«Այ, դուք զանգել եք, ես իմացել եմ»,- ասաց Բազումի համայնքապետ Վանիկ Պլուզյանը: Այս տարվա երաշտի հետեւանքները մեղմելու համար Բազում գյուղին, ըստ Լոռու մարզպետարանի տրամադրած փաստաթղթերի, հատկացվել է 500 կիլոգրամ աշնանացան ցորեն: Իրականում ցորենը գյուղ չի հասել: Եթե հասներ էլ, ապա երաշտի հետեւանքները հնարավոր չէր լինի մեղմել հենց միայն այն պատճառով, որ գյուղում արդեն երեք տարի ցորեն չեն ցանում: Վանիկ Պլուզյանն ասում է, որ ցորեն վերջին անգամ ցանել են 2002-ին: 70 հա վարելահողում հիմա գյուղացիները ցորենի փոխարեն բազմամյա խոտաբույսեր են աճեցնում:
«Բա ինչպե՞ս եղավ, որ հայտնվեցիք մարզպետարանի ցանկում». այս հարցին համայնքապետը պատասխան չունի:
ՀՀ վարչապետն այս տարվա հուլիսի 14-ին միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին որոշմամբ մարզպետներին 10-օրյա ժամկետում հանձնարարել էր ստեղծվելիք հանձնաժողովին ներկայացնել մարզերի տարածքներում տեւական երաշտից ու սակավաջրությունից տուժած համայնքների ցանկը: Դրանում պետք է նշվեին նաեւ վնասված ցանքատարածությունները` ըստ մշակաբույսերի:
Փաստորեն, Լոռու մարզպետի՝ հանձնաժողովին ներկայացված ցանկում հայտնվել է մի գյուղ, որտեղ ո՛չ ցորեն են ցանում, ո՛չ էլ, բնականաբար, ցորենի ցանքատարածություններ են տուժել երաշտից: Իր գյուղին տրվելիք 500 կգ ցորենի մասին ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկանալուց հետո համայնքապետի զարմանքն ավելի մեծ է եղել, երբ, զանգելով հարեւան Ազնվաձոր գյուղ, պարզել է, որ իր գործընկերն իր նման անտեղյակ է: Ազնվաձորը, ըստ մարզպետարանի տեղեկատվության, եւս ընդգրկված է երաշտից տուժած համայնքներին հատկացված աշնանացան ցորենի բաշխման ցանկում: Ի տարբերություն Բազում գյուղի, Ազնվաձորին հատկացված աշնանացան ցորենի քանակը 1400 կգ է: Ազնվաձորի համայնքապետի հետ հեռախոսազրույցից պարզ դարձավ, որ նա ոչ թե տեղյակ չէ իր համայնքին տրվող օգնությունից, այլ պարզապես հրաժարվել է դրանից:
«Ցորենը մեր հողում բերք չի տալիս: 2001-ից այս կողմ մենք ցորեն չենք ցանում,- հայտնեց համայնքապետ Սաշիկ Շահնազարյանը,- 700 կգ-ից ստանում ենք 1000 կգ»: Փոխարենը նա մարզպետարանի ներկայացուցչին խնդրել է իր գյուղին գարնանը գարու սերմացու տալ:
Հարցին` «Որքանո՞վ եք վստահ, որ կտան», Ազնվաձորի համայնքապետը պատասխանում է` կտան: Այն հարցին, թե` ինչպե՞ս եք հրաժարվել կառավարության օգնությունից, պատասխանում է՝ ասել եմ մարզպետարանի գյուղատնտեսին, առանց ավագանու նիստի, առանց գյուղացիներին տեղյակ պահելու: Իսկ թե որտե՞ղ է Ազնվաձորին հասանելիք ցորենը, Սաշիկ Շահնազարյանը չգիտի:
Բովաձոր գյուղին, ըստ մարզպետարանի տեղեկատվության, հատկացվել է 4 տոննա 300 կգ ցորեն: Համայնքապետ Էդվարդ Մելիքսեթյանն այդ մասին ժամանակին տեղեկացված է եղել: Նա ասում է, որ իրենց հատկացրել են 2 տոննա ցորեն: Այսինքն՝ նախատեսվածից 2 տոննա 300 կգ պակաս: Բովաձորցին այս քանի օրն է ստացել աշնանացան ցորենը: Համայնքապետ Էդվարդ Մելիքսեթյանն ասում է, թե ուշ չէ: Հիմա էլ կարող են ցանել: Ամեն ինչ կախված է եղանակային պայմաններից:
Ընդհանուր առմամբ, Լոռու մարզին կառավարության կողմից հատկացվել է 254 տոննա աշնանացան ցորեն: Այն բաշխվել է 39 համայնքների միջեւ: Ամենաշատ ցորենը տրվել է Գյուլագարակ գյուղին՝ 18.200 կգ, ամենաքիչը՝ Բազում գյուղին՝ 500 կգ, որն այդպես էլ գյուղ չի հասել:
Բազում գյուղում չեն էլ հիշում, թե ով երբ է վերջին անգամ ցորեն ցանել: Իրենց գյուղապետի նման գյուղացիները եւս անտեղյակ են կառավարության հատկացրած աշնանացան ցորենից: Նրանց խնդիրը կարտոֆիլն է, որն այս տարի սկզբից ցրտահարվեց, այնուհետեւ արեւահարվեց: Արամայիս Ծատուրյանի ցանած 400 կգ կարտոֆիլից դուրս է եկել 150 կգ, որը մանր է ու անորակ:
«Բնությունը մեր Լոռվա ժողովրդի հետ այս տարի հակառակ եղավ»,- կարծում է Արամայիս Ծատուրյանը: Նրա հարեւանները եւս դժգոհ են բերքից ու բնությունից: Վեներա Պապիկյանն այս տարվա կարտոֆիլը համեմատում է խոզի կերի հետ: «Սկզբից անձրեւները, ցուրտը, հետո՝ երաշտը: Որոշել եմ սրանից հետո էլ չցանել: Չարչարանքս է մնում»:
Այս տարվա բերքատվությունը Բազումի համայնքապետը գնահատում է 50 տոկոս: «Երաշտը խոտին վնասեց, կարտոֆիլին: Մի հատ ընկույզ չկա: Տանձ, խնձոր, սալոր, բոլորը վնասվել են»,- ասում է Վանիկ Պլուզյանը:
Բազումի համայնքապետը դեռ գարնանն է դիմել մարզպետարան՝ հայտնելով գյուղի կրած վնասների մասին: «Բայց որեւէ հանձնաժողով այդպես էլ չեկավ: «Ասել են՝ դիմում ենք կառավարություն, հես ա՝ կառավարությունն էլ Լոռու մարզին հատկացրել է այսքան ցորեն»,- մատնացույց է անում Լոռու մարզպետարանի պաշտոնական գրությունը, որին առաջին անգամ էր ծանոթանում Բազումի գյուղապետը:
www.hetq.am