Քաղցած գայլերն ու անմեղ ամերիկացիները

07/05/2005

2004 թվականի օգոստոսի 4-ին Ջոն Քերին ենթադրում էր, որ ամեն ինչ
կարգին է, քանի որ հասարակական հարցումների բոլոր արդյունքները նրան
հաղթանակ էին խոստանում։ Նա կարող էր հանգիստ լինել՝ հակառակորդը դժվար թե
ամառվա թեժ շոգին որեւէ բան ձեռնարկեր։ Համենայնդեպս, նա այդպես էր
մտածում։ Բայց Բուշի մարդիկ հմուտ մարդասպաններ էին։ Նրանք որոշեցին
հարվածել հենց օգոստոսի 4-ին, երբ ոչ ոք չէր սպասում, եւ հարվածել այն
տեղին, որն ամենից ցավոտն է։ Անսպասելի հարձակումը եղավ գովազդային կամ
ավելի շուտ հակագովազդային հոլովակների շարքով, որը գաղտնի ֆինանսավորել
էր Բուշի ընկերը՝ մեծահարուստ տեխասցի կապալառու մի շինարար։
Էկրանին հայտնվեցին Քերիի զինակից ընկերները, ովքեր նախագահի թեկնածուի
հետ եղել էին Վիետնամում։ Նրանք լցված էին ատելությամբ։ Նրանք չէին
խոսում, այլ՝ գոռում էին։ Նրանք պնդում էին, որ Քերին չի վաստակել այն
պարգեւները, որոնք ստացել է 1971 թվականին, որ նա հարգանքի արժանի հերոս
չէ, այլ՝ ստախոս եւ վախկոտ։ Նրանց խոսքով, մարտադաշտում Քերին չի փրկել իր
ընկերներին, ինչպես ինքն է պատմում, այլ դավաճանել է նրանց։
Սա ամոթալի կեղծիք էր։ Քերին բավական խոշոր քաղաքական դեմք էր, որպեսզի
անմիջապես պատասխաներ այս հարձակումներին։ Նա պետք է սպասեր, մինչեւ այս
ամենը կշրջվեր հակառակորդի դեմ, բայց լռությունը սկսեց կասկած առաջացնել
առանց այդ էլ տատանվող հանրության մեջ։ Բուշի կողմնակիցները հասան իրենց
ուզածին։ Քերիի վարկանիշը սկսեց անկում ապրել։
Քերին բախվեց, ինչպես Վաշինգտոնում են գտնում, Ամերիկայի պատմության մեջ
քաղաքական մարքեթինգի ամենաահեղ թիմի հետ, որը հիմնականում կազմված է
համախմբված եւ կարգապահ տեխասցիներից եւ որն արդեն տասը տարուց ավելի
նվիրված է Ջորջ Բուշին։ Այս թիմը հիանալի կազմակերպված է եւ միջոցների մեջ
խտրություն չի դնում։
Ինչպես 2003 թվականին պատմել է Ջոն Դիլալիոն՝ եզակի մարդկանցից մեկն, ով
լքել է Բուշի կլանը, Բուշը վերընտրությանը պատրաստվում էր 2001 թվականի իր
երդման օրվանից։ Նա իր նոր վարչակազմի բոլոր քայլերը ենթարկում էր մեկ
նպատակի՝ ապագա վերընտրությանը։ Յուրաքանչյուր օրինագիծ, յուրաքանչյուր
նշանակում, կադրային յուրաքանչյուր տեղաշարժ պետք է ծառայեր այդ բարձր
նպատակին։ «Այն, ինչ կատարվում է Սպիտակ տանը,- ասում է Ջոն Դիլալիոն,-
ժամանակակից պատմության մեջ նախադեպ չունի»։
Յան վան Լոխեյզենը Հյուսթոնում հասարակական կարծիքի ուսումնասիրման
սեփական ինստիտուտ ունի, բայց 2001 թվականից ապրում է Վաշինգտոնում, իր
սիրելի պատրոնի՝ Ջորջ Բուշի կողքին։ Նա հարցման անկետաների կազմման մեծ
մասնագետ է, եւ հատկապես նրա հետ է Բուշի ամենակարող խորհրդական Ջորջ
Ռոուվը մշակել վերընտրության ռազմավարությունը։ Լոխեյզենը պատմում է, որ
այդ ծրագիրը նրանք մշակել են չորս տարի առաջ։ Եթե 2000 թվականին նրանք
հույսները դրել էին կենտրոնի վրա եւ ուզում էին իրենց կողմը բերել
տատանվող դեմոկրատներին, ապա 2004-ին ամբողջ աշխատանքը տարվել է
հանրապետական-աբսենտիստների ձայները շահելու ուղղությամբ։ Եվ այս ամենն
արվել է միջոցների մեջ խտրություն չդնելով։
«Ընտրարշավի վերջին ամիսներին,- ասում է Յան վան Լոխեյզենը,- մեզ համար
խնդիր էր դարձել Իրաքի պատերազմը։ Չէր բացառվում, որ դրա պատճառով մենք
պարտվեինք։ Դրա համար մեր առաջ խնդիր դրեցինք՝ Իրաքից շեղել հասարակության
ուշադրությունը։ Շեղել, բայց ինչի՞ վրա՝ ահաբեկչության վտանգի։ Բաղդադի
աղետը մոռացության տալու համար ամերիկյան հասարակությանը պետք էր
վախեցնել, որպեսզի նա նետվեր իր անսասան ու քաջ նախագահի գիրկը»։
Քվեարկությունից մի քանի օր առաջ Բուշի թիմը սկսեց մի ահավոր հոլովակ
պտտել։ Քաղցած գայլերը (իմա. ահաբեկիչները) պատրաստ էին խժռելու անմեղ
մարդկանց (իմա. ամերիկացիներին)։
«Դա տեղին էր, կարելի է ասել, չափից շատ տեղին»,- ասում է Յան վան Լոխեյզենը։
Իսկ Բեն Լադենի տեսաժապավենի հետ իրենք ոչ մի կապ չեն ունեցել, բայց
փորձել են ստուգել դրա ազդեցությունը։ Պարզվել է, որ այն ոչ մի
ազդեցություն էլ չի ունեցել։

Տ.Պ.