Լազերային բժշկությունը վտանգավոր չէ՞

18/11/2006 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Լազերը ճառագայթային բժշկության հետ ոչ մի կապ չունի: Այն ուղղակի ինտենսիվ լույս է: Գոյություն ունեն կանաչ, կարմիր, կապույտ, դեղին հատուկ սպեկտրի լույսեր: Մենք օգտագործում ենք միայն կարմիր լույսը: Մինչեւ բուժման կուրս սկսելը բոլոր հիվանդները պարտադիր հետազոտության են ենթարկվում: Մեր մեթոդիկայի համար առաջին հակացուցումը նորագոյացություններն են: Ովքեր հաճախում են կամ գոնե մի անգամ անցել են դրա միջով, շատ լավ են տրամադրված եւ հասկանում են, թե ինչի մասին է խոսքը: Բայց ժողովրդի մոտ սխալ մոտեցում կա, ավելի ճիշտ` այդ թերությունը կապված է անվան հետ: Ի սկզբանե, այդ ամեն ինչի անունը դրել են լազերային ճառագայթում: Մարդիկ, երբ լսում են ճառագայթում բառը, առաջին հերթին Չեռնոբիլն են հիշում, իսկ կլինիցիստները մեղավոր չեն այդ անվանման համար: Թող լիներ լազերային դաշնամուր, կասեինք` լազերային դաշնամուր: Մենք աշխատում ենք ժողովրդին բացատրել, որ բուն ճառագայթման հետ լազերային բժշկությունը ոչ մի կապ չունի: Սա ուղղակի ինտենսիվ լույս է»,- ասում է Երեւանում շուրջ 6 տարի գործող «Դոկտոր Լազեր» բժշկական կենտրոնի ղեկավար, մանկաբույժ-նեոնոլոգ Արմեն Աբրահամյանը: Լազերը մինչեւ անցյալ դարի 30-ական թվականները կիրառվել է միայն ռազմական տեխնիկայի բնագավառում: Սակայն տարիների ընթացքում ապացուցվել է, որ այն վնասակար չէ, եւ սկսել են օգտագործել նաեւ մարդկային օրգանիզմի վրա: Ինչպես տեղեկացնում է Ա. Աբրահամյանը, 1970-ական թվականներից լազերը կիրառվել է վիրաբուժության եւ կարդիոլոգիայի մեջ` հիմնականում Ռուսաստանում: Նախկին կապիտալիստական երկրների օրեսդրությունը թույլ չի տվել, որպեսզի լազերն անարգել կիրառվի նրանց առողջապահական համակարգում: Պատճառն այն է եղել, որ արտասահմանյան մասնագետներին չեն բավարարել պրակտիկայում առկա կլինիկական արդյունքները, իսկ, ինչպես հայտնի է, այդ երկրներում առաջնությունը տալիս են միայն ապացուցողական բժշկությանը: Ներկայումս իրավիճակը փոքր-ինչ այլ է` ռուսական դպրոցի կլինիկական բազան եւ արեւմտյան տեխնիկական միջոցները փորձում են համակցել եւ մեծ արդյունքներ են տալիս: Ինչպես նշում է «Դոկտոր Լազեր»-ի ղեկավարը, արդեն երկու տարի է, իրենք համոգործակցում են Կորեայի ՍՕԳԱԿԻ համալսարանի ներկայացուցիչների հետ: Նրա ասելով, 1889թ. դանիացի ֆիզիոթերապեւտ Հենզելն առաջին անգամ արեւի ճառագայթման` կարմիր սպեկտրի միջոցով բուժում է իրականացրել, որից հետո այն վերանվանվել է լազեր, իսկ 1890թ. Էյնշտեյնը մաթեմատիկորեն է ապացուցել լազերի հիմունքները, գոյացումը, կիրառումը, որի համար արժանացել է Նոբելյան մրցանակի: Այնպես որ, լազերը կարելի է ստանալ ցանկացած բանից, եւ, Ա. Աբրահամյանի հավաստմամբ, այս ոչ ավանդական բժշկությունն անվտանգ է: Նրա համոզմամբ, պետք չէ սարսափել լազերային բժշկությունից, քանի որ անգամ Երեւանի փողոցներում ամրացված նեոնային գովազդային վահանակները լազերային էֆեկտներով են աշխատում: Փաստորեն, բժշկության մեջ օգտագործվում են բոլոր սպեկտրի լազերները, իսկ թերապեւտիկ բժշկության մեջ` միայն կարմիր լույսը: Կարմիրն ավելի մեծ հզորությամբ կիրառվում է նաեւ վիրաբուժության մեջ: Ավելին, մեր օրերում Ռուսաստանում լազերային բժշկությունն աննախադեպ լայն կիրառում ունի. այնտեղ վիրահատություններն իրականացվում են հիմնականում լազերի օգնությամբ, ըստ մասնագետների` սա շատ արդյունավետ եղանակ է, քանի որ լազերն օժտված է հականեխող էֆեկտով եւ վիրահատության ժամանակ չի վնասում հարակից հյուսվածքները: Ժամանակակից կոսմետոլոգիայում` կնճիռների հարթեցումը նույնպես տեղի է ունենում հզոր լազերների շնորհիվ, իսկ կանաչ գույնի լազերն օգտագործվում է նորագոյացությունների բուժման ժամանակ: «Կորեացիների հետ համագործակցության հիմնական ուղղությունը դիաբետիկներ են: Դիաբետի ժամանակ կիսով չափ նվազեցվում է օգտագործվող դեղորայքի քանակությունը: Եթե հիվանդն ինսուլին ստանում է երեք անգամ, ապա կուրսերի շնորհիվ կարող է ստանալ ընդամենը մեկ կամ երկու անգամ: Բուժումը կրկնելու դեպքում կարող ենք ստանալ այնպիսի արդյունք, որ հիվանդը հրաժարվի ինսուլինից եւ ստանա միայն դեղորայք: Ճիշտ է, շաքարախտն այսօր ողջ աշխարհում անբուժելի հիվանդություն է համարվում, սակայն լազերոթերապիան հիվանդի վիճակը թեթեւացնելու հնարավորություն է տալիս: Արդեն ունենք կոնկրետ արդյունքներ: Քանի որ մարդու հետ գործ ունենք, մոտեցումն էլ անհատական է լինում: Թեպետ պետք է ասեմ, որ մեր էնդոկրինոլոգները նորամուծությունները շատ վատ են ընդունում եւ շատ դժվար են գնում կոնտակտի: Իսկ կորեացիները գոհ են համագործակցության արդյունքներից եւ ցանկություն ունեն երկարաձգել պայմանագիրը մինչեւ 2015 թվական»,- հավաստիացնում է բժիշկը: Լազերային բժշկության նկատմամբ հասարակության մեջ ձեւավորված խորթ վերաբերմունքը կարծես թե պայմանավորված չէ ծառայության գներով, որովհետեւ, Ա. Աբրահամյանն ասում է, որ Ռուսաստանում նմանատիպ բուժման կուրսի արժեքը սկսվում է 500 ԱՄՆ դոլարից, իսկ կոսմետոլոգիայում` 1 քառակուսի սանտիմետրը եռանիշ թվերի է հասնում: Հայաստանում դրանք 10 անգամ ավելի էժան են: Լազերային կլինիկայի տնօրենը կողմնակից չէ նաեւ հիվանդներին համոզելու պրակտիկային: Նա կարծում է, որ հիվանդը բուժման որոշումն անձամբ պետք է կայացնի: Ինչ վերաբերում է շրջանառվող այն խոսակցություններին, թե լազերային բժշկությունն արգելված գործունեության տեսակ է, Արմեն Աբրահամյանը նշում է, որ կառավարության կողմից սահմանված լիցենզավորված բժշկական ծառայությունների ցանկում չի արգելվում գործունեության այս տեսակը, ինչպես նաեւ չի արգելվում լազերային սարքավորումներ տեղադրել ֆիզիոթերապիայի կաբինետներում: «Մենք ունենք լազերային ֆիզիկայի ինստիտուտ, այսօր ցանկացած հիվանդանոցում կա որեւէ լազերային սարք: Մեր լազերը իր ֆիզիկայով եւ բիոֆիզիկայով ի վիճակի չէ վնասել մարդուն»,- հավաստիացնում է Ա. Աբրահամյանը: Մենք հետաքրքրվեցինք նաեւ մայրաքաղաքի գլխավոր էնդոկրինոլոգ Էլզա Հայրապետյանից, թե ինչպե՞ս է վերաբերվում լազերոթերապիային: Նա նշեց, որ իրենց պրակտիկայում հելոնեոնային կարմիր լազերը կիրառվում է միայն արտաքին եւ ներքին վերքերի բուժման ժամանակ, ինչն արագացնում է դրանց բուժումը, սակայն ոչ ինսուլինոթերապիայի ժամանակ: