Երեւակայել պետք է դասականն իմանալուց հետո

07/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Ապոլլո» խանութ-սրահի հրավերով երկօրյա այցով Երեւանում էր հանրաճանաչ
մոդելյոր Վյաչեսլավ Զայցեւը: Նա սկսել է իր նորաձեւությունը ստեղծել, երբ
ոչ ոք չգիտեր՝ ինչ են նշանակում haute couture եւ pret-a-porte բառերը:
Սովետական ժամանակներում նրան «կարմիր Դիոր» էին անվանում, նա ԽՍՀՄ առաջին
մոդելյորն էր, ում հրավիրեցին Փարիզ՝ բարձր նորաձեւության
ցուցադրումներով։ Հիմա շատ բան է փոխվել։ Զայցեւի Նորաձեւության տունն
ահռելի մի համալիր է դարձել, որտեղ 100-ից ավելի մարդ է աշխատում, ուր
գործում են մի քանի դասի սրահներ, նորաձեւության թատրոն, մոդելային
գործակալություն եւ նորաձեւության լաբորատորիա, որը բուհի կարգավիճակ
ունի։ Զայցեւը չի ենթարկվում մոդայի սեզոնային տատանումներին եւ արդեն 40
տարի անում է մի բան՝ փորձում է հասկանալ եւ ընդգծել կանանց գաղտնիքը:
Իզուր չէ, որ նրա վերջին կոլեկցիան՝ ցուցադրված հունվարի սկզբում,
«Գայթակղության գաղտնիքներ» էր կոչվում։
– Կինը պիտի լինի շքեղ, նրբագեղ, խորհրդավոր եւ սեքսուալ։ Ես 40 տարի
մերկացնում ու հագցնում եմ կանանց։ Տգեղ կանայք չկան, կան ծույլ կանայք։
Նշանակություն չունի՝ կինը գե՞ր է, թե՞ նրբակազմ, նա պետք է կատարելության
ձգտի։ Ես գեղագետ եմ: Տեսեք, Fashion ալիքով անընդհատ մերկ կանանց են
ցուցադրում, մոռանալով, որ կինն ավելի գրավիչ է, երբ կիսահագնված է, այլ
ոչ թե՝ կիսամերկ:
– Իսկ միգուցե նա ներքնազգե՞ստ է ցուցադրում:
– Ներքնազգեստը պետք է ցուցադրել փակ ցուցադրությունների ժամանակ՝ հատուկ
մասնագետների համար: Ինչո՞ւ մերկ կանանց նայել, եթե լուսանկարներ կան: Եվ
հետո կանայք շատ հազվադեպ են նայում այսպիսի նորաձեւություն, հիմնականում
դա տղամարդկանց համար է:
– Դուք առաջին մոդելյորն էիք ԽՍՀՄ-ում, ով բարձր մոդան բիզնես մտցրեց:
– Երբ ես սկսեցի մոդա անել, Ռուսաստանում բիզնես չկար: Դա 60-ականների
սկզբում էր: 1965-78թթ. ես էքսպերիմենտալ խմբի կազմում ստեղծում էի մոդա
ամբողջ երկրի համար: 80 թվականին պաշտոնական մոդայից հեռացա եւ ստեղծեցի
իմ նորաձեւության տունը, որը զբաղվեց haute couture մոդայով: Այսինքն, ես
սկսեցի աշխատել կոնկրետ անձնավորությունների համար: Ոչ թե բոլորին միասին
էի հագցնում, այլ՝ ամեն մեկին առանձին: Եվ դրանում գտա իմ կոչումը: Ես
հասկացա, որ մարդն էլիտար է, այսինքն՝ մոդան հաշվարկված պիտի լինի
անհատականության համար, պիտի լինի այն ոլորտը, որտեղ մարդը կկարողանա
անհատական իր կերպարը ստեղծել: Մասսայական մոդան իր մեջ չի կրում
անհատականության կնիքը, եւ դա արդեն դառնում է «շիրպոտրեբ»:
– Մոդան այնքան էլիտար է դարձել, որ ամենօրյա կյանքի հետ չի համատեղվում:
– Ես այդպիսի մոդայի կողմնակիցը չեմ: Ես դասական եմ: Ես մարդ եմ, ով
հարմարավետություն է ստեղծում: Ինձ համար նույնիսկ haute couture
զգեստներում կարեւոր է, որ մարդն այդ զգեստները կրելու հնարավորություն
ունենա: Ես չեմ սիրում պաթոսային, էպատաժային մոդելներ, թեեւ դրանք կարող
են շատ հետաքրքիր լինել արվեստի տեսակետից: Վերցնենք, օրինակ, Գալյանոյի
վերջին հավաքածուն. նրա մոդելները խենթության աստիճանի հասնող հետաքրքիր
են, այնտեղ կան կրկեսի, տոնավաճառների, բալագանի, շքեղ շոուների տարրեր,
բայց դրանք առօրյա կյանքի հետ ոչ մի կապ չունեն: Սակայն այսօր դա չէ
բարձր` haute couture մոդայի խնդիրը: Հասկանո՞ւմ եք, այսօր ոչ միայն
pret-a-porte luxe-ը, այլ պարզապես pret-a-porte-ն հասել է այնքան բարձր
մակարդակի, իսկ արտադրության տեխնոլոգիաներն այնքան ճկուն եւ լայն
հնարավորություններով են լի, որ կարելի է զգեստը ձեւավորելու տարբեր
հնարքներ օգտագործել: Եթե նախկինում երկու ծակ եւ երկու կար էին անում,
ապա այսօր ինչ ուզես կարելի է անել: Ես ամեն ամիս Փարիզ եմ գնում՝ այնտեղ
իմ ստուդիան ունեմ, եւ պետք է հաճախ լինեմ, որ գոնե էլեմենտար տան վարձը
վճարեմ: Փարիզում ես պարտադիր այցելում եմ սեզոնային զեղչային
տոնավաճառներ, որտեղ մասսայական հագուստ են վաճառում, եւ նոր հավաքածուներ
եմ նայում, որովհետեւ ինձ միշտ հետաքրքրել է մեծամասնության համար
նախատեսված հագուստը: Իսկ հետո բարձր մոդա նայելու եմ գնում: Էլիտար մոդան
ինձ չի հետաքրքրում, ես ինքս եմ դրանով զբաղվում: Ես տեսնում եմ, որ
մասսայական մոդայի մակարդակը շատ է բարձրացել: Եթե, օրինակ, պատառոտված
ջինսերը 5-6 տարի առաջ աներեւակայելի երեւույթ էին համարվում, ապա այսօր
պատառոտված ջինսերով ոչ մեկին չես զարմացնի: Հիմա ջինսերը զարդարում են
ժանյակներով, ուլունքներով, ապլիկացիաներով: Եվ այդ ամենը՝ մասսայական
արտադրության սահմաններում: Դա ապշեցնում է: Ես տեսնում եմ՝ ինչպիսի
ահռելի տեխնիկական աշխատանք է արված եւ այդ պատճառով հաճախ ցանկություն եմ
ունենում ամեն ինչ գրողի ծոցն ուղարկել ու սովորական գնորդ դառնալ՝
սեփական ճաշակի համապատասխան հագուստ ընտրել, համադրել, սարքել տարբեր
անսամբլներ եւ իմ պատվիրատուներին առաջարկել: Վաճառքի իրերը շատ
համապատասխան են գեղեցկության մասին իմ պատկերացումներին:
– Ուրեմն, լավ հագնվելու համար մարդուն բարձր մոդան հարկավոր չէ: Դա լա՞վ է, թե՞ վատ:
– Կարծում եմ, լավ է: Սովորաբար մոդան շատ էլիտար էր ու շատ թանկ: Եվ այն
մարդիկ, ովքեր ուզում էին զգեստի միջոցով այդ գեղեցիկին հասնել, չէին
կարող դա թույլ տալ: Իսկ մարդը միշտ էլ ձգտում է գեղեցիկի, տենչում է
հագնվելու արվեստի միջոցով կատարելության հասնել: Եվ այսօր մասսայական
մոդայի շնորհիվ մարդը, որը ճաշակ եւ հագուստի կուլտուրայի մասին էլեմենտար
պատկերացում ունի, կարող է տարբեր բուտիկներում հավաքել այն, ինչ իրեն
դուր է գալիս եւ ինքը կոմպլեկտավորի իր հագուստը: Դա նոր երեւույթ է
մոդայում: Մոդան միշտ թելադրել է իր ոճն ու ճաշակը, այսօր մոդայի
կանոններին ծանոթ մարդը հեշտությամբ ինքն է ձեւավորում իր զգեստապահարանը:
– Ի՞նչն է համարվում նորաձեւ այսօր. նկատի ունեմ ֆրանսիական մոդան:
– Ես ինքս էլ միշտ միայն ֆրանսիական մոդայի մասին եմ խոսում, որովհետեւ
մեզ մոտ դեռ չի ձեւավորվել մեր մոդան, մանավանդ, որ Արեւմուտքի ակտիվ
ազդեցությունը զգացվում է ամենուրեք եւ ամեն ինչում: Այսօր մոդայիկ են
դասականից շեղումները: Դա կարելի է դասական ռոմանտիզմ անվանել: Շատ
մոդայիկ են էթնիկական մոտիվները եւ ֆոլկլորը: Այնքան հիանալի են
աֆրիկական, մեքսիկական, կովբոյական թեմաները: Էթնիկան մտել է մարդկանց
գիտակցության մեջ, որովհետեւ հոգնել են ձանձրույթից, կոստյումի
միօրինակությունից եւ անգունությունից: Հիմա հայտնվել են մի քանի
շերտանոց, տարբեր գործվածքներից պատրաստած կիսաշրջազգեստներ՝ ժանյակներով,
փոռերով, ծալքազարդերով: Թեմաների լայն ընտրություն կա, կարելի է վերցնել
5-6 տեսակի գործվածք ու սկսել երեւակայել…
– Ո՞ւմ է ավելի հեշտ հագցնել՝ կանա՞նց, թե՞ տղամարդկանց:
– Ինձ համար, երեւի կանանց: Կանանց հագուստում ավելի մեծ հնարավորություն
ունեմ նկարիչ երեւալու: Տղամարդու մոդան ամեն դեպքում ավելի պահպանողական
է, եւ տղամարդկանց հայացքն ավելի պարզունակ է: Կանայք ավելի հաճույքով են
թույլ տալիս իրենց վրա փորձեր անել: Տղամարդիկ ուզում են ինքնատիպ,
անսպասելի լինել եւ միաժամանակ վախենում են, որ կտարբերվեն իրարից:
Տղամարդկանց համար կարեւորը կոմֆորտն է: Թեեւ կարծես տղամարդկանց ավելի
երիտասարդ սերունդը փորձում է ապագան տեսնել եւ անհատականություն է
փնտրում:
– Ունիսեքս մոդան կարծես անցյալում է, նրա ազդեցությունը դեռ զգացվո՞ւմ է:
– Իհարկե, զգացվում է, ցավոք սրտի: Այն դեռ պոպուլյար է երիտասարդների
շրջանում: Լավ կլիներ՝ իսպառ վերանար: Չես հասկանում՝ կի՞ն է, թե՞
տղամարդ: Ամեն դեպքում համարում եմ, որ կին ու տղամարդ էակները պետք է
տարբերվեն:
– Դուք Երեւանի «Ապոլլո» խանութում ներկայացնում եք ձեր զգեստները: Ինչո՞ւ են հավաքված միայն զուսպ ու խստաոճ կոստյումները:
– Դա դեռ սկիզբն է: Առաջին տարին եմ սկսել աշխատել Հայաստանի հետ, սա իմ
միակ բուտիկն է Ռուսաստանից դուրս: Խանութներ ունեմ միայն Ռուսաստանում՝
աշխարհից հրաժարվել եմ, թեեւ հրավերներ շատ են եղել՝ Ճապոնիայից,
Չինաստանից, Ամերիկայից, Կանադայից: Հայաստանում ես պետք է լավ ճաշակի
այբուբենից՝ դասականից սկսեմ: Մարդը պետք է սովորի դասականին: Եվ երբ հետո
սկսի իր ֆանտազիան գործի դնել, ավելի անկաշկանդ կլինի: Նոր լեզու
սովորելու նման մի բան է: Դու սկզբից տառերն ես սովորում, կազմում
նախադասություններ, հետո նոր սկսում պատմություններ պատմել: Այդպես էլ
մոդայում է: Դասականը լավ ճաշակի այբուբենն է: Երբ զգում ես, որ դասական
կոստյումը քեզ վրա անթերի է նստում, եւ ոչ ոք թիկունքից չի ծիծաղում եւ
նողկալի բաներ չի ասում, դու սկսում ես վստահ դառնալ ու հասկանալ
հագնվելու կուլտուրան:
–  Հայկական էթնիկական մոտիվներին ծանոթացել եք: Հնարավո՞ր է, որ հետագայում օգտագործեք:
– Կարծում եմ, դա դեռ առջեւում է: Ինձ նվիրել են հայկական տարազ եւ գիրք
հայկական կոստյումի մասին: Որոշ ժամանակ հետո ես կփորձեմ ինչ-որ բան անել:
Դուք շատ լավ մշակույթ ունեք, հիանալի մանրանկարչություն: Շատ հայ
նկարիչներ գալիս են ինձ մոտ, մասնակցում տարբեր մրցույթների: Ես շատ
հաճելի հիշողություններ ունեմ Հայաստանի մասին՝ հիշելով, թե ինչպես են հայ
նկարիչները ժողովրդական տարրերն օգտագործում հագուստի ձեւավորման մեջ:
– Իսկ ձեր կարծիքով՝ հայ կանայք նորաձեւ՞ են հագնվում:
– Ոչ: Ավելի ճիշտ՝ դեռ ոչ: Իհարկե, հայ կանայք դարձել են ավելի հավաքված,
հետաքրքիր, բազմաոճ: Բոլոր հայ կանայք գեղեցիկ աչքեր ունեն, կարծես
մանրանկարչություն լինի: Իզուր չէ, որ ձեր մանրանկարչությունը
լավագույններից է աշխարհում: Աչքերը մնում են պատմության մեջ: Աչքերով շատ
բան կարելի է ասել: Աչքերի հիման վրա կարելի է կոլեկցիաներ կառուցել:
Կերպարի մշակումը աչքերից է սկսվում, դեմքից, սանրվածքից:
– Զգեստը աչքերի՞ց է սկսվում:
– Պատկերացրեք, այո: Ես այդպես եմ անում: Իսկ ես, սիրելիս, 40 տարի մոդա եմ ստեղծում: