Անցյալ կիրակի Հարավային Օսիայի չճանաչված հանրապետությունում տեղի ունեցան դե ֆակտո նախագահի ընտրություններ եւ միաժամանակ` ինքնորոշման հանրաքվե: Ե՛վ ընտրությունները, եւ՛ հանրաքվեն «կրկնակի» ստացվեցին: Հարավային Օսիայի ներկայիս դե ֆակտո նախագահ Էդուարդ Կոկոյտայի կողմնակիցները քվեարկեցին նրա օգտին, նրա ձեւական հակառակորդների եւ Հարավային Օսիայի անկախության օգտին: «Օսերի փրկության միության» կազմակերպած այլընտրանքային ընտրություններին մասնակցում էին Կոկոյտայի ընդդիմախոսները՝ հիմնականում՝ վրացի բնակչությունը եւ Հարավային Օսիայից վրացի փախստականները, որոնք բնակվում են նախկին ինքնավարության սահմաններից դուրս: Այստեղ էլ էր հանրաքվե անցկացվում, սակայն Վրաստանի միասնականության հարցի շուրջ: Այստեղ նախագահի գլխավոր թեկնածուն հարավօսական կառավարության դե ֆակտո նախկին ֆունկցիոներ (որը հետո դարձել էր Կոկոյտայի համար ոչ ցանկալի անձ) Դմիտրի Սանակոեւն էր, որն օսերի եւ վրացիների միջեւ խաղաղության ապահովումն իր հետագա գործունեության առաջնահերթ խնդիր է հայտարարում: Սակայն ի՞նչ գործունեության մասին է խոսքը: Ո՞վ է երկուշաբթի օրվանից դարձել ինքնահռչակ հանրապետության դե ֆակտո նախագահ:
Ոչ կոկոյտայամետ, ոչ հակակոկոյտայական ընտրությունները եւ ոչ էլ հանրաքվեի արդյունքները միջազգային հանրությունը մտադիր չէ ճանաչել, չնայած այն բանին, որ իր դիտորդներին տարածաշրջան է ուղարկել: Նշենք, որ Վրաստանի իշխանությունները նույնպես մտադիր չեն ճանաչել արդյունքները: Նրանք նույնիսկ այլընտրանքային ընտրությունների արդյունքներից են վճռականորեն հրաժարվում, որին մասնակցել է տեղի վրացական համայնքը. իբրեւ թե դա տեղի բնակչության որոշումն է: Թեեւ, իհարկե, դեռ հարց է, թե որտեղից են աղքատ, քայքայված շրջանում (իսկ այստեղ խոսքը շրջանի վրացական գյուղերի մասին է, որոնց հետ համեմատած՝ օսամետ ու բավականին աղքատ Ցխինվալին կարող է բնակության նախանձելի վայր համարվել) ընտրություններ կազմակերպելու համար այդ գումարները: Իսկ դրանք քիչ գումարներ չեն:
Ընտրությունների նախորդ օրը Թբիլիսին եւս մի ժեստ արեց. Պաշտպանության նախարարի պաշտոնից էկոնոմիկայի նախարարի պաշտոնին տեղափոխվեց Իրակլի Օքրուաշվիլին՝ մի մարդ, որը չի ընդունում հակամարտությունների կարգավորման խաղաղ ճանապարհը: Քաղաքագետ Պաատա Զաքարեիշվիլու կարծիքով՝ Միխայիլ Սահակաշվիլու այս որոշումը կարելի է գնահատել իբրեւ օս ժողովրդի նկատմամբ դրական քայլ:
Քաղաքագետը «168 Ժամի» հետ զրույցում միաժամանակ նշեց, թե չի կասկածում, որ այլընտրանքային ընտրությունների հետեւում կանգնած են Վրաստանի կենտրոնական իշխանությունները, սակայն «ցխինվալյան թնջուկն» ինչ-որ կերպ քանդելու այդ փորձը դժվար է ժողովրդավարական համարել: «Ավելի շուտ խոսքը ջուր պղտորելու փորձի մասին է, որպեսզի «իրենց» ձուկն այնտեղ բռնեն»,- «168 Ժամին» ասաց Զաքարեիշվիլին: Ընդ որում, քաղաքագետը չբացառեց տարածաշրջանում լարվածության նոր ալիքի առաջացման հնարավորությունը, որը կարող է հղի լինել ծանր հետեւանքներով: «Բացառված չէ, որ վերեւներում համապատասխան պլան կա. եթե նախկին Հարավօսական ինքնավար մարզում կիրակնօրյա ընտրություններից հետո հակամարտություն սկսվի, ապա կարգուկանոն հաստատելու կամ էլ վրացի բնակչությանը պաշտպանելու պատրվակով իշխանությունները կդիմեն արմատական գործողությունների, որոնց վերջնական նպատակը կորցրած տարածքները ետ բերելը կլինի»,- ենթադրում է Պաատա Զաքարեիշվիլին:
Իրավիճակը տարածաշրջանում իսկապես սովորական չէ: Դե ֆակտո իշխանություններն այլընտրանքային ընտրություններն արդեն հայտարարել են հակապետական եւ քրեական գործ են հարուցել բոլոր հինգ «այլընտրանքային» թեկնածուների դեմ՝ Դմիտրի Սանակոեւի գլխավորությամբ՝ նրանց մեղադրելով Հայրենիքի դավաճանության եւ սահմանադրական կարգն ապօրինի ճանապարհով փոխելու փորձի մեջ: Ըստ տարբեր աղբյուրների՝ Ցխինվալիի մեկուսարաններում են հայտնվել մի շարք օս քաղաքական գործիչներ եւ անգամ ուժային կառույցների ներկայացուցիչներ, որոնց Կոկոյտայի ռեժիմը կասկածել է Թբիլիսիի նկատմամբ ամենաչնչին համակրանքի մեջ անգամ: Նրանց դեռ մեղադրանք չի ներկայացվել, եւ ակնհայտորեն նրանց հետագա ճակատագիրը կախված է իրադարձությունների մոտակա զարգացումից: Եթե «այլընտրանքայինների» ներկայացրած վտանգը Ցխինվալիի ներկայիս դե ֆակտո իշխանությունների համար այնքան էլ մեծ չլինի, ապա կալանավորվածները հավանաբար շուտով բաց կթողնվեն: Իհարկե, Ցխինվալիում կատեգորիկ կերպով հերքում են ռեպրեսիաների մասին ցանկացած տեղեկատվություն: