«Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի նման երկրների աճն ապահովում է դրամական փոխանցումների ուժեղ հոսքը»,- ասված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի զեկույցում: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, «Ֆինէքսպերտիզա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Աղվան Միքայելյանը «Բիզնես» պարբերականին ասել է, որ Հայաստանը եւ Ուկրաինան փոխանցումների տեսքով տարեկան դրսից ստանում են 12 միլիարդ, Վրաստանը՝ 24 միլիարդ դոլար: «Այդ երկրների գրեթե ողջ աշխատունակ բնակչությունն աշխատում է Ռուսաստանում: Նրանք ոչ միայն բանվորներ են, այլեւ գործարարներ: Եվ Ռուսաստանի տնտեսական աճը մեխանիկորեն վերածվում է փողի, որը նրանք փոխանցում են իրենց երկրներ եւ այնտեղ ծախսում»,- ասել է Միքայելյանը: Մինչդեռ Եվրոբանկի գլխավոր տնտեսագետ Էրիկ Բերգլոֆը «RBK daily» թերթին ասել է, թե Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի աճը, բացի դրամական փոխանցումներից, ապահովվում է նաեւ «հումքային արտադրանքի՝ մետաղների, գյուղատնտեսական արտադրանքի եւ բորսային այլ ապրանքների գների աճի շնորհիվ»: «Այդ երկրների աճը մեծապես պայմանավորված է նաեւ ներքին սպառման աճող մակարդակով»,- ասել է Բերգլոֆը:
Ռ.Թ.