Էկզոտիկ մրցակցության հետեւանքները

18/11/2006 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Բանից պարզվում է` հայ-թուրքական այսօրվա սահմանը լեգիտիմ չէ եւ որեւէ իրավական հիմք չունի, որովհետեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Վուդրո Վիլսոնի սահմանագծած սահմաններից բացի իրավական ուժ ունեցող որեւէ այլ փաստաթուղթ գոյություն չունի։ Ահա այսպիսի էկզոտիկ հայտարարություն է արել ՀՀ արտգործնախարարի խորհրդական Արա Պապյանը։ Նրա կարծիքով, Հայաստանը պետք է դիմի ՄԱԿ-ի միջազգային դատարան եւ վերահաստատի այդ տարածքների վրա մեր իրավունքները։ Հիշեցնենք, որ Վուդրո Վիլսոնի սահմանագծմամբ Հայաստանը պետք է ունենար 162 հազար քառ. կմ տարածք։ Դրանից հետո, ըստ Արա Պապյանի, կարելի է նաեւ դատի տալ «Բաքու-Ջեյհան» նավթամուղի օպերատորներին, որովհետեւ վերջիններս առանց մեր թույլտվության այդ տարածքով բեռնափոխադրումներ են իրականացնում։

Փորձենք հասկանալ այս էքստրավագանտ հայտարարությունների իմաստը։ Արա Պապյանն, իհարկե, ընդգծում է, որ տվյալ պահին ինքն իր անձնական տեսակետներն է արտահայտում եւ ներկայումս ինքը գտնվում է գիտական արձակուրդում, բայց սա, հասկանալի է, զուտ ձեւական ճշտում է։ Եթե արտգործնախարարի խորհրդականը գտնվում է գիտական արձակուրդում, ուրեմն պետք է գիտությամբ զբաղվի, եւ ոչ թե մամուլի ասուլիս կազմակերպի։ Ուրեմն ո՞րն է այս ամենի նպատակը։

Հասկանալի է, որ ամենավառ երեւակայություն ունեցողներն անգամ չեն կարող պատկերացնել, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը հանկարծ կվերցնի ու 132 հազար քառակուսի կիլոմետր տարածք կնվիրի Հայաստանին։ Առավել եւս` դժվար է պատկերացնել, թե ինչպես է Հայաստանը դատի տալու «Բաքու- Ջեյհան» նավթամուղի փայատերերին։ Եվ եթե բարձրաստիճան դիվանագետն այս մառազմն անվանում էլ «բավական իրատեսական հնարավորություն», այստեղ երկու տարբերակ կա. կամ նա հավատում է իր ասածներին (հետեւաբար` Արտգործնախարարությունում անելիք չունի, եւ լավ կլինի անորոշ ժամանակով երկարաձգի իր գիտական արձակուրդը), կամ ինքն էլ է հրաշալի հասկանում, որ իր ասածներն անհեթեթություն են, բայց դրանց բարձրաձայնումն ինչ-ինչ պատճառներով այս պահին անհրաժեշտ է։ Արտգործնախարարի խորհրդականի դեպքում, կարծում ենք, երկրորդ տարբերակն ավելի հավանական է։

Իսկ ի՞նչ նպատակներ կարող է հետապնդել այս դիրքորոշումը։ Տեսականորեն հնարավոր է երկու տարբերակ։ Տարբերակ առաջին. ղարաբաղյան բանակցություններում որեւէ առաջընթաց չկա, եւ հնարավոր է, որ առաջիկայում միջազգային հանրությունը (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով) ճնշումներ իրականացնի ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Նման դեպքերում մեր իշխանությունները սովորաբար սպառնում են կոնկրետ հակաքայլերով։ Ասենք` հայտարարում են, թե ընդհանրապես դուրս կգան բանակցային գործընթացից, կճանաչեն ԼՂՀ անկախությունը, եւ այլն։ Եվ Արա Պապյանի հայտարարությունները կարելի է դիտարկել որպես թափանցիկ ակնարկ` ճնշումների դեպքում Հայաստանի հնարավոր հակաքայլերի մասին։ Այսինքն` «եթե դուք շարունակեք ճնշումներ իրականացնել հայկական կողմի վրա եւ հարցը դիտարկեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մենք էլ հարցը քաղաքական հարթությունից կտեղափոխենք իրավական հարթություն, դատական ատյաններին կդիմենք եւ այդպիսով կձգձգենք կարգավորման գործընթացը»։ Այս տարբերակը, սակայն, այնքան էլ հավանական չէ, որովհետեւ հազիվ թե միջազգային հանրությունը լուրջ ընդունի այս սպառնալիքները։ Ի վերջո, դրանք չափազանց էկզոտիկ են, որպեսզի լուրջ բանակցությունների առարկա դառնան։

Երկրորդ տարբերակն ավելի հավանական է։ Ի վերջո ո՞րն էր արտգործնախարարի խորհրդականի բուն ասելիքը։ Դա կարելի է ձեւակերպել մոտավորապես այսպես. «մենք ամենեւին էլ մտադիր չենք ղարաբաղյան խնդիրը կարգավորել այսօր ընդունված միջազգային նորմերի շրջանակներում։ Ավելին` մենք մտադիր չենք նորմալացնել հայ-թուրքական հարաբերությունները եւ կողմ ենք է՛լ ավելի սրել առկա պրոբլեմները»։ Իսկ սա հենց այն է, ինչ պետք է Ռուսաստանին։ Որեւէ մեկի համար առանձնապես գաղտնիք չէ, որ Ռուսաստանը դեմ է ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, որովհետեւ հակամարտության մշտական օջախի առկայության դեպքում Ռուսաստանը մշտապես լծակներ կունենա եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի վրա։ Ռուսաստանը դեմ է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որովհետեւ քանի դեռ այդ հարաբերությունները լարված են, Հայաստանում ռուսական ռազմաբազաներ կլինեն, եւ Ռուսաստանը տարածաշրջանում «ֆորպոստ» կունենա։

Փաստորեն, ստեղծվել է մի վիճակ, որը, եթե փոքր-ինչ պարզունակ ներկայացնենք, այսպիսին է. Արեւմուտքը ձգտում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կարգավորվի, եւ հայ-թուրքական հարաբերությունները նորմալանան (որպեսզի Ռուսաստանը վերջնականապես դուրս մղվի Հարավային Կովկասից)։ Իսկ Ռուսաստանը ձգտում է, որ ղարաբաղյան խնդիրը չկարգավորվի, եւ հայ-թուրքական հարաբերություններն էլ վատթարանան։

Իսկ մինչեւ 2008թ. նախագահական ընտրությունները այնքան էլ շատ ժամանակ չի մնացել։ Հնարավոր թեկնածուներից մեկն էլ, ինչպես հայտնի է, արտգործնախարար Վարդան Օսկանյանն է։ Եվ ահա նա իր գիտական արձակուրդում գտնվող խորհրդականի միջոցով «մեսիջներ» է ուղարկում Մոսկվային. «Ես պատրաստ եմ իրականացնել այնպիսի քաղաքականություն, որի արդյունքում Հայաստանը դեռ երկար ժամանակ կմնա տարածաշրջանում Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցը»։ Հասկանալի է` ուղղակիորեն չի հայտարարվում, որ «Աղդամն այնուամենայնիվ մեր դաշնակիցն է», բայց ակնարկվում է, որ Հայաստանը պատրաստ է խնդիրը տեղափոխել իրավական հարթություն եւ պահանջել 162 հազար քառ. կմ տարածք (որի մեջ, իհարկե, նաեւ Աղդամն է)։

Թե որքանով է Հայաստանին ձեռնտու այս քաղաքականությունը` ավելորդ ենք համարում մեկնաբանել։ Այլ հարց է, որ խնդրի հիմքում ամենեւին էլ Հայաստանի շահերը չեն դրված։ Տպավորությունն այնպիսին է, թե այս փուլում նման «մանրուքների» վրա ոչ մեկն ուշադրություն չի էլ դարձրել։ Ըստ երեւույթին, ավելի «կարեւոր» հարց է լուծվում։ Ո՞վ է 2008-ին լինելու Ռուսաստանի հիմնական «ֆավորիտը»։