– Պրն Բագրատյան, տարիներ առաջ իշխանափոխության առիթ դարձած Լեռնային Ղարաբաղի խնդիրն այսօր կարծեք թե մի տեսակ հետին պլան է մղվել: Եվ ընտրությունների պատրաստվող քաղաքական ուժերը ԼՂ հարցի մասին գրեթե չեն հիշում: Ինչո՞վ եք սա բացատրում:
– Ամռանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան համառոտ շարադրեց ԼՂ խնդրի, այսպես կոչված, «շրջանակային» լուծման կոնցեպցիան: Եթե հիշում եք` Հայաստանի արտգործնախարարն ասաց՝ այո, եթե Ադրբեջանը դա ընդունի, մենք կընդունենք եւ մեր ժողովրդին կհամոզենք գնալ այդ լուծմանը: Պատահական չէ, որ քաղաքական կուսակցություններն այսօր գնում են ընտրությունների եւ ԼՂ հարցին չեն անդրադառնում, քանի որ ակնհայտ է, որ այդ հարցում կասկածելի է պրոգրեսը: Մի կողմից` չեն ուզում այդ կասկածը հայտնելով փչացնել հարաբերություններն իշխանությունների հետ, մյուս կողմից էլ` բնական է, չեն համարձակվում իրենք իրենց ասելիքն ասել, որովհետեւ լավ հասկանում են, որ 1998-ին ԼՂ հարցի հետ կապված եղել է իշխանափոխություն, եւ խորքում գիտակցում են, որ արդյունքում, ութ տարի անց քննարկվող փաստաթուղթը, ըստ իս, ավելի լավը չէ համեմատած 1993թ. վերջի կամ 1997թ. նախագծի հետ: Սա է խնդիրը:
– Դուք հիշատակեցիք 1993 թվականին ԼՂ խնդրի վերաբերյալ ինչ-որ նախագծի մասին: Ինչի՞ մասին է խոսքը:
– Ինձ հայտնի են ԼՂ հարցի երեք տեսակի լուծումներ։ 1993թ. աշնանը, երբ մենք արդեն հիմնական հաղթանակները տարել էինք, իսկ Ադրբեջանը շոկի մեջ էր, քանզի սպասում էր, որ միջազգային հանրությունը կտրուկ կարձագանքի հայկական ռազմական հաջողություններին (ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուներին հաջողվեց համոզել, որ նման կարգի հաղթանակներն անհրաժեշտ են զուտ ռազմաստրատեգիական պաշտպանունակության տեսակետից) ծագեց նոյեմբերյան առաջարկը: Ադրբեջանը դեռ չէր ընդունել սահմանադրությունը եւ փորձում էր մեզ հասկացնել, որ պատրաստ է կոնֆեդերացիայի ԼՂ-ի հետ: Խնդիրը նույնիսկ Մոսկվայում է քննարկվել։ Հայաստանը դա չքննարկեց` հաղթանակ տարած կողմերի համար անընդունելի համարելով: Կողմեր ասելով` նկատի ունեմ երկու հայկական կողմերին, հատկապես ԼՂՀ-ին, որովհետեւ ԼՂՀ-ն այն ժամանակ բանակցությունների կողմ էր:
– Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված նախագծերի էվոլյուցիան` սկսած Ձեր նշած 1993-ի նոյեմբերյան նախագծից:
– 1994-96-ին ամենուրեք միջազգային ատյաններում մենք սկսեցինք զգալ, որ այդ շրջանում աշխարհն ավելի շատ հակված է հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս սկզբունքը զգալիորեն գերակայում էր ինքնորոշման սկզբունքի նկատմամբ: Այնուհետեւ եղավ 1997թ. փուլային տարբերակը, որը Հայաստանում իշխանափոխության առիթ տվեց: Իշխանափոխության հիմնական լեյտմոտիվը եղել է այն, որ գրաված տարածքների զիջմանը զուգահեռ պետք է ստանալ ԼՂ-ի կարգավիճակ (այդ ժամանակվա լուծումն ասում էր` փուլ առ փուլ կլուծենք, հետո նոր ԼՂ-ն կարգավիճակ կստանա): Այնուհետեւ մենք ունեցանք Քի-Ուեսթյան, հետո էլ` այս «շրջանակային» լուծումը, որն իմ կարծիքով` հայկական կողմի համար նոր պրոգրեսիվ բան չբերեց: Սուբյեկտիվ չլինելու համար նշեմ, որ այս նոր փաստաթղթում, ըստ Մ. Բրայզայի համառոտ նկարագրության, առկա է այն, որ ԼՂ-ն պետք է իրավունք ստանա հանրաքվե անցկացնել, ըստ որում` առանց նշելու` ե՞րբ, ինչպե՞ս: Այդ հանրաքվեի ժամկետներն ու պայմանները, ըստ նույն աղբյուրի, պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ: Շատ է պրոպագանդվում, թե դա տանելու է ԼՂ-ի անկախության: Այս ուղղությամբ այնքան էլ չեմ ուզում ոգեւորված լինել, որովհետեւ դա, ըստ իս, նույն 1997-ի փուլ առ փուլ լուծումն է: Չմոռանանք, որ ի տարբերություն 1997-ի, ԼՂ-ն այստեղ բացակայում է որպես բանակցային կողմ: Եվ 1997-ին միջազգային հանրությունը շատ ավելի մեծ երաշխիքներ էր տալիս:
Ինչեւէ, խոսքիս նպատակն այն չէ, որ ապացուցեմ, թե այսօրվա տարբերակը լավն է կամ վատն է: Կարծեք թե այդ հանրաքվեն էլ ավելի շատ face saving է (դեմքը փրկելու միջոց), այսինքն` դիվանագիտական հնարք, որովհետեւ դրանից հետո տասնյակ տարիներ են անցնելու, եւ մեզ ասելու են` սպասեք` հանրաքվեն կլինի: Դա հնարավոր է: Էականն այն է, որ այսօր մենք ըստ էության ունենք փուլային, ոչ թե փաթեթային լուծում: Շրջանառվում էր «փուլափաթեթային» բառը, բայց սա ինձ ավելի շատ հիշեցնում է ինչ-որ մտավարժանքների ոլորտ, ոչ թե քաղաքականություն: Ակնհայտ է, որ ժամանակը մեր օգտին չի աշխատում: Մի քանի անգամ Հայաստանը ստիպված է եղել ստորագրել երկրների (այդ թվում` Ադրբեջանի) տարածքային ամբողջականությունը հարգող փաստաթղթեր: Իսկ Ադրբեջանը բանակցության պատրաստակամություն չի հայտնում եւ նույնիսկ գնալով ավելի շատ է հոխորտում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Այսպիսով, ակնհայտ է, որ 1993-ից ի վեր քննարկվող կարգավորման տարբերակները գնալով վատացել են։ Հարց է ծագում՝ ինչո՞ւ։
– Սակայն այսօր հայկական կողմն էլ, կարծեք թե, առանձնապես շահագրգռված չէ այդ հարցը կարգավորել:
– Կարծում եմ, որ պետք է տարբերակել շահագրգռվածության մակարդակը Հայաստանի կողմից եւ Ադրբեջանի կողմից: Ադրբեջանն իրոք օրեցօր կոշտացնում է իր դիրքորոշումը: Հայկական կողմը չի կոշտացնում, որովհետեւ հայկական կողմն օգտվում է Ադրբեջանի դիրքորոշման կոշտացման արդյունքում առաջացած ժամանակավոր դադարից: Մեր բախտը բերեց: Մենք ասում ենք` Ադրբեջանը չի ուզում, դե լավ, թեեւ հայտարարեցինք, թե եթե Ադրբեջանն ուզեր, մենք մեր ժողովրդին կհամոզեինք: Բայց ինչո՞ւմ էինք համոզելու: Այն, ինչում պետք է համոզեինք, վերջերս արտգործնախարարն ԱԺ-ում ասաց: ԱԺ-ի ռեակցիան տեսաք: Այսինքն` Ադրբեջանն ընթացիկ ժամանակի տեսակետից մեզ օգնում է, բայց մենք հո հասկանո՞ւմ ենք, որ դրա վերջը կգա: Նրանք հետաձգում են, որպեսզի ուժեղ լինելու պահին որոշակիացնեն իրենց քաղաքական դիրքորոշումը: Մենք ոչինչ չենք ուզում որոշակիացնել: Կրտսեր Ալիեւն իր քաղաքականությունը ԼՂ հարցում կառուցում է հետեւյալ պոստուլատների հիման վրա. ա) ժամանակի ընթացքում հայերը լինելու են ավելի թույլ, քան իրենք, բ) միջազգային հանրությունում իրենց ալյանսն անընդհատ ընդլայնվելու է, հայերինն անընդհատ փոքրանալու է, գ) Ղարաբաղը պետք է ստանալ` առանց լուրջ զիջումներ կատարելու Արեւմուտքին եւ Ռուսաստանին: Վերջին նախագծի վերաբերյալ, որի մասին խոսել է Մ. Բրայզան, մենք ասել ենք մեր խոսքը: Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը կոշտացնում իր դիրքորոշումը: Դիրքորոշման կոշտացումն Ադրբեջանի կողմից, այո, ընթացիկ ժամանակահատվածի համար, Հայաստանին շնչելու, դադարի հնարավորություն է տալիս, բայց է՛լ ավելի է փակում խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունը հեռանկարում, եւ մենք նմանվում ենք մարդկանց մի մեծ խմբի, որը թունելով գնում է մի կողմը, որտեղից լույս չի երեւում, եւ այն, որ մարդկանց այդ խումբը գլխավորում են մի քանի իշխանավորներ, որոնց ձեռքին փոքրիկ լապտերներ կան, ոչինչ չի նշանակում: Դա նրանց միայն օգնում է, որպեսզի միառժամանակ չսայթաքեն: Բայց թունելի ծայրի լույսը չի երեւում: Ահա սա է, որ մտահոգիչ է: Մեզ իրոք պետք է մտահոգի հետեւյալ հարցը. այդ ինչի՞ց է, որ Ադրբեջանն այդքան համարձակ է դարձել:
– Գուցե դա պայմանավորված է զուտ Ադրբեջանի տնտեսության զարգացմա՞մբ:
– Անշուշտ: Ադրբեջանի տնտեսական զարգացման թվերը տպավորիչ են: Եվ տնտեսական զարգացման մեջ ինձ ավելի շատ մտահոգում են ոչ թե բացարձակ թվերը` 30-40%-անոց աճը, որը մի քանի անգամ ավելի է Հայաստանի թվերից (մի պահ ենթադրենք, թե այդ թվերը ճիշտ են). տպավորիչը դա չէ, այլ այն, որ Ադրբեջանում տնտեսական աճին զուգընթաց, կառուցվածքային հստակ ռեֆորմներ են իրականացվում: Օրինակ` 1996-ին կենսաթոշակների մակարդակով Ադրբեջանը Հայաստանից մի երկու անգամ հետ էր մնում: Հիմա բոլոր ցուցանիշներով նա Հայաստանից առաջ է անցել: Անշուշտ Ալիեւը ելք է տեսնում, որ տնտեսական այս զարգացումը պետք է ծառայեցնի Ադրբեջանի հզորացմանն ու մի օր ուժով լուծի հարցը: Բայց այստեղ էականը դա չէ: Էականն այլ բան է. որ կրտսեր Ալիեւը հասկանում է, որ այն ժամանակահատվածը` 10 թե 15 տարի լինի, միեւնույն է` շարունակելու է աշխատել Ադրբեջանի օգտին: Ինչո՞ւ. որովհետեւ Ադրբեջանը զարգանալու է: Իսկ ի՞նչ է, Հայաստանը չի՞ զարգանալու: Հայաստանը շատ ավելի թույլ տեմպերով է զարգանալու: Հայաստանի զարգացման համար լուրջ պրոբլեմներ կան: Բայց այստեղ խնդիրը տնտեսությունն էլ չի. առայսօր Հայաստանը չի կարողացել խաղարկել այնպիսի գործոն, որպեսզի առճակատման, դիմակայման այս պատմական պրոցեսը շուռ տա իր օգտին: Համենայն դեպս, 1993-ից հետո անցած տարիները վկայում են այն մասին, որ ժամանակը մեր օգտին չի խոսում: Իմ խորին համոզմամբ` հայկական հասարակությունը պետք է որոշում կայացնի. կամ ինքը ԼՂ հարցի լուծման խնդրում գնում է լուրջ զիջումների, կամ էլ իսկապես զիջումների չի գնում, բայց նաեւ չի տանում ժամանակի ձգձգման քաղաքականություն, գործոններ է ստեղծում, ստեղծում է ինստիտուտներ: Եթե մենք այդպիսի ինստիտուտներ ստեղծեինք, ապա ադրբեջանական կողմը երեւի կշտապեր լուծման: Մենք պետք է կարողանայինք այնպիսի գործոններ ստեղծել, որոնք, Ադրբեջանի տեսակետից, կվտանգեին ԼՂ-ն ետ ստանալու նրա հնարավորությունը: ԼՂ խնդիրը միայն տնտեսությունների ու բանակների առճակատման խնդիր ներկայացնելը չէ: Իհարկե, օրինակ` բանակն այդպիսի ինստիտուտ է: Չեմ ուզում թերագնահատել այն, ինչ կատարվել է հայկական բանակում, սակայն ակնհայտ է, որ հայերը բանակն արմատականորեն հեղաշրջելու հնարավորություն չունեն: Ադրբեջանը գտնում է, որ քաղաքականապես մեկուսացնելով Հայաստանն ու տնտեսապես զարգանալով, իր` բանակը հզորացնելու հնարավորությունները մի քանի անգամ ավելի են: Գուցեեւ Թուրքիայի հետ միասին համատեղ գործողություննե՞ր են մտմտում, որովհետեւ աստիճանաբար քաղաքական ասպարեզ է գալիս մի նոր առճակատում, որը մենք չունեինք ո՛չ 1995-ին, ո՛չ էլ 1998-ին. հայ-թուրքական առճակատումը:
– Այսօր հնարավո՞ր է ստեղծել Ձեր նշած գործոնները: Եթե` այո, ինչպե՞ս, որո՞նք կարող են լինել այդ գործոնները:
– 1994-ին մենք արդեն մտածում էինք, որ քանի որ քաղաքական հարցում երկու սկզբունքներ (տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման) բախվում են իրար, եւ կարծեք թե մեզ չի հաջողվում հակառակի մեջ համոզել համաշխարհային հանրությանը, հստակ խնդիր առաջացավ, որ պետք է, օրինակ` բնակեցնել այդ տարածքները, եւ խնդիրը դարձնել նաեւ հումանիտար հարց: Վերջին հաշվով` այդ տարածքները ոչ միայն պատմականորեն հայկական տարածքներ են, այլեւ դրանք մեր ազգին կենսականորեն անհրաժեշտ տարածքներ են: Անցյալ օրը տեսնում եմ, թե ինչպես մի հայ Բրյուսելից հաղորդում էր, ասում էր «Աթենքեն եկած եմ, Հայ դատը պիտի պաշտպանեմ»: Կարծում եմ` Հայ դատը պաշտպանելու լավագույն ձեւն Աթենքից Բրյուսել գնալը չէ, այլեւ գալ ու այստեղ ապրելն է, այդ թվում եւ` այնտեղ, ինչը կոչվում է «գրավյալ տարածք»: Մինչդեռ հիշո՞ւմ եք, երբ անցյալ տարի Եվրախորհուրդը մոնիտորինգի խումբ ուղարկեց բնակեցման մասին, հպարտությամբ ապացուցում էինք բոլորին, որ բնակեցման խնդիր չկա այդ տարածքներում: Եղբայր, եթե հայերը չեն բնակեցնում, ուրեմն` այդ տարածքը չեն համարում իրենց հայրենիքը: Եթե ադրբեջանցիներն ուզում են բնակեցնել, ուրեմն` նրանք դա համարում են իրենց հայրենիքը: Հայրենիք հասկացությունը մեզ համար պատմական է: Թուրքի համար հայրենիքն այն է, որտեղ հիմա ինքն ապրում է: Սա ավելի իրատեսական մոտեցում է: Վերջին հաշվով հասկանանք, որ գեոպոլիտիկայի թիվ մեկ գործոնը դեմոգրաֆիան է: Մյուս գործոնները` լեզու, ազգ, մշակույթ եւ այլն, դեմոգրաֆիայի հանդեպ ավելի պակաս նշանակություն ունեն: Պետք չէ ինչ-որ արտաքին միջավայրում կամ ԱՄՆ-ում, Եվրոպայում կամ Ռուսաստանում փնտրել, թե ինչո՞ւ ԼՂ հարցում հայերի նկատմամբ միջազգային օժանդակությունը չի ավելանում եւ այլն: Ամենեւին: Կամ ոչ թե հույսը դնել այն բանի վրա, թե` ահա կլուծվի Կոսովոյի հարցը եւ, եթե Կոսովոյի հարցը լուծվի, ու մեր բախտը բերի, կտիրանանք Ղարաբաղին։ Մեր դեպքում պատմությունը սովորեցրել է` չսպասեք ստանդարտների: Ինձ համար միայն ցաí