Իշխանությունների հերթական «զոհը»

07/05/2005 Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հակահրեական եւ հակաեզդիական հրապարակային ելույթների համար («Ազգային,
ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը` հրապարակային կերպով,
բռնություն գործադրելու սպառնալիքով». ՀՀ ՔՕ 226 հոդվածի երկրորդ մասի
հատկանիշներով) հունվարի 24-ին Երեւան քաղաքի դատախազությունում
ձերբակալվել է Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքերով, սակայն, սա այն
դեպքը չէր, որը պահանջում էր խափանման միջոց ընտրել հատկապես կալանքը, եւ
կարող էին նրան ազատ արձակել՝ պահանջելով քաղաքից չբացակայելու վերաբերյալ
ստորագրություն: Ա. Իշխանյանն առաջ քաշեց մեկ այլ կարեւոր հանգամանք եւս.
«Չեմ կարծում, թե Ա. Ավետիսյանն ինքնուրույն էր անում այդ հակահրեական,
հակաեզդիական, ինչպես նաեւ՝ հոմոսեքսուալների հետ կապված
հայտարարությունները: Իմ կարծիքով, նրա թիկունքին այլ ուժեր կային: Նա
ընդամենը խոսափող էր: Ես նկատի չունեմ հասարակական կամ ընդդիմադիր
քաղաքական ուժերին,- վստահեցրեց Ա. Իշխանյանը՝ հավելելով,-այս ամենը մի
կողմ թողնելով, պետք է ասեմ, որ նրա հայտարարությունները հետապնդվում էին
քրեական հոդվածներով, եւ հենց առաջին նման հայտարարության դեպքում
Հայաստանի իրավապահ մարմինները պետք է բավականին խիստ դիրքորոշում
որդեգրեին ու նրան նախազգուշացնեին, թե իրեն ինչ է սպառնում կրկնվելու
դեպքում, ապա, կարծում եմ, դրանով ամեն ինչ կավարտվեր, ու նա կլռեր»:
Ավելին՝ ըստ Ա. Իշխանյանի, իմանալով հանդերձ, որ Հայաստանում բավականին
վերահսկելի են էլեկտրոնային լրատվամիջոցները, նրան ամբիոն էր տրվում բոլոր
լրատվամիջոցներով: «Սա շատ կասկածելի էր… Եվ հանկարծ նրան ձերբակալում
են. իրավաբանորեն ամեն ինչ շատ ճիշտ է, այս գործը վաղեմություն չունի, եւ
կարող էին ցանկացած պահի դա անել: Բայց, իմ կարծիքով, սա ոչ թե ցույց է
տալիս Հայաստանի իրավական պետություն լինելը, այլ, որ սա իրավիճակային
որոշում էր»,- ասաց իրավապաշտպանը՝ պատահական չհամարելով ԱՄՆ
Պետդեպարտամենտի զեկույցում Ա. Ավետիսյանի անունը: «Նաեւ հաշվի առնելով
վերջին ժամանակներս Հայաստանի նկատմամբ ԱՄՆ կոշտ դիրքորոշումը, պետք է
նկատել, որ Հայաստանի իշխանություններն, ինչպես Իրաք զորախումբ
ուղարկելով, նաեւ սրանով փորձում են մեղմել ԱՄՆ դիրքորոշումը»,- նկատեց
նա: Ա. Իշխանյանի խոսքից կարելի է ենթադրել, որ Ա. Ավետիսյանի բոլոր
հայտարարությունները հրահրվում էին իշխանությունների կողմից, ուստի նրանից
փորձեցինք պարզել, թե հակասական չե՞ն իր այն նկատառումները, որ
իշխանությունները հրահրել են, ապա՝ ձերբակալել: Այս առնչությամբ նա ասաց.
«Նախ՝ իշխանության տարբեր թեւեր կան, եւ որեւէ մեկին զոհ տալը մեծ խնդիր
չէ»:
Ի դեպ, քրեական նույն հոդվածը կարող էր տարածվել նաեւ հանրապետական
Գալուստ Սահակյանի եւ դաշնակցական Արմեն Ռուստամյանի վրա, ովքեր նույնպես
հանդես են եկել նմանատիպ հայտարարություններով: Հիշեցնենք, որ նույն Գ.
Սահակյանն էր պնդում, թե՝ «ադրբեջանցիները բորենիներ ծնող ազգ են», իսկ
Արմեն Ռուստամյանն էլ, թե` «գենետիկորեն հայերն ու ադրբեջանցիներն
անհամատեղելի են»: Այս առնչությամբ Ա. Իշխանյանն ասաց. «Եթե մենք ելնենք
իրավական պետության կանխավարկածից, ապա այդ նույն հոդվածով նրանց նկատմամբ
նույնպես պետք է մեղադրանք առաջադրվեր»: Իսկ ինչ վերաբերում է Տիգրան
Կարապետովիչին, ապա Ա. Ավետիսյանի ու նրա հայտարարությունները գրեթե
նույնի կրկնությունն էին: