Գիտենք, որ մեր հայրենակիցներն աշխատելու առումով գերադասում են արտերկիրը, սակայն ԱՎԾ-ն ձեզ առայժմ կարող է հրամցնել միայն Հայաստանի Հանրապետության տվյալները, 2005թ. համար։
Այսպես, համաձայն ԱՎԾ հետազոտության, աշխատանքով ապահովված լինելու առումով առաջին տեղում Արագածոտնի մարզն է։ 65.8 հազար տնտեսապես ակտիվ բնակիչներից աշխատանք չունի ընդամենը 1300-ը։ Այսինքն, գործազրկության մակարդակն այս մարզում կազմում է 1.98%։ Եթե մի փոքր էլ հասկանալի ասենք, ապա աշխատելու ունակ 100 բնակչից ընդամենը երկուսն են, որ աշխատանք չունեն։ Այս առումով, երկրորդ տեղում Արարատի մարզն է (գործազրկության մակարդակը` 2.76%), իսկ երրորդում՝ Արմավիրը՝ ընդամենը 3.1% գործազրկության մակարդակով։ Իսկ ամենավատ վիճակում գտնվում է Շիրակի մարզը, որտեղ գործազրկության մակարդակը 18.13% է։ Այլ կերպ ասած, ամեն 5-րդ աշխատունակ քաղաքացին աշխատանք չունի։ Աշխատաշուկայի խնդիրներ ունեն նաեւ Լոռու (17.72%) եւ Սյունիքի (17.50%) մարզերը։ Երեւանում գործազուրկների թիվը կազմել է 24500, կամ՝ 7.55%։ Իսկ ողջ հանրապետությունում գործազրկության մակարդակը կազմել է 8.2%։ Հիշեցնենք, որ այս տվյալները վերաբերում են նախորդ տարվան։
Աշխատատեղերի դեֆիցիտով աչքի ընկնող Սյունիքի մարզը փոխարենը հանրապեպետությունում առաջատարն է մեկ այլ ցուցանիշով՝ միջին ամսական անվանական աշխատավարձով։ Այս ցուցանիշով Սյունիքն առաջն է անցել անգամ Երեւանից։ Եթե 2005թ. Երեւանում ամսական միջին աշխատավարձը 57.414 դրամ էր, ապա Սյունիքում այն կազմել է 61.467 դրամ։ Բարձր աշխատավարձեր են ստանում նաեւ արմավիրցիները՝ ամսական միջինը 50.999 դրամ։ Ամենացածր ամսական աշխատավարձը վիճակագիրներն արձանագրել են Տավուշում (38.351դրամ) եւ Արագածոտնում (39.295 դրամ)։
Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Սյունիքում աշխատավարձերը բարձր են, բայց աշխատելու տեղ չկա, իսկ, օրինակ, Արագածոտնում աշխատատեղեր շատ կան, բայց քիչ են վճարում։
Վերջում անդրադառնանք գների մակարդակին՝ ըստ մարզերի։ Եթե հիշում եք, վիճակագիրները 2005թ. նկատմամբ արձանագրեցին գնանկում՝ 0.2%-ի չափով։
Պարզվում է՝ անցյալ տարվա վերջի դրությամբ (2005թ. դեկտեմբերը համեմատած 2004թ. դեկտեմբերի հետ) գների աճ արձանագրվել է միայն Երեւանում, այն էլ շատ չնչին չափով՝ 0.8%-ով։ Իսկ մյուս բոլոր մարզերում վիճակագիրներն արձանագրել են գների նվազում։ Անցյալ տարվա ընթացքում գներն ամենից շատ նվազել են Արմավիրում (3.9%), Սյունիքում (3.7%) եւ Արագածոտնում (2.4%)։
Վերջում միայն ավելացնենք՝ այս ամենն Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալներն են, որոնք կարող են զգալիորեն տարբերվել իրականության մասին ձեր պատկերացումներից։