2006թ. հունիսին, պաշտոնավարման առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար (ԿԳՆ) Լեւոն Մկրտչյանը խոստացել էր համակարգը զերծ պահել կուսակցականացումից, որպեսզի կուսակցական պատկանելությունն ու գաղափարական համոզմունքներն ամենօրյա աշխատանքում իրենց զգացնել չտան:
Նախարարը մասնավորապես հայտարարել էր. «Հերթական անգամ պաշտոնավարելով, ես ամեն ինչ կանեմ, որ համակարգն աշխատի իբրեւ ամբողջական մասնագիտական համակարգ, որպեսզի վաղը մեր երեխաներին չուղարկենք «Օրինաց երկրի», հանրապետական կամ դաշնակցական դպրոց»: Ասուլիսի ժամանակ հնչած այս խոսքերին անդրադառնալու անհրաժեշտություն չէր լինի, եթե «168 Ժամի» խմբագրություն չայցելեին նախարարությունում կազմավորվող նոր մարմնի` Կրթության պետական տեսչության թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթին մասնակցող երկու քաղաքացի, որոնք կասկածի տակ էին առնում իրականացվող մրցույթի նպատակահարմարությունն ու դրանց անաչառությունը: Ինչպես գիտենք, 2001թ. ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն, քաղծառայողների գլխավոր եւ բարձրագույն խմբի պաշտոնների համալրումը տեղի է ունենում Քաղծառայության խորհրդի մրցութային հանձնաժողովների կողմից, սակայն բարձրագույն խմբի պաշտոնների նշանակման իրավասությունը պատկանում է պետական մարմնին, տվյալ դեպքում՝ ԿԳՆ-ին: Իսկ ղեկավար պաշտոն նշանակելու իրավասությունը` հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի վերաբերյալ, նախատեսված կարգով, իրականացնում է նախարարը: Լեւոն Մկրտչյանի հրամանով, օրերս ՀՀ ԿԳՆ Կրթության պետական տեսչության պետ է նշանակվել Խաչիկ Մուրադյանը, որը կուսակցական պատկանելությամբ դաշնակցական է: Տեսչության մոտ 25 թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթները դեռեւս ընթացքի մեջ են: Այս տարվա նոյեմբերի 10-ին տեսչության բաժնի պետի համար տեղի ունեցած մրցույթին մասնակցած անձանցից մեկն ասում էր. «Մրցույթի ժամանակ մասնակից կանանցից մեկին մերժեցին, հետո, ինչ-որ բան ճշտելուց հետո, ետ կանչեցին եւ անցկացրեցին: Այսպիսի բան Քաղծառայության խորհրդում չէր եղել, սա կուրիոզ էր: Պահանջվող կրիտերիաներն այնպիսին են, ավելի ճիշտ, նրանք այնպես են հարմարեցրել, որ տեսչության պետի եւ տեղակալի համար իրենց մարդիկ անցնեն: Քննությունների անցկացման կարգը սխալ է, իրենց մարդկանց են տեղավորում, որովհետեւ հաղթողներից ընտրություն կատարողը, միեւնույն է, նախարարն է լինում: Դաշնակցական լինելը հասկացանք, գոնե պաշտոն ստանձնողների համար պարտադիր պահանջ պետք է լինի մանկավարժական կրթություն ունենալու պայմանը, սակայն պաշտոնի անձնագիրն այնպես են հարմարեցրել, որ գրված է միայն` բարձրագույն կրթություն: Այսինքն, «զովետ» ավարտածը կարող է գնալ դպրոց եւ ստուգումներ կատարել: Արդյոք տվյալ անձինք ստուգումներ իրականացնելու բարոյական իրավունք ունե՞ն, նրանք դասամատյանների հետ աշխատելու փորձ պիտի ունենան, որ իմանան՝ որտեղի՞ց սկսել, որտե՞ղ վերջացնել: Հինգ տարվա մանկավարժը դեռ նոր սկսնակ ուսուցիչ է համարվում, այդ երիտասարդները ինչպե՞ս պետք է դպրոցներում ստուգումներ կատարեն»,- ասում էր ԿԳՆ-ում 7-8 ամիս պայմանագրով աշխատած քաղաքացին, որը չցանկացավ հրապարակել իր անունը, քանի որ մտադիր էր մինչեւ վերջ պայքարել տեսչության որեւէ պաշտոնում ընդգրկվելու համար: «Մենք կարծում ենք, որ պետք է այնպես անել, որ հաղթողների միջեւ կրկնակի մրցույթ հայտարարվի` ավելի բարդ հարցաշարերով: Սակայն ստացվել է այնպես, որ այն մարդիկ, ովքեր երկար տարիներ աշխատել են կրթության համակարգում` ժողկրթբաժնում, դպրոցում ուսմասվար կամ տնօրեն են եղել` չեն անցնում, իսկ նրանք, ովքեր ընդամենը սկսնակ ուսուցիչ են՝ ստանձնում են այդ պաշտոնները: Մինչեւ նոր նախարարի գալը 21 հոգի աշխատում էինք պայմանագրային հիմունքով, 21-իս էլ եկավ ու հանեց, պայմանագիրը չեղյալ համարեց, բերեց դաշնակցականներին: Մտածեցինք՝ ոչինչ, մրցույթին կմասնակցենք, կհաղթենք: Մեռանք հաղթելով, մեր ընկերներից մեկը հաղթեց տեսչության պետի ու պետի տեղակալի մրցույթների ժամանակ, որը շատ կարգին եւ լուրջ անձնավորություն է, բանաստեղծ է, բայց նրան պաշտոն չեն տալիս: Փաստորեն, նախարարի փոխվելուց հետո չեղյալ համարեցին մեր պայմանագրերը, ու երկու ամսվա համար իրենց մարդկանց բերեցին: Գործող օրենքն էլ է սխալ, մարդու գործոն են հաշվի առնում, քանի որ վերջում նախարարն է ընտրություն կատարում: Այնպես է ստացվում, որ եթե նախարարը դաշնակցական է՝ դաշնակներն են անցնում: Թող մրցույթներ չհայատարարվեն, այլ միանգամից նշանակումներ կատարվեն»,- ասում էին նրանք: Այս առնչությամբ, ԿԳՆ մամլո քարտուղար Լիլիթ Գալստյանը, որը լիազորված էր ներկայացնելու նախարարի (նախարարը բացակայում է հանրապետությունից) դիրքորոշումը, ասաց. «Ցավոք սրտի, տարածված սովորության համաձայն` ենթադրություններ են լինում, որ անպայման քաղաքական կուսակցությունների փոփոխությունների դեպքում փոխվում են նաեւ կադրերը: Լեւոն Մկրտչյանը նախարար նշանակվելու հենց հաջորդ օրը, այդ մտայնությունը փարատելու համար, լրագրողներին հայտարարեց, որ կադրային լուրջ փոփոխություններ չեն սպասվում, իսկ իր կադրային քաղաքականության հիմքում դրվելու է մասնագիտական պատրաստվածության գործոնը: Նրա պաշտոնավարման ողջ ընթացքում նախարարության որեւէ ստորաբաժանումում որեւէ կադր, մասնագետ, որը տիրապետում է իր աշխատանքին՝ չի փոխվել: Ինչ վերաբերում է Հանրակրթության պետական տեսչությանը, Լ. Մկրտչյանը հայտարարություն էր արել, նշելով, որ տեսչության թիվ մեկ խնդիրը լինելու է կրթական բարեփոխումներով իրականացվող կրթության որակի վերահսկումը: Տեսչությունը պետք է վերահսկի ոչ միայն կրթության որակը, այլեւ տարբեր կառույցների շրջանակներում իրականացվող վարկային եւ այլ ծրագրերի որակը: Տեսչությունը նոր ձեւավորվող կառույց է: Մինչեւ մրցույթի հայտարարվելն այս համակարգում ունեինք պայմանագրային աշխատողներ եւ ունենք նաեւ Քաղծառայության խորհրդով հաղթած աշխատողներ: Ես չգիտեմ, թե ովքեր են նման հայտարարություն անողները, կարող եմ ասել միայն, որ տեսչության պետ նշանակված Խաչիկ Մուրադյանը, ճիշտ է, կուսակցական է, բայց նա համակարգում նախարարի գալով չի հայտնվել, նա 2002-ից ԿԳՆ-ում աշխատում է որպես աշխատակազմի կադրերի բաժնի պետ: Իսկ նոյեմբերի 8-ին կայացած մրցույթի արդյունքում տեսչության պետի տեղակալ է նշանակվել Չեխովի դպրոցի ուսմասվար, անկուսակցական Վիկտորյա Սուքիասյանը: Բաժնի պետ է նշանակվել նաեւ Անահիտ Հարությունյանը, որը նույնպես ՀՅԴ-ական է»: Լիլիթ Գալստյանը հավաստիացնում էր, որ նա տեսչական աշխատանքի փորձ ունի, որովհետեւ նախկինում ԿԳՆ-ում աշխատել է մասնագետ եւ պատահական մարդ չէ համակարգում: Իսկ Նախակրթության տեսչավորման բաժնի պետ նշանակված Մ. Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Ռաիսա Գալստյանն անկուսակցական է: Մամլո քարտուղարի ասելով, կուսակցականության խնդիր չպետք է դնել, որովհետեւ, օրինակ, տեսչության պետի վարորդն «Ազգային Միաբանությունից» է, պայմանագրային հիմունքով աշխատողների մի մասն անկուսակցական են, մի հոգի էլ ՕԵԿ-ից է: Խմբագրություն այցելած մրցույթի մասնակիցները դժգոհում էին նաեւ Քաղծառայողների համար անցկացված մրցույթի ընթացքից: Քաղծառայության խորհրդի մամլո քարտուղար Գոռ Աբրահամյանի ասելով, իրենք օբյեկտիվության հետ կապված խնդիրներ չունեն, որովհետեւ աշխատում են թափանցիկ. լրագրողները դրանում համոզվելու համար կարող են ներկա գտնվել մրցույթներին: Մեկից ավելի հաղթողներից ընտրության դեպքում դժգոհողներ լինելու փաստը նա համարում էր բնական: Ինչ վերաբերում է նախորդ ուրբաթ անցկացված բաժնի պետի մրցույթին, Գ. Աբրահամյանը տեղեկացրեց, որ դիմողներից 3-ը չեն ներկայացել մրցույթին, 6-ին չեն թույլատրել մասնակցել համակարգչին չտիրապետելու պատրվակով: Ընդհանուր առմամբ` մրցույթին մասնակցել է 7 հոգի, որից հաղթող է ճանաչվել 5-ը: Ետ կանչված կնոջ միջադեպի առնչությամբ մամուլի քարտուղարը նշեց, որ նրա փաստաթղթերի վերանայման խնդիր է առաջացել, քանի որ վերջինիս բարձրագույն կրթությունը եղել է մաթեմատիկայի գծով, ինչը հանձնաժողովի անդամների մոտ երկմտելու տեղիք է տվել` բնագիտակա՞ն, թե՞ մանկավարժական կրթություն է այն: Մասնակցի փաստաթղթերը վերանայելուց հետո հանձնաժողովը որոշել է, որ նրա ունեցած բարձրագույն կրթությունը մանկավարժական է, եւ թույլատրել է մասնակցել մրցույթին, ինչն էլ դարձել է շահարկումների եւ անհիմն կասկածների առիթ: «Քաղծառայության խորհուրդը հանձնաժողովների միջոցով պաշտոններ նշանակելու որեւէ գործառույթ չունի: Նշանակման իրավասությունը պատկանում է տվյալ պետական մարմնին»,- ասում էր Գ. Աբրահամյանը: