարկայից»:
Գ. Գարեգինյանը սրանում մեծ խնդիր չի տեսնում ու կարծում է, որ եթե երեխան
մի բան էլ հիշի 90-ից, էլի բան է: «Մենք պետք է կարողանանք հետաքրքիր
դարձնել դասագիրքը: Երեխան ծեծելով չի սովորի,- ասում է Վ. Սարգսյանը։
-Բողոքում են մաթեմատիկայի, ֆիզիկայի դասագրքերից, որոնք շատ անհասկանալի
են երեխաների համար: Ու ամենաողբերգականն այն է, որ բուհերի
ընդունելության ժամանակ երեխան կարող է իր մտքերը ճիշտ գրել, բայց
ստուգողն առաջնորդվում է դասագրքի գրվածով»: Գ. Գարեգինյանն ասում է՝ «Ես
մաթեմատիկոս եմ ու գիտեմ, որ եթե բառերը դասավորվեն հեշտ հիշվելու համար,
ապա լրիվ այլ նախադասություններ կստացվեն: Կոնկրետ մաթեմատիկայում
տրադիցիոն ձեւակերպումներ կան»:
«Տրադիցիան»` տրադիցիա, բայց ո՞ւմ է պետք այդ տրադիցիան, եթե այն չի
նպաստում գիտելիքների ձեռքբերմանը: Վատ դասագրքեր ենք ստեղծում մեր
երեխաների համար, ովքեր վաղը դառնալու են անորակ բժիշկներ, ուսուցիչներ,
քաղաքական գործիչներ եւ որոնց լսելիս չենք հասկանալու, թե ինչ են ասում: