Ո՞րն է հայերի ամենասիրած բրենդը

18/11/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Երկաթե վարագույրի դարաշրջանում, երբ հայերը «ֆիրմա» ապրանքը գնում էին միայն «ախպարի տնից, չեքովիից» կամ Մոսկվայի «Լեյպցիգ» ու «Բելգրադ» խանութներից, հայերի սիրած «սպառտիվկեն Ադիդասն էր», նախընտրելի մագնիտոֆոնը` «տրի սեմյոռկի ՇԱՌՓ»-ը եւ բաղձալի սառնարանը` «Ռոզենլիվը»: Բայց քանի որ վերոնշյալ ապրանքները շատ քչերին էին հասանելի, ապա միջին խորհրդային քաղաքացու (այդ թվում եւ` հայերի) սիրած եւ միաժամանակ հասանելի ապրանքներն էին «Ցեբո» կոշիկները, ֆիննական կոստյումը, «իմպոռտնի կաստյումչիկը» եւ ֆրանսիական օծանելիքը: Բայց անգամ Խորհրդային Միությունում 70-ականներին, ԱՄՆ խորհրդանիշ համարվող, «Կոկա-կոլա»-ի եւ «Բաբլգամ»-ի ինադու` Խորհրդային Միությունում սկսեցին արտադրել «Պեպսի-կոլա» եւ հայկական անանուխի ծամոն: Ավելի ուշ` Եղվարդի «Ադիդաս»: Իսկ դա նշանակում էր, որ «ռասկռուչեննի բրենդերից» չփուսափեցին անգամ կոմունիստները, որոնց համար մինչ այդ պահը միակ «ռասկռուչեննի բրենդը» Լենինն էր:

Անկախ Հայաստանում, երբ բոլորը հասկացան, որ «Ջերմուկ»-ով եւ մոլիբդենով կարող են ապրել առավելագույնը վերջիններիս սեփականատերերը, կոնյակի գործարանը այլեւս հայերինը չէ, իսկ Արարատով արդեն բոլորին հոգնեցրել ենք, անհրաժեշտ էր ստեղծել սեփական բրենդեր: Եվ հենց այստեղ սկսվեց հայոց համազգային բրենդավորումը: Առաջին հերթին հայերը սկսեցին «ռասկռուտկա» անել իրենց երեխաների կամ սիրած էակների անունները: Ու քանի որ հայերի երեխաների անունները հաճախ կրկնվում են (ինչպես եւ մյուս ազգերի մոտ), ապա այս կերպ շուկայում առանձնանալ չստացվեց: Հետո սկսվեցին սեփական անունների հապավումները: Օրինակ. «ՖԵՌՈ»: Ինչը նշանակում է` Ֆելիքս եւ Ռոբերտ: Կամ «ՄԻԿԱ»: Ինչը, հավանաբար, Միխայիլի փաղաքշական ձեւն է: Հետո սկսեցին բացվել կոնցեռններ: «Դվին» կոնցեռն, «ՍԻԼ» կոնցեռն: Ավելի ուշ եկավ հոլդինգների ժամանակաշրջանը, որոնց մեջ է նաեւ «ԱԼՄ հոլդինգը»: Սակայն հայերը հայեր չէին լինի, եթե անգամ բրենդինգը չքաղաքականացնեին: Մի քանի տասնյակ անիմաստ քաղաքական կուսակցությունների անունները, իհարկե, չեն դրվել իրենց երեխաների անուններով (եթե իհարկե «Շամիրամը» որեւէ մեկի աղջկա անունը չէր): Բայց ուշադրություն դարձրեք` ինչպիսի անվանումներ ունեն մեր կուսակցությունները եւ նրանց հապավումները. «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», «Հզոր Հայրենիք», «Արժանապատիվ ապագա», ԺԱԿ, ԺՈՒԿ, ԺԿ, ՄԱԿ: Քիչ էր մնում գրեի` ՄՈՒԿ: Ավելին, քաղաքական միավորներն արդեն հասցրել են ռեբրենդինգ անել: Օրինակ, «Արմատ»-ը դարձել է «Այլընտրանք»: Իսկ քաղաքական գործիչների ռեբրենդինգի պակաս մենք երբեք չենք ունեցել: ՕԵԿ-ից` դեպի «Գործարար», «Ժողպատգամավորից»` դեպի ՀՀԿ, ՀՀԿ-ից` «Հանրապետություն», ԱԻՄ-ից` ԵՍԻՄ ո՞ւր:

Բայց, համաձայնեք, որ մականունների բրենդի հարցում մենք իրոք աշխարհում առաջին տեղն ենք գրավում: Մեր քաղաքական գործիչները երեւի դեռ չեն հասկացել, որ Շիրակը ոչ թե տեղանվան հետ կապված մականուն է, այլ ֆրանսիական ազգանուն: Քոլը կանեփի պլանտացիաների հետ կապ չունի: Ավելին, դա անգամ թուփ չէ: Դա գերմանական ազգանուն է: Իսկ թուփը, անգլերենից թարգմանաբար, Բուշն է: Բայց անգամ Բուշը մականուն չէ: Իսկ Գրիզլովը, ի տարբերություն մեր պատգամավորների, ամբողջ օրը «գրիզիտների» մեջ չէ:

Իսկ հիմա փորձենք պատկերացնել, թե իրականում ո՞ր հանրաճանաչ բրենդերին են համապատասխանում հայ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները: Օրինակ, ՀՅԴ-ն, ոնց որ «Կոկա-կոլա» լինի, որովհետեւ ընդմիշտ է: Ստեփան Դեմիրճյանը «ՖԵՌՈ» է, որովհետեւ ժողովուրդը նրա հետ սահմանադրական երկար ճանապարհ ունի գնալու: Գեղամյանը` «յառմառկում» վաճառվող էժան տեխնիկա: Ասենք` «PANASONIC», որովհետեւ կեղծ ընդդիմություն է: «Օրինաց երկիր»-ը` «ռազվադնոյ կլյուչ», որովհետեւ ուզում են` մեծացնում են, ուզում են` փոքրացնում են, կարող են եւ որպես իշխանություն օգտագործել, եւ որպես ընդդիմություն, «Բարգավաճ Հայաստանը»` անկտրել ձմերուկ, որովհետեւ չգիտես մեջը ինչ կա, ՀՀԿ-ն` «բեզռազմեռնի շոր», այլ կերպ այդքան մարդ այնտեղ չէր տեղավորվի, «Նոր Ժամանակները»` ամերիկյան ապրանքի ռուսական պատենտ, որովհետեւ անընդհատ գունավոր հեղափոխությունն ուզում է ռուսական զոռբայությամբ անել, ՀՀՇ-ն` անտիկվար հուշանվեր, որը գեղեցիկ է, բայց ոչ մեկին պետք չէ, կոմունիստները եւ ԱԺՄ-ն շատ նման են «ԼԵԳՈ»-ի, որովհետեւ ով ոնց ուզում` քանդում-հավաքում է: ՄԱԿ-ը ոնց որ 70-ական թվականների «Կոսմոս» ֆուտբոլային ակումբը լինի (այս թիմը հայտնի էր նրանով, որ 6 մլն դոլարով ձեռք բերեց Պելեին), որտեղ մի հոգի խաղում է, մնացածը «դամ են քաշում»: Մանր-մունր կուսակցություններն ավելի շատ նման են «բրելոկի», որովհետեւ ժամանակի ընթացքում նրանց մատի վրա պտտեցնում-պտտեցնում են, հետո փոխում:

Բայց ես լավատես եմ եւ կարծում եմ, որ իրականում հայկական բրենդը բոլորովին այլ տեսքով պետք է ներկայանա աշխարհին: Եթե ոչ` «Microsoft»-ի կամ «Mersedes»-ի, ապա` գոնե «Նաիրի» կոնյակի: