Լեռնային Ղարաբաղը երբեք ադրբեջանական անկախ պետության մաս չի կազմել, քանզի մինչեւ 1918թ. նման պետություն գոյություն չուներ: Ղարաբաղը բռնի կերպով Ադրբեջանին միացվեց այն ժամանակ, երբ վերջինս կորցնելով իր անկախությունը՝ Խորհրդային Միության մաս կազմեց: Ղարաբաղի` Ադրբեջանի մաս կազմելը բացառապես խորհրդային իրողություն է, որը դադարեց գոյություն ունենալ 1991թ., երբ ԽՍՀՄ-ը որպես այդպիսին վերացավ աշխարհի քարտեզից (ինչպեսեւ Ղարաբաղը` Ադրբեջանի քարտեզից):
1991թ. Բաքուն պետական Անկախության վերականգնման մասին հռչակագրով եւ Անկախ պետականության մասին սահմանադրական ակտով հրաժարվել է լինել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը եւ վերականգնել 1918թ. սեպտեմբերից մինչեւ 1920թ. ապրիլը գոյատեւած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության պետականությունը՝ հակամարտության կարգավորման ենթատեքստ բերելով գրեթե ողջ 20-րդ դարի պատմությանը: Վերականգնելով քսան ամսից էլ քիչ կյանք ունեցած եւ առանց ճանաչված սահմանների պատմության թատերաբեմը թողած մի պետականություն, Բաքուն 1991թ. չէր կարող հռչակել լեգիտիմ սահմաններ եւ չհռչակեց, քանի որ վերականգնվող պետականությունը սահմաններ չէր ունեցել: Ավելին, Անկախության մասին հռչակագրի ընդունումից հետո, 1991թ. նոյեմբերին, Բաքվում անվավեր ճանաչվեց ՌԿ/բ/Կ Կովբյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը, որով Խորհրդային Ադրբեջանի սահմանների մեջ էր մտցվել արդեն Խորհրդային Հայաստանի մաս հայտարարված Լեռնային Ղարաբաղը` վերջինիս լայն մարզային ինքնավարություն տրամադրելու պայմանով:
Ադրբեջանի անկախության հռչակումից երեք օր անց Լեռնային Ղարաբաղը Շահումյանի շրջանի հետ մեկտեղ անջատվեց Ադրբեջանից՝ իր հերթին կիրառելով իր սահմանադրական իրավունքը` «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հարցերի որոշման կարգի մասին» խորհրդային օրենքի համաձայն, որի 3-րդ հոդվածում նշվում էր, որ «Ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր եւ ինքնավար շրջաններ ունեցող միութենական հանրապետությունը յուրաքանչյուր ինքնավար միավորի համար պետք է կազմակերպի անկախության առանձին հանրաքվե: Ինքնավար հանրապետությունների եւ ինքնավար միավորների ժողովուրդներն իրավունք ունեն ինքնուրույն վճռելու ԽՍՀՄ կազմում գտնվող կամ ԽՍՀՄ-ի կազմից դուրս եկող միութենական հանրապետության կազմում մնալու հարցը»:
ԼՂՀ հիմնադրման իրավական հիմքն անառարկելի է: Գոյություն չունի որեւէ փաստարկ, որը կասկածի տակ կդնի ԼՂՀ կայացման լեգիտիմությունը: Վկայակոչելով պատմա-իրավական փաստերը, գալիս ենք այն եզրակացության, որ պատմության մեջ եղել է ադրբեջանա-ղարաբաղյան հարաբերությունների առնվազն երեք շրջան: Մինչհեղափոխական (1921թ. երբ Ղարաբաղն ավելի մեծ տարածք էր ընդգրկում, քան հետագայում ստեղծված ԼՂԻՄ-ը, նրա սահմանները Գանձակից ձգվում էին մինչեւ Արաքս գետը` ներառելով Շուշիի, Ջիվանշիրի, Ջեբրայիլի եւ Ելիզավետպոլ նահանգի հարավային շրջանները), խորհրդային (1921-1991թթ.) եւ հետխորհրդային (1991-2006թթ.): Առաջին եւ երրորդ ժամանակաշրջաններում Ղարաբաղը չի եղել Ադրբեջանի բաղկացուցիչ մաս, դա եղել է միայն կարճատեւ, այն էլ՝ խորհրդային շրջանում: Ադրբեջանը երկու անգամ պատերազմ է սկսել արցախահայության դեմ: 1988թ., երբ Լեռնային Ղարաբաղը եւ Շահումյանի շրջանը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում էին, ադրբեջանական իշխանությունները փետրվարի 22-ին զինված հարձակումներ կազմակերպեցին այն ժամանակվա ԼՂԻՄ-ի վրա, այնուհետեւ այն շարունակելով Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Գետաշենում, Շահումյանի, Շամխորի շրջաններում եւ այլ հայկական բնակավայրերում, իրագործեցին «Օղակ» պատժիչ գործողությունը ԼՂԻՄ-ում եւ Շահումյանի շրջանում: Դա, փաստորեն, պատերազմ էր սեփական քաղաքացիների դեմ:
ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Ադրբեջանը նոր պատերազմ սկսեց անկախ ԼՂՀ-ի դեմ: Պատերազմը գնում էր Ղարաբաղի տարածքում, եւ արցախահայությունը ստիպված էր դիմել զինված ինքնապաշտպանության: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը, անցնելով հակահարձակման, ոչնչացրին հակառակորդի կրակակետերը եւ կարողացան իրենց վերահսկողությունը հաստատել տարածքների այն մասում, որն աշխարհագրորեն Ղարաբաղ տեղանվան սահմաններում է:
Այսօր Ադրբեջանը խոսում է երրորդ պատերազմի մասին, եւ համաշխարհային հանրությունը ոչինչ չի ձեռնարկում դադարեցնելու համար հակահայկական քարոզչությունն ու ռազմատենչ հայտարարություններն այդ երկրում: Միջազգային հանրությունն առաջին հերթին պետք է գնահատական տա կատարվածին: Ադրբեջանցի փախստականների վերադարձը պահանջող հանրությունը պետք է ընդունի, որ երկու կողմից էլ փախստականների ծագումը Ադրբեջանի պարտադրած պատերազմի հետեւանք է: Երբ ԼՂՀ զինված ուժերը պատրաստ էին վերջին վճռական մարտը տալուն, այսինքն` Ադրբեջանին կապիտուլյացիայի ենթարկելուն, Ադրբեջանը, միջնորդներ փնտրելով, ծնկաչոք խնդրում էր դադարեցնել մարտական գործողությունները: Եվ ղարաբաղյան կողմը գնաց զիջման, ու կնքվեց 1994թ., այսպես կոչված՝ մայիսյան հրադադարի իրավական ուժ չունեցող պայմանագիրը: ԼՂՀ-ն միանշանակ պետք է հանդես գա որպես բանակցային լիիրավ կողմ, այսինքն` հակամարտության օբյեկտից պետք է վերածվի սուբյեկտի:
Այսօր շատ է խոսվում խաղաղարար ուժերի տեղաբաշխման մասին, եւ ակնարկվում է հայ-ադրբեջանական սահմանը: Նման հայտարարություններ անողներին ուզում եմ հիշեցնել, որ հակամարտող կողմեր են հանդիսանում Ղարաբաղը եւ Ադրբեջանը: Խաղաղարար ուժերի տեղաբաշխման անհրաժեշտություն այսօր չկա, քանզի խաղաղարար ուժերի առաքելությունը պատերազմի դադարեցումն է կամ հակամարտող կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման երաշխավորումը: Այստեղ հարցի առնչությամբ նպատակահարմար եմ գտնում ներկայացնել ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբի առաջարկությունները։ Հիմնախնդրի կարգավորման գործում համահայկական հարթության վրա վերջին խոսքը ԼՂՀ ժողովրդինն է: ՀՀ-ն պետք է նպաստի բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի լիիրավ ներգրավմանը եւ հանդես գա ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի ու անվտանգության երաշխավորի դերում:
ԼՂՀ իշխանություններն իրենց գերիշխանությունը պետք է հայտարարեն եւ հաստատեն փաստացի սահմանների վրա եւ դա ամրագրեն Սահմանադրության մեջ:
– Սկզբունքորեն եւ հետեւողականորեն պետք է դրվի այն հարցը, թե ով է հրահրել ու սկսել պատերազմը, այսինքն` նպատակասլաց աշխատանք պետք է տարվի, որպեսզի միջազգային հանրությունն Ադրբեջանը ճանաչի որպես նախահարձակ կողմ ու ագրեսոր:
– Պետք է շրջանառել «փոխզիջում` առանց տարածքների» սկզբունքը` դրանով իսկ հետին պլան մղելով ազատագրված տարածքների վերադարձման հարցը եւ հակադրվելով «Տարածքներ՝ խոստումների դիմաց» կարգախոսին:
– Ի չիք դարձնել շրջանառության մեջ գտնվող այն վտանգավոր վարկածը, թե տարածքներ չվերադարձնելը տանում է դեպի պատերազմի վերսկսում: Իրականում միանգամայն հակառակն է` տարածքների վերադարձն է խախտում տարածաշրջանում ռազմաքաղաքական հաշվեկշիռը, որն առանց խաղաղապահ ուժերի` խաղաղության պահպանման հիմնական երաշխիքն է: Այդ հաշվեկշռի խախտումը եւ կողմերից մեկի անհամադրելի ուժեղացումը կամ թուլացումն են մեծացնում պատերազմի վերսկսման հավանականությունը:
Պետք է մշտապես աչքի առաջ ունենանք մի գլխավոր փաստարկ. 1915թ. միլիոնուկես հայի սպանդից հետո Թուրքիայի առջեւ նույն միջազգային հանրությունն ամենեւին էլ խնդիր չդրեց` հանձնել հայ ժողովրդի պատմական հայրենիքի մի ամբողջ հատվածը` Արեւմտյան Հայաստանը: Մինչդեռ ԼՂՀ-ն այսօր վերահսկում է պատմական Արցախի տարածքների մի մասը միայն:
– Ադրբեջանցի փախստականների վերադարձը հարկ է դիտարկել հակամարտության բոլոր կողմերի փախստականների ճակատագրի լուծման ընդհանուր համատեքստում, այն էլ` հիմնախնդրի քաղաքական կարգավորումից ու կողմերի միջեւ վստահության մթնոլորտի ստեղծումից հետո, քանզի հակառակ դեպքում վտանգ կա, որ կարող ենք ունենալ «կրկնակի փախստականներ» երեւույթն իր ահավոր հետեւանքներով, ինչը նկատվել է վրաց-աբխազական հակամարտության ժամանակ: Հարկ է ուշադրություն դարձնել ոչ միայն հայ եւ ադրբեջանցի, այլեւ այլ ազգությունների (ռուսներ, հույներ եւ այլն) հիմնախնդիրներին, որոնք հանիրավի անուշադրության են մատնվել:
– Խաղաղապահ ուժերի մուտքի հարցի քննարկումն աշխարհաքաղաքական խնդիր է, ուստի մեր կարգավիճակի խնդիրն ի սկզբանե պետք է դրվի: Հետեւաբար, խաղաղապահ ուժերի տեղաբաշխման հարցը կարող է քննարկվել միայն հիմնախնդրի քաղաքական կարգավորումից հետո, այն էլ` միայն ու միայն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայնքով: Խաղաղապահ ուժերի առաքելությունը, որպես կանոն, պատերազմական գործողությունների դադարեցումն է, կամ էլ հակամարտող կողմերի միջեւ ձեռք բերված նոր պայմանավորվածությունների պահպանումը, այն էլ` այն դեպքում, եթե կողմերն ի վիճակի չեն ինքնուրույն դա անել: Իսկ մեր պարագայում երկու պայմաններն էլ բացակայում են:
– Ղարաբաղյան կողմի համար միանշանակ ձեռնտու է հիմնախնդիրն իրավական հարթություն տեղափոխելը:
– Միջազգային իրավունքում հակասություն չկա ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միջեւ: Տարածքային ամբողջականության սկզբունքն ուղղված է մի պետության կողմից մեկ այլ պետության սահմանները միակողմանիորեն իր օգտին փոփոխելու փորձերի դեմ, մինչդեռ ներքին հակամարտությունները, այդ թվում՝ «կենտրոնի» ու ինքնորոշման իրավունքի համար պայքարողների հակամարտությունները ոչ մի ձեւով չեն ներառվում տարածքային ամբողջականության սկզբունքում, այսինքն` մեր պարագայում ինքնաբերաբար առաջնայինը հենց ազգերի ինքնորոշման սկզբունքն է:
– Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, իսկ ներկայիս Ադրբեջանական Հանրապետությունը, ըստ իր անկախության հռչակագրի, իրավահաջորդ է ոչ թե Ադր. ԽՍՀ-ի, այլ 1918թ. հռչակված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության, որի կազմում ԼՂ-ն չի եղել, եւ որին Ազգերի լիգան դե յուրե չի ճանաչել: Հետեւաբար, ինքնորոշման իրավունքը չի հակասում Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, այսինքն` Ադրբեջանն անկախացել է առանց Ղարաբաղի, ինչպես նաեւ` Նախիջեւանը, այսինքն` նախկին ԼՂԻՄ-ը մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի անկախության գործընթացին:
– Ներկայումս ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է բոլշեւիկյան-կոմունիստական ռեժիմի ժառանգությունը, իսկ ԼՂ-ն Ադր. ԽՍՀ կազմում է հայտնվել հենց այդ ռեժիմի կամայական որոշմամբ:
– ԼՂ-ն Ադր. ԽՍՀ-ի կազմից դուրս է եկել ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան: Մասնավորապես, 1990թ. ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ կազմից Միութենական Հանրապետության դուրս գալուն առնչվող հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հոդված 3-ում ասվում է. «Իր կազմում ինքնավար հանրապետություններ, ինքնավար մարզեր եւ ինքնավար օկրուգներ ունեցող Միութենական Հանրապետությունում առանձին հանրաքվե է անցկացվում ամեն մի ինքնավար կազմավորումում: Ինքնավար հանրապետությունների ու ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշել ԽՍՀՄ կազմում մնալու կամ ԽՍՀՄ կազմից դուրս եկող միութենական հանրապետության կազմում մնալու հարցը, ինչպես նաեւ իր պետաիրավական կարգավիճակի հարցը»:
– Ղարաբաղյան կողմի համար միանշանակ ձեռնտու է նաեւ հիմնախնդիրը պատմամշակութային հարթություն տեղափոխելը: Պետք է հստակ ներկայացվի մշակութային ջարդն Ադրբեջանի կողմից:
– Հարկ է հատուկ ուշադրություն դարձնել ԼՂՀ-ում եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում հայկական պատմա-մշակութային արժեքների քարոզմանը եւ ներկայացմանը միջազգային հանրությանը:
– Բոլոր ժամանակներում էլ Ադրբեջանի իշխանությունները վարել են հայահալած, հայերի սպիտակ եղեռնի քաղաքականություն, ինչի պերճախոս վկայությ&a