Սեդա տատը չնայած իր 73 տարվա ծանր տառապանքին՝ այսօր էլ լավատես է: Շուտով նա կդառնա 73 տարեկան: Իր ծննդյան ամենալավ նվերը, ասում է, կլինի այն, որ իր հիշողություններից մաքրի Ղարաբաղյան պատերազմը: «Ամենասարսափելին պատերազմն ա, բալես: Պատերազմի վերցրածը կարալ չես հետ ուզես»,- ասում է նա՝ հիշելով Ղարաբաղի Թալիշ գյուղում ապրած իր տարիները, որից նրա դեմքի կնճիռներն ավելի են խտանում: Ասում է՝ պատերազմը սկսվելուն պես Թալիշում որդին 4 երեխաների խնամքը թողել է իր եւ հարսի վրա ու գնացել կռվելու: Որդու անունը տալու հետ մեկտեղ Սեդա տատի աչքերը կարմրում են, ու նա երեխայի պես սկսում է լաց լինել: Ապա թոռների խիստ հայացքից ազդվելով՝ զսպում է, ինքն իրեն կարգի է բերում ու շարունակում պատմել. «Երեխեքի հետ եկանք ստեղ, տղես մնաց կռվելու: Եկանք ստեղ, բարի մարդիկ կային, մեզ 3 տարի պահեցին: Նենց փախանք, որ վեշ, շոր ոչ մի պյան ալ պիրալ չենք: 4 երեխանց հազիվ փախցրինք, պիրանք ստեղ»,- պատմում է Սեդա տատն ու վստահեցնում, որ մինչ օրս որդուն է սպասում: Հարցնում եմ՝ «Ո՞ղջ է ձեր տղան»: Ուսերն է թափ տալիս ու նայում հարսի կողմը: Հարսը խմոր հունցելու հետ մեկտեղ ալյուրոտ ձեռքերով անցնում է պատի հետեւն ու Սեդա տատի աչքից հեռու գլուխն է օրորում՝ հասկացնելով, որ ամուսինը զոհվել է: Հանրակացարանում ապրող այս ընտանիքն, ի տարբերություն շատ փախստականների՝ կարողացել է շուրջբոլորը կարգի բերել, սենյակը հարմարավետ դարձնել. Սեդա տատն ասում է՝ «Է՜հ, բալես, նեղության պահին մարդիկ համախմբվում են, մի հանգի հարմարվեցինք, տունը սրբեցինք, օգնեցին, մեզ յոլա տարան»: Հարցնում եմ՝ «Կուզեի՞ր քո ծննդավայրում ապրել, կգնայի՞ր ձեր գյուղ»: «Չէ՛, չէ՛, ցավդ տանեմ, էլ ուժ չկա, որ նորից սկսենք: Երեխանք, որ փոքր էին, էն վախտը կուզեի գնայինք, հիմա հազիվ միամիտ ապրում ենք, հազիվ խախանդվել ենք: Է՜ մինչեւ էս կյանքին սվորեցինք… Գյուղ տեղից որ կտրվում ես, էն ա էլ կարըմ չես: Գյուղ տեղում հացը, ցախը, օջախը, թացը… Շուկա գնալուն սվորող երեխեն կարալ չի հողի մաստը բռնիլ: Տենց պյաներ, ցավդ տանեմ: Ինչ եկալ եմ ստիան` տղիս եմ սպասում»,- կրկին վերադառնալով կորցրած որդու թեմային` ասում է Սեդա տատը, ապա, թե՝ «Փաստաթղթերով անհետ կորած ա, բայց 1992 թվի հունիսի 16-ին տեսնող ա եղել, որ վիրավորվել ա, հետո էլ զոհվել ա: Ցավդ տանեմ, բայց ես սպասում եմ իրան»: Հարցնում եմ՝ «Ինչպե՞ս եք ապրում»: Սեդա տատի հարսն այդ հարցին պատասխանելու պատասխանատվությունը վերցնում է իր վրա ու զայրույթով ասում. «Անունով 50%-ով զեղչեր են տալիս զոհվածների կամ անհայտ կորածների ընտանիքներին, բայց մենակ զեղչի անունն են հանել: Երկու աղջիկներս էլ սովորում են Մանկավարժական ինստիտուտում, մեկը՝ բանասիրականում, մյուսը՝ նկարչականում, ոչ մի ընդառաջում, ոչ մի զեղչ: Փառք Աստծո, որ ընդունակ երեխեք են»: Բանասիրական ֆակուլտետի ուսանողուհին էլ վստահեցնում է, որ մեր պետությունն ամեն ինչ անում է, որ իր նման երիտասարդները հայրենիքում իրենք իրենց մենակ զգան: Սեդա տատը վերջին անգամ տարիներ առաջ գնացել է Թալիշ թոշակի համար փաստաթղթերը վերցնելու: Ասում է՝ «400 վայեննի կա, մեկ էլ ծերերն են մնացել: Գյուղում ջահել-ջուհուլ գոյություն չունի, սաղ էն աշխարհ գնացող մարդիկ են: Մարդն ամեն ինչին էլ հարմարվում ա: Ախր գնացի հասա գյուղ, բա գոնե իմ տղու գերեզմանը չլինի՞, որ մղկտամ, հանգստանամ»: Սեդա տատի ուսանողուհի թոռը վկայում է, որ, երբ ինչ-որ հարցով դիմում են Փախստականների կոմիտե՝ պատասխանում են՝ «Ձեր գյուղն ազատագրված է, գնացե՛ք էնտեղ ապրեք»: Իսկ Սեդա տատը թոռնուհու ասածից սրտնեղելով` բացատրում է. «Չէ՛, ցավդ տանեմ, ուրիշներին են ասում, մեզ ասում չեն»: 73-ամյա այս կնոջ մեջ բոլորին հաշտեցնելու ու խաղաղ մթնոլորտ ապահովելու ձգտումն այնքան մեծ է, որ, երբ թոռները կամ հարսը սկսում են ինչ-որ բանից դժգոհել` անմիջապես մեղմում է խոսակցությունը. «Հարսս ու թոռներս ինձ պահում են, ցավդ տանեմ, փառք Աստծո, Ղարաբաղից եկած մարդիկ հիմա շատ նեղն են, բայց մեզ օգնեցին, ոտի կանգնացրին: Լյավ կլի, ցավդ տանեմ»: