Մեր հավաքելիք փողերը

18/11/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Վերջին մեկ ամսվա տնտեսական կյանքի կիզակետում երկրի եկող տարվա բյուջեն է: Կառավարությունն օրենքով նախատեսված ժամկետներում խորհրդարանին ներկայացրեց 2007թ. բյուջեի նախագիծը: ԱԺ-ն էլ, իր հերթին, պլանային քննարկումներով հաստատում է այն: Նախորդ տարիներին խորհրդարանի աշխատակազմը բյուջեի մի քանի հարյուր էջանոց նախագիծը բազմացնում ու բաժանում էր պատգամավորներին: Այս տարի մեր իշխանությունները գնացին խնայողության: Պատգամավորներին բաժանվեց ընդամենը 44 էջանոց «ՀՀ 2007թ. պետական բյուջեի նախագծի ամփոփ նկարագիր»-ը: Խնայողության փաստն ակնհայտ է: Հատկապես, որ ամփոփ նկարագիր կոչվածի տպագրությունը ֆինանսավորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: Դժվար է միանշանակ պնդել, որ սա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության փորձառության արդյունք է: Բայց այս նախագիծը թվով յոթերորդն է, որ Մարգարյանի կառավարությունը ներկայացնում է խորհրդարանին: Նման փորձառությունը պատմական կարելի է համարել: Հետեւաբար` կառավարությունը կարծես գիտի, թե ինչ կարելի է ակնկալել խորհրդարանական քննարկումներից: Իսկ մեզ մնում է արձանագրել, որ ի տարբերություն նախորդ տարիների, կառավարությունը թղթի ահագին խնայողություն արեց: Եթե այս փաստը կառավարության համար դրական բնութագրենք, միանշանակ պիտի ընդունենք, որ այն բացասական է ԱԺ-ի համար: Տարվա տնտեսական հիմնական փաստաթուղթն ինչ-ինչ պատճառներով նվազ հետաքրքրություն է ներկայացնում խորհրդարանում: Մինչդեռ այն իսկապես հետաքրքիր է: Բյուջեի եկամտային հատվածը նախորդ տարվա համեմատ լուրջ փոփոխություններ է կրել: 2006-ի ծրագրված 436 մլրդ դրամի փոխարեն ենթադրվում է, որ եկամուտները կկազմեն 489.5 մլրդ դրամ: Պաշտոնապես նշվող 12 տոկոսը գերազանցող աճն իրականում ավելի մեծ է: Որովհետեւ նախորդ տարվա բյուջեն հաշվարկված է 1 դոլարը` 420 դրամ փոխարժեքով: Իսկ այս տարվանը` 357 դրամով: Նախատեսվում է, որ բյուջեի մուտքերի մոտ 94 տոկոսն ապահովելու են հարկերն ու պետական տուրքերը: Երկրի ֆինանսական իշխանությունների հիմնական հույսը, բնականաբար, շարունակում են մնալ անուղղակի հարկերը: Օրինակ, ավելացված արժեքի հարկի գծով ենթադրվում է 2007-ին 30 մլրդ դրամ ավելի հավաքել` քան փաստացի հավաքվել է 2005-ին: Ինչպե՞ս է սա հնարավոր. այս հարցի պատասխանը կառավարությունը հավանաբար ունի: Որովհետեւ վերջին տարիներին որքան պլանավորել` այնքան էլ հավաքել է: Որոշ անկախ փորձագետներ սա համարում են ավելի շուտ վարչահրամայական մեթոդների կիրառման արդյունք: Քան` տնտեսության կառավարման հմտությունների եւ ստվերային տնտեսության կրճատման հետեւանք: Մեր տնտեսական օրենսդրությունն ուղղակի հարկերի գծով հնարավորություն է տալիս բյուջետային մուտքեր ապահովել առանց տնտեսական իրական հիմքերի: Այսինքն` տնտեսվարողը կարող է վնասներ կրել, բայց, միեւնույն է, շահութահարկ պիտի մուծի: Ընդհանրապես շահույթ չունենալու փաստից անկախ: Սա կառավարությանը հնարավորություն է տվել շահութահարկի գծով ակնկալել 72,6 մլրդ դրամ: 2005-ի համեմատ` 26 մլրդ-ից ավելի գումար: Նույն համեմատությամբ մոտ 16 մլրդ-ով աճել է եկամտահարկի ակնկալիքը: Եկամուտների հատվածում նշված է, որ եկող տարի Հայաստանն ակնկալում է 15 մլրդ-ը գերազանցող գումար ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից ու տարբեր պետություններից: Ստանալ` որպես օգնություն: Սա իհարկե պակաս հարիր է կովկասավագրային մեր նկարագրին: Բայց 2007-ին մենք Մեծ Բրիտանիայից մոտ մեկ մլն դոլար կստանանք աղքատության հաղթահարման մեր մղումների ֆինանսավորման համար: 4,5 մլրդ դրամ էլ ակնկալվում է «Հազարամյակի մարտահրավերներ» հանրահայտ հիմնադրամից: Բյուջեի եկամտային հատվածի մյուս մասը, որ դժվար է համատեղել երկնիշ տնտեսական աճի հետ, դեֆիցիտի հատվածն է: Իհարկե, հայլուրական քաջարի տոնով կարելի է հայտարարել, որ աշխարհում քիչ պետություններ բյուջեի դեֆիցիտ չունեն: Ավելին, աշխարհում ամենախոշոր տնտեսություն ունեցող երկրի` ԱՄՆ-ի բյուջեն էլ հսկայական պակասուրդ ունի: Բայց էդ խեղճերը չորս-հինգ տարի շարունակ երկնիշ տնտեսական աճ չեն էլ ունեցել: Ի տարբերություն մեզ, որ այս պարագայում անգամ 68,3 դրամի դեֆիցիտ ենք նախատեսում: Հետաքրքիր է, որ դեֆիցիտի մոտ 27 մլրդ դրամը ձեռք է բերվելու ներքին աղբյուրներից: Սա մի փոքր ռիսկային է: Պետք չէ մոռանալ, որ ԿԲ-ն աջ ու ձախ շարունակում է խոսել դրամի հետագա արժեւորման մասին: Իսկ ներքին պարտք կոչվածն ազգային դրամով վերցված պարտք է: Այսինքն` պարտք, որ դրամի արժեւորմանը զուգընթաց աճում է: Ենթադրվում է, որ 2007-ին` 41 մլրդ 356 մլն դրամի չափով էլ արտաքին աղբյուրներից պարտք կվերցնենք: Այսինքն` կշարունակենք վարկեր վերցնելու ավանդույթը: Սա մեր տնտեսական կյանքի առեղծվածներից թերեւս ամենաանբացատրելին է: Մինչ երկնիշ տնտեսական աճ ունենալը ՀՀ արտաքին պարտքը մոտ 1 մլրդ դրամ էր: Տնտեսության աճին զուգահեռ` թվում էր, թե գալու է պարտքերը մարելու ժամանակը: Բայց տրամագծորեն հակառակը պատահեց: 2006-ի ավարտին արտաքին պարտքը կազմելու է 1 մլրդ 400 մլն դոլար: Իսկ 2007-ի ավարտին այն կլինի 1 մլրդ 560 մլն դոլար: Եկող տարի նախկինում վերցրած վարկերի դիմաց մոտ 17,5 մլն դոլար ենք վերադարձնելու: Բայց վերադարձի գրաֆիկը ոչ մի կերպ չի մեղմում արտաքին պարտքի աճը: Միակ մխիթարությունը մնում է այն, որ ՀՆԱ-ի նկատմամբ պարտքի տոկոսը շարունակում է նվազել: Եթե սա բավարար եք համարում` ուրեմն ձեզ մխիթարված զգացեք: