Ռուսաստանը ջինին շշից բաց է թողել

18/11/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կարո՞ղ է արդյոք Հայաստանը պաշտպանել իր քաղաքացիներին, եւ եթե` այո, ապա ինչպե՞ս է դա պատրաստվում անել: Առաջին սպանություններից անմիջապես հետո Հայաստանում այդ դեպքերի նկատմամբ արձագանքը շատ հուզական եղավ, որը սակայն հետզհետե մարեց: Հայաստանում կարծես ընդունեցին ու հաշտվեցին Ռուսաստանում առկա ազգամիջյան սուր ընդհարումների ու ցուցադրաբար կատարված սպանությունների հետ, մանավանդ, որ Ռուսաստանում ոչ միայն հայերի նկատմամբ է բռնություն իրականացվում, այլեւ` կովկասյան ցայտուն արտաքին ունեցող գրեթե բոլոր մարդկանց հանդեպ: Մի խումբ հայ մտավորականներ երեկ հավաքվել էին «Հայելի» ակումբում ու փորձում էին ահազանգ հնչեցնել եւ ուշադրություն դարձնել կոնկրետ հակահայկական բնույթ ունեցող սպանությունների փաստի վրա: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն ասաց. «Այսօր հայ են սպանում միայն երկու երկրներում` Ռուսաստանում եւ Ադրբեջանում, իսկ մյուս երկրներում հայերին հարգում, սիրում ու մեծարում են»: Ռուսաստանում հայերի սպանությունները նա որակեց որպես քաղաքական պատվեր: «Տաջիկների ու ադրբեջանցիների սպանությունները միանգամից բացահայտվում են, իսկ հայերինը` ոչ: Մենք գիտենք, որ ադրբեջանցիները հատուկ ու շատ հարուստ ֆոնդեր ունեն, մենք էլ պետք է հակահարված հասցնելու մասին մտածենք»: Նրա կարծիքով` հակահարվածը կարող է բողոքի նոտաներով, ցույցերով, անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակների տեսքով լինել: Իսկ արվեստաբան Հենրիկ Իգիթյանն առաջարկում է ուշադրությունից դուրս չթողնել նաեւ հետախույզների գործունեությունը: Պատմաբան Հայկ Ղազարյանը հայերին ջայլամների հետ համեմատեց՝ «Մենք չենք ուզում նկատել մեր կողքին կատարվածը»:

«Հայերի սպանությունները ձեռնտու են առաջին հերթին Ռուսաստանի իշխանություններին: Հայերին այնպիսի տեղերում են սպանում` մետրոյում, գնացքներում, որպեսզի բոլորն իմանան այդ մասին: Իսկ Պուտինը ԿԳԲ-ի նախկին աշխատող է ու շատ լավ գիտի` ինչպես կանգնեցնել այդ պրոցեսը»,- ասաց Հ. Իգիթյանը:

Մի քանի ամիս առաջ Երեւան այցելած մոսկվահայ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը, ով չի ժխտում, որ ինքը շատ հայերի նման տագնապով է ապրում իր հարազատ Մոսկվայում եւ ստիպված է անձնական թիկնապահ վարձել իր դստեր համար, վստահ էր, որ այդ պրոցեսը գնալով անկառավարելի է դառնում. «Ռուսաստանը չի էլ պատկերացնում` ինչպիսի վտանգավոր ջին է բաց թողնում շշից: Եվ արդեն դժվար թե հնարավոր լինի կանգնեցնել նրան: Ի՞նչ կարող են անել Հայաստանի կառավարությունն ու պրեզիդենտը: Չգիտեմ: Այսօր Հայաստանի կողքին է Ցեղասպանության փաստը չճանաչող Թուրքիան, պատմականորեն Թուրքիային մոտ կանգնած Ադրբեջանը, մյուս կողմից` Վրաստանն` իր ոչ կայուն, անխելք ու անհեռատես կառավարությամբ: Նաեւ Իրանը, որը մոտ օրերս սկսելու է աշխարհը ռմբակոծել իր «F-16»-ով… Ի՞նչ կարող է անել Հայաստանը: Չեմ ասում, թե պետք է վարտիքները հանած՝ Ռուսաստանի հետեւից վազել, պետք է սեփական հավասարակշռված քաղաքականությունն ունենալ»:

Հանդուրժողականության վնասը

ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Հրանուշ Խառատյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ էթնիկ ռասիզմը շատ սարսափելի բան է, սակայն Ռուսաստանի իշխանությունները հանդուրժում են այն: «Ռուսաստանում հիմա շիկացած մթնոլորտ է: Սպանությունների բացահայտումները շրջանցվում կամ ձգձգվում են: Դա քաղաքական ծրագրի մի մաս է կազմում: Կասկածում եմ, որ բաց կամ փակ նամակները կամ ցույցերն օգուտ կտան, եթե Ռուսաստանը հայերին ոչնչացնելու որոշում է կայացրել: Ռասիզմը շատ լուրջ պրոբլեմ է, եւ այն հայերի վրա չի վերջանա»,- ասաց նա: Հայ մտավորականները համոզված են, որ Ռուսաստանի առջեւ արժանապատիվ կանգնելու համար Հայաստանին հստակ հայեցակարգ է հարկավոր եւ պետք է աշխատել իրողությունն արտաքին աշխարհին ներկայացնել: «Մենք պետք է դրսի համար աշխատենք, մինչդեռ կինո ենք նկարահանում` «մեզ համար», գրքեր ենք տպում` «մեզ համար»,- ասաց Հ. Իգիթյանը:

«Լռելը կոնֆորմիզմ է», – ասաց բեմադրիչ Արմեն Մազմանյանը: Նա հայերին բնորոշ համազգային հանդուրժողականությունը «էշի հումանիզմ» անվանեց ու կոչ արեց Ռուսաստանում ապրող բոլոր հայ միլիոնատերերին Հայաստան վերադառնալ. «Վերցրեք ձեր միլիոնները, ձեր երեխաներին, հայկական որեւէ մի գյուղ վերցրեք ու այնտեղ բդեշխ դառեք»: Հ. Խառատյանն Ա. Մազմանյանի այդ կոչն իլյուզոր համարեց, քանի որ, իր կարծիքով, ի վերջո, կվերադառնան միայն «խեղճուկրակները», իսկ հարուստ հայերը Հայաստան չեն վերադառնա այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսական հավասար մրցակցության պայմաններ ու բաց սահմաններ չունենք:

Սակայն ստեղծված իրավիճակը միջամտություն է պահանջում, քանի որ սպանությունների թիվն օր օրի աճելու միտում ունի: Խոսքն, իհարկե, Ռուսաստանի հետ կապերը խզելու կամ Ռուսաստանին պատերազմ հայտարարելու մասին չէ, սակայն սեփական արժանապատվությունը հարկավոր է պաշտպանել: Երկու երկրների դեսպանությունները, մտավորականները եւ լրագրողները կարող են հասարակությանը ճիշտ ներկայացնել խնդիրը: Հ. Իգիթյանը նշում է, որ հարկավոր է վախենալ կտրուկ քայլերից, քանի որ Ռուսաստանը կարող է որոշել եւ Հայաստանից հանել իր ռազմական բազաները, իսկ դա, Հ. Իգիթյանի կարծիքով, կնշանակի, որ մենք կպարտվենք ապագա պատերազմներում: Ա. Մազմանյանն անընդհատ վախկոտ երեւալուն դեմ է. «Բողոքը պետք է մեր կեցվածքի մեջ լինի»: Իսկ Հ. Խառատյանը ցանկանում է Հայաստանում ավելի ակտիվ ու ձեւավորված հասարակական կարծիք ստեղծել:

Ընդ որում, ասուլիսի բոլոր մասնակիցներն էլ ասացին, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն իրավիճակը մեղմելու ու բացատրելու համար ոչինչ չի անում: Հենրիկ Իգիթյանը ռուս դեսպանին «բրեւնո» անվանեց, որը «երկու խոսք է ասում, խմում է ու գնում քնելու»: Ըստ նրա` ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը ոչ միայն անտարբերություն, այլեւ` բացահայտ հակահայկական մոտեցում է ցուցաբերում: «Դեսպանն ինձ ասաց. «Հայե՞ր են սպանում: Իսկ որտեղի՞ց գիտեն, ճի՞շտ են սպանում, թե՞ սխալ»,- հիշեց Հ. Իգիթյանը: Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների կյանքն այսօր ոչ մի պաշտոնական անձ կամ պաշտոնական փաստաթուղթ երաշխավորել չի կարող: Բռնությունների ալիքը դանդաղորեն ավելի ու ավելի է տարածվում, իսկ «Ռուսաստանը ռուսների համար» մոդայիկ կարգախոսը ռուս սքինհեդների համար սեփական վայրագություններն արդարացնելու միջոց է դառնում: Վայրագություններից պաշտպանվելու ու դրանք կանխելու համար ժամանակ չի մնում: