Նախագահ Բուշը հայտնվել է հանրապետականների քննադատության թիրախում: Պարտված հանրապետականներն ասում են. «Եթե պաշտպանության նախարար Ռամսֆելդի պաշտոնաթողությունը հայտնի էր ընտրություններից երկու շաբաթ առաջ, ապա ինչո՞ւ դա չարվեց այդ ժամանակ» (Բուշն այս մասին ասել էր երկուշաբթի տեղի ունեցած ասուլիսի ժամանակ): Եթե Բուշը Ռամսֆելդին պաշտոնանկ աներ նախընտրական ընտրարշավի ընթացքում, ապա հնարավոր է, որ այդ քայլով հանրապետականները եւ անձամբ Ջ. Բուշը փրկվեին դեմոկրատների եւ հասարակության կողմից ամեն օր նոր թափ հավաքող քննադատություններից: Այդպիսով հնարավոր կլիներ քարոզարշավը կառուցել ոչ թե ինքնապաշտպանվելով ու արդարանալով, այլ խոսելով Իրաքի պատերազմի նոր մարտավարության մասին: Այդ դեպքում հանրապետականները թերեւս չէին կորցնի իրենց մեծամասնությունը Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում: Սպիտակ տան պատասխանը, ի դեմս Բուշի խորհրդականների՝ զուսպ էր. «Ռամսֆելդի հրաժարականը ներքաղաքական խնդիր չէր, այլ շոշափում էր երկրի անվտանգության խնդիրը, եւ այդ հարցը չէր կարող կարճաժամկետ եւ նախընտրական պայքարի արդյունք լինել: Ժամկետներն ընտրություններով չէին պայմանավորված»:
Այնուամենայնիվ, ըստ փորձագետների՝ Ռամսֆելդի պաշտոնաթողությունը հենց ընտրությունների արդյունքով էր պայմանավորված: Ավելին, նոր նախարարի նշանակումը նոր լույս է սփռում Բուշի վարչակազմում տիրող տրամադրությունների վրա:
Հայտնի է, որ Ռամսֆելդին Բուշը նշանակեց ի հեճուկս իր հոր՝ ավագ Բուշի: Դեռեւս 1988 թվականին հանրապետականների մի մասը նախագահ Ռոնալդ Ռեյգանին խորհուրդ էր տալիս նոր նախագահի հավակնորդ անվանել Դոնալդ Ռամսֆելդին: Ռեյգանը, սակայն, ընտրեց Բուշ ավագին: Ուղիղ 10 տարի անց, 1998-ին, իր հոր մրցակից Ռամսֆելդին նշանակելով պաշտպանության նախարար, կրտսեր Բուշը ցանկացավ ընդգծել իր անկախությունն իր հայրիկից: Մյուս կողմից, ըստ Սպիտակ տան հնաբնակների, ամեն անգամ, երբ Բուշ կրտսերի գործերը վատանում են, նա դիմում է «պապային»: Այս դեպքում, Ռոբերտ Գեյթսի նշանակումը հենց դա է նշանակում: Գեյթսը Բուշ-ավագի թիմից է, նրա մտերիմ ընկերն է: Ռոբերտ Գեյթսին արդեն անվանում են «ոչ թե պաշտպանության, այլ Իրաքի նախարար»: Նրան վիճակված է աշխատել առավելագույնը երկու տարի: Այդ ընթացքում անհնար է ամբողջական բարեփոխումներ իրականացնել Պենտագոնում: Նրանից դա ոչ ոք չի էլ ակնկալում: Նրանից սպասում են նոր ուղղություն մտցնել Իրաքի հարցում:
Ամենայն հավանականությամբ, Գեյթսը կփորձի Իրաքում նվազագույնի հասցնել ծախսերն ու կորուստները: Նոր մոտեցումներ կլինեն Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Իրանի հարցում:
Դեռեւս երկու տարի առաջ Ռոբերտ Գեյթսը եւ Ջիմի Քարտերի անվտանգության գծով խորհրդական Զբիգնեւ Բզեժինսկին հատուկ զեկույց էին պատրաստել՝ «Իրան. նոր մոտեցումներ փնտրելու ժամանակը», որտեղ Վաշինգտոնին կոչ էին անում ուղիղ եւ շարունակական բանակցություններ սկսել Թեհրանի հետ: Այս «բանակցային» մոտեցումը կարող է դոմինանտ դառնալ նաեւ Սիրիայի դեպքում: Այն արդեն կիրառվում է Հյուսիսային Կորեայի միջուկային բանակցություններում: Իհարկե, Վաշինգտոնը հրաժարվեց այդ երկրի հետ երկկողմ բանակցությունից, սակայն համաձայնեց վարել բազմակողմ (ավելի ճիշտ՝ վեցակողմ) բանակցություններ:
Այժմ ամերիկյան քաղաքական «ժարգոնի» ամենաշատ օգտագործվող բառը երկկուսակցությունն է: Հասարակությունն առաջիկա երկու տարում ակնկալում է երկու կուսակցությունների համատեղ աշխատանք: Ու չնայած այն բանին, որ դեմոկրատներն ամենամարտականն են տրամադրված Իրաքի հարցում, նրանք արդեն հայտարարել են, որ Իրաքից զորքերի դուրսբերման ամենասեղմ եւ ամենամոտ ժամկետը 2008թ. վերջն է:
Հ.Գ. Ի դեպ, ԱՄՆ-ում անցկացված սոցիոլոգիական վերջին հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին համարում է «lame duck», որն անգլերենից թարգմանաբար նշանակում է «անհաջողակ», «սնանկ» եւ «վնասված օդանավ»: «Վնասված օդանավ» արտահայտությունն ավիացիայի բնագավառում է շատ օգտագործվում: Իսկ բառացիորեն «lame duck» արտահայտությունը թարգմանվում է «կաղ բադ»: