Հայաստանը չի կարող լինել լոկ սպառող

18/11/2006

ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Իրաք: Օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ նախարարը հայտնել է, որ այցի նպատակն է տեղում ծանոթանալ հայ զինծառայողների առօրյային, ծառայության պայմաններին, ինչպես նաեւ` հանդիպել Իրաքի պաշտպանության նախարարի ու բազմազգ ուժերի ղեկավարության հետ: Հարցին, թե ի՞նչ վիճակում է հայկական զորախմբի ավագ լեյտենանտ Գեորգի Նալբանդյանը, որը նոյեմբերի 11-ին վիրավորվել էր Իրաքում տեղի ունեցած մարտական գործողության արդյունքում, Ս. Սարգսյանը պատասխանել է, որ երիտասարդ սպան տեղափոխվել է Գերմանիա, եւ, ինչպես իրեն տեղեկացրել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նա ասել է նաեւ, որ որոշ ժամանակ անց Նալբանդյանը կապաքինվի եւ կգա Հայաստան՝ շարունակելով ծառայությունը հայրենիքին: Նախարարն անդրադարձել է նաեւ Իրաքում հայ խաղաղապահների ծառայության ժամկետն ավելացնելու խնդրին՝ հայտնելով, որ ՊՆ-ն արդեն այդ հարցով դիմել է ԱԺ-ին: «Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Հայաստանը չի կարող լինել լոկ անվտանգության սպառող: Հայաստանն իր համեստ, բայց հաստատուն ներդրումը պետք է ունենա համաշխարհային անվտանգության պրոցեսներում», – նշել է Ս. Սարգսյանը: