Ինքնակամ կառույցների օրինականացման վերաբերյալ օրենքի ժամկետն անցյալ տարի համարվում էր ավարտված, մինչդեռ պրն Մուրադյանի տեղեկացմամբ՝ ներկայումս կառավարության որոշմամբ՝ օրենքը կրկին գործում է: Քաղաքապետարանի կողմից ներկայումս կատարվում է մայրաքաղաքի ինքնակամ կառույցների գույքագրում: Քաղաքաշինական նորմերին համապատասխան օբյեկտները գույքագրումից հետո կօրինականացվեն: Պետական սեփականություն համարվող ինքնակամի սեփականատերը, լիազորված անձը, տվյալ դեպքում` Երեւանի քաղաքապետարանն օրենքով եւ կառավարության որոշումներով սահմանված սակագներով դրանք կվաճառի հայտատուին:
Շինարարության եւ հողի վերահսկողության աշխատանքները կարգավորող քաղաքապետի խորհրդականը կարծիք հայտնեց, որ ներկայումս մայրաքաղաքի շինարարությունն անհամեմատ վերահսկելի է դարձել: «Վերջին ժամանակահատվածում մայրաքաղաքի տարածքում խոշորածավալ բնույթի օբյեկտների կառուցապատումներ չունենք, սակայն դա դեռ չի նշանակում, որ ինքնակամ կառուցապատումների նախաձեռնումներ չկան»,- մանրամասնեց Հ. Մուրադյանը՝ նախազգուշացնելով, որ քաղաքը զերծ չէ նման բնույթի կառուցապատման դեպքերից: Նա մասնավորապես նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, երբ ինքնակամ կառուցապատվում էին բենզալցակայաններ, գազալցակայաններ, մանսարդներ, մեծ շենք-շինություններ՝ այսօրվա ինքնակամ կառուցապատումները հիմնականում փոքրածավալ են: «Մեր զբաղվածությունն ավելի շատ ուղղված է լինում նաեւ օրինական փաստաթղթերի ձեւակերպմամբ ընթացող շինարարական աշխատանքներին, որի ժամանակ մեր կառուցապատողները կարծես մոլուցքով լցված լինեն, որպեսզի շինարարության ընթացքում ստանձնեն նախագծող ճարտարապետի դեր եւ որոշեն ինքնուրույն նախաձեռնություններով, նոր լուծումներով շարունակել աշխատանքները: Կառուցապատողները հետագայում հայտնվում են տհաճ իրավիճակում, քանի որ մեր պահանջով ստիպված են լինում իրենց ձեռքով քանդել, վերացնել նախագծային շեղումները»,- նշեց նա: Ի դեպ, քաղաքապետի հանձնարարությամբ՝ վարչությունը ներգրավված է եղել քաղաքապետարանի կողմից իրականացվող քաղաքաշինական ծրագրերի իրականացման աշխատանքներին: «Ականատես եղանք Կոմիտաս պողոտայի վերակառուցման աշխատանքներին: Այդ թվում՝ նախկինում գոյություն ունեցող անշուք, չթույլատրվող վայրերում տեղադրված կրպակների ապամոնտաժմանը, որոնք թվով 45-ն էին: Նույն Տիգրան Մեծ եւ Իսակովի պողոտաներում բազմաքանակ կառույցներ տարածքներից դուրս բերվեցին եւ դրանց որոշ մասն արդիականացվեց»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Թբիլիսյան խճուղում, Ջրվեժի հատվածում եւ Զովունի տանող հատվածում նույնպես նմանատիպ աշխատանքներ են կատարվել: Հ. Մուրադյանի հավաստմամբ՝ կա ՀՀ կառավարության որոշում, ըստ որի, մայրուղիների նկատմամբ պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել: Հետեւաբար նախատեսված է այդ հատվածներում հարակից մարզպետարանների վարչական սահմաններում մայրուղիների վրա կառուցապատման համաձայնեցված նախագծերն անպայմանորեն վերահամաձայնեցնել նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետի հետ: «Ամեն շաբաթ մեր խորհրդակցության ժամանակ զեկուցվում է քաղաքապետին, եւ այսօր էլ զեկուցեցինք, որ նախորդ շաբաթվա ընթացքում վերահամաձայնեցումներ են եղել 4 շինարարական օբյեկտների համար, իսկ այն օբյեկտները, որոնք դեռեւս նախագծային վերահամաձայնեցումներ չեն ունեցել գլխավոր ճարտարապետի հետ՝ դրանց աշխատանքները դադարեցված են»,- վստահեցրեց քաղաքապետի խորհրդականը: Օրենսդրական փոփոխության արդյունքում ցանկացած ինքնակամ կառուցապատում համարվում է պետական սեփականություն: Ցանկացած ինքնակամ կառուցապատման համար տվյալ տարածքը սպասարկող տեսուչին կարգադրված է կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն, որոնց օրինակներն ուղարկվում են թաղային համայնքներ, վարչական իրավախախտումների հանձնաժողով, Երեւան քաղաքի Ոստիկանություն եւ Դատախազություն: