Անմիտ հրահանգներ

07/05/2005

Նախազգուշական գրությունների հեղինակների երեւակայությունը սահման
չունի։ Այդ է վկայում Spiegel-Online-ի ընթերցողներից ստացված անիմաստ
նախազգուշացումների հավաքածուն։ «Մի օգտվեք ֆենից քնի մեջ», «Խնդրում ենք
չխմել այս մոտոցիկլով երթեւեկելիս», «Մի լողացրեք կատվին լվացքի
մեքենայում» եւ այլն։
Spiegel-Online-ի կոչին արձագանքել է ավելի քան հարյուր ընթերցող եւ
ուղարկել իրենց սիրելի արտահայտությունները։ Ոչ գիտական հետազոտության
արդյունքում պարզվել է, որ հիմար նախազգուշացումների քանակով ու որակով ոչ
մի ազգ չի կարող գերազանցել ամերիկացիներին։ Թեեւ նամակագիրների
մեծամասնությունը գերմանացիներ են, բայց նրանց կեսը բերում են Ամերիկայում
հանդիպած օրինակներ։ Նամակագիրներից մեկն ամերիկյան հանրային զուգարանում
ջրահեռացման բաքի վրա տեսել էր այսպիսի գրություն. «Ջուրը չխմել»։ Իսկ մեկ
ուրիշը ֆենի հրահանգների մեջ գտել էր այսպիսի արտահայտություն.
«Չօգտագործել ինտենսիվ թերապիայի բաժանմունքում թթվածնի ընդունման
ժամանակ»։
Վնասի համար արտադրողից փոխհատուցում ստանալու հին ու հիմար սովորույթն
ամերիկյան ընկերություններին դարձրել է ծայրահեղ զգուշավոր։ Նման
նշումներով իրավաբանական բաժանմունքներն ապահովագրում են իրենց
ընկերությունը ապրանքն ամեն հնարավոր ու անհնար ձեւերով օգտագործողներից։
Նրանց կարգախոսը մեկն է՝ ավելի լավ է մեզ վրա ծիծաղեն, քան հետո
դատարանում ստիպված լինենք միլիոններ վճարել։
Նման անմտությամբ վարակվել է նաեւ Գերմանիան։ Ընթերցողներից մեկը սալօջախի
հրահանգներում կարդացել է այսպիսի արտահայտություն. «Սալօջախի ջեռակները
չօգտագործել բնակարանը տաքացնելու նպատակով»։ Նույն տեղում կա մեկ ուրիշ
հրահանգ. «Սալօջախը մաքրել միայն անջատված վիճակում»։
Հ.Գ. Մի գային տեսնեին, թե Հայաստանում բնակարաններն ինչերով են տաքացվում։

Տ.Պ.