Ո՞ւմ դեմ է բաց թողնված ջինը

18/11/2006

Օրերս դարձյալ Մոսկվայում Պուշկինսկի շրջանում երկաթուղային գծի մոտ դանակի հարվածով սպանել են 15-ամյա Նարեկ Քոչարյանին։ «Ռուսաստանի հայերի միության» տվյալներով՝ 15-ամյա տղան այդ օրն իր ռուս ընկերների հետ զբոսնելիս է եղել. «Երեկոյան 18:00-19:00-ի սահմաններում Նարեկի վրա հարձակվել են մի խումբ երիտասարդ տղաներ։ Նարեկի ընկերները փախել են։ Հանցագործները դաժան ծեծի են ենթարկել Նարեկին եւ դանակահարել մի քանի տեղից… Սպանվածի դիակի կողքին եղել է շարֆ՝ գանգի նշանով, ինչը նշանակում է, որ հանցագործները ֆաշիստական խմբավորումից են։ Նարեկի մարմինը տեղափոխվել է Հայաստան»։ Ամիսներ առաջ Երեւան այցելած մոսկվահայ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեր թղթակցի հետ զրույցում չէր ժխտել, որ ինքն էլ շատ հայերի նման անհանգստությամբ է ապրում իր հարազատ Մոսկվայում եւ ստիպված է անձնական թիկնապահ վարձել դստեր համար: Ռեժիսորը համոզված էր, որ այդ պրոցեսը գնալով անկառավարելի է դառնում. «Ռուսաստանը չի էլ պատկերացնում` ինչպիսի վտանգավոր ջին է բաց թողնում շշից: Եվ արդեն դժվար թե հնարավոր լինի կանգնեցնել նրան: Ի՞նչ կարող են անել Հայաստանի կառավարությունն ու պրեզիդենտը: …Ի՞նչ կարող է անել Հայաստանը: Չեմ ասում, թե պետք է վարտիքները հանած՝ Ռուսաստանի հետեւից վազել, պետք է սեփական հավասարակշռված քաղաքականություն ունենալ»: