«Ռուսաստանը Վրաստանի տարածքում պատերազմ է նախապատրաստում»,- հայտարարել է Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: «Նրանք մեզ մեղադրում են, թե մենք իբր մտադիր ենք ռազմական գործողություններ սկսել, բայց Ռուսաստանի վերջին հայտարարություններն ու գործողությունները մեզ հանգեցնում են հետեւության, որ իրականում հենց Մոսկվան է պատերազմ նախապատրաստում»,- «Ռոյթերս»-ի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի վարչապետը: Որպես Ռուսաստանի կողմից ռազմական պատրաստությունների վառ ապացույց, Նողաիդելին մատնանշել է Հարավային Օսիայում նախօրեին կայացած հանրաքվեն: Վրաստանի վարչապետը երեկ Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը նախատեսում է մինչեւ եկող տարվա վերջը 80%-ով կրճատել երկրի կախվածությունը Ռուսաստանից մատակարարվող գազից: Ըստ «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի, Նողաիդելին հույս է հայտնել, որ «իրականում Վրաստանի գազի պահանջարկի միայն 20%-ը կբավարարվի Ռուսաստանի հաշվին»: Վրաստանի վարչապետը տեղեկացրել է, որ էներգառեսուրսների լրացուցիչ մատակարարումների շուրջ ներկայումս ինտենսիվ բանակցություններ են ընթանում այլ երկրների, մասնավորապես, Ադրբեջանի հետ: Այսօր Վրաստանի վարչապետը մասնակցելու է Եվրամիություն-Վրաստան համագործակցության խորհրդի նիստին: