Քոչարյանը` Շրյոդերի ճանապարհո՞վ

18/11/2006 Տ.ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան վերջին այցի հիմնական նպատակներից մեկը եղել է Հայաստանում առաջիկայում կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների վերաբերյալ պուտինյան վարչախմբի տեսակետների ճշտումը: Թեպետ այցի պաշտոնական ծրագրում նման կետ արձանագրված չէր, բայց հետաքրքրական է, որ այդ մասին գրեցին ռուսաստանյան գրեթե բոլոր լրատվամիջոցները: Իսկ ռուսաստանյան մեր աղբյուրների հավաստմամբ` Վրադիմիր Պուտինի հետ բանակցությունների լրատվամիջոցների համար փակ հատվածում Ռոբերտ Քոչարյանին ուղղակի ասվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ Հայաստանի համար ոչ բարենպաստ զարգացումներից եւ ներքաղաքական ֆորսմաժորային իրավիճակներից խուսափելու միակ ուղին, չի բացառվում, որ մոտ ապագայում կարող է մնալ միայն Ռոբերտ Քոչարյանի հրաժարականն իր պաշտոնից: Ըստ մեր աղբյուրների` չնայած այն բանին, որ Վրադիմիր Պուտինը Ռոբերտ Քոչարյանին հավաստիացրել է, թե նրա հրաժարականի տարբերակն ամենեւին էլ ցանկալի չէ Ռուսաստանի ղեկավարության համար, քանի որ ՀՀ գործող նախագահը ՌԴ ղեկավարության կողմից ընկալվում է որպես իրենց երկարամյա եւ վստահելի գործընկեր, այնուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը արագացնելուն ձգտող ԱՄՆ-ի ճնշումները մոտ ժամանակներս (նախընտրական բուռն զարգացումների շեմին) կարող են ծայրաստիճան ուժեղանալ, որին դիմագրավելն առանց «վիրահատական» կամ «զոհաբերական» մեթոդների կարող է անհնար դառնալ: Այլ խոսքով՝ պաշտոնական Մոսկվան Ռ. Քոչարյանին առաջարկել է ճիշտ ժամանակին հեռանալ՝ միաժամանակ առաջարկելով նրա քաղաքական ապագայի համար բավականին հրապուրիչ տարբերակներ, բնականաբար՝ Ռուսաստանի ամենաբարձր հովանու ներքո: Մասնավորապես` Ռ. Քոչարյանին առաջարկել են մտածել «Գազպրոմի» ռեգիոնալ խոշոր նախագծերից մեկի ղեկավար լինելու շուրջ (սա շատ նման է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի գերմանական վերջին ընտրություններում պարտություն կրելուց հետո նույն «Գազպրոմում» աշխատանքով ապահովելու՝ Պուտինի իրականացրած ծրագրին), կամ ԱՊՀ քարտուղար դառնալու հեռանկարի վերաբերյալ: Ճիշտ է, վերջին տարբերակում որոշակի հասկանալի խնդիրներ կարող են առաջանալ Ռ. Քոչարյանի թեկնածության վերաբերյալ` կապված Ադրբեջանի դիրքորոշման հետ, սակայն Իլհամ Ալիեւի հետ պայմանավորվելու գործն էլ Պուտինը հավանաբար իր վրա կվերցնի: Սակայն մեր աղբյուրների պնդմամբ` Ռոբերտ Քոչարյանն իր հերթին Վլադիմիր Պուտինին առաջարկել է մտածել իր՝ վարչապետ դառնալու տարբերակի շուրջ: Ի դեպ, այս տարբերակի լոբբինգ անելու պատրաստակամությունը ստանձնել է նաեւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, որն, արդեն երկար տարիներ սերտ անձնական եւ գործնական հարաբերություններ ունի ՀՀ նախագահի հետ: Միեւնույն ժամանակ մեր աղբյուրները չեն բացառում, որ երկարացված աշխատանքային այցի երրորդ լրացուցիչ օրվա ընթացքում ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Մեդվեդեւի եւ Էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոյի հետ նախապես չծրագրավորված հանդիպումները ոչ միայն պայմանավորված էին ընթացիկ կնճռոտ էներգետիկ եւ այլ տնտեսական հարցերի քննարկմամբ, այլեւ Ռ. Քոչարյանի ապագայի շուրջ արված առաջարկությունների մանրամասնությունները քննարկելու անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ «Գազպրոմում» հետագայում աշխատելու տարբերակի շուրջ: