Մազերը եւ սնունդը

17/11/2006

Առողջ, փարթամ մազերը գեղեցկացնում են մարդուն։ Այն կարծիքն է տարածված, թե դրանք անցնում են ժառանգաբար։ Ինչ-որ չափով` այո, սակայն մեծ նշանակություն ունի նաեւ ճիշտ սնվելը, վիտամիններով` հատկապես B խմբի, եւ PP, H, H1 վիտամիններով, երկաթով, յոդով հարուստ սնունդը։

Երկաթի, պղնձի, յոդի եւ որոշ ամինաթթուների անբավարարությունը հանգեցնում է վաղաժամ մազաթափության, որից խուսափելու համար անհրաժեշտ է շատ օգտագործել երկաթով, պղնձով, յոդով հարուստ կարտոֆիլ, լոլիկ, բազուկ, գազար։ Վիտամին B, երկաթ, յոդ պարունակող սնունդը նպաստում է նաեւ մազերի արագ աճին, երկար ժամանակ պահում է մազերի բնական գույնը։ Գեղեցիկ, փարթամ մազեր ունենալու համար անհրաժեշտ է ոչ միայն դրանք խնամել, այլեւ ճիշտ սնվել։ Խորհուրդ է տրվում շատ օգտագործել թարմ բանջարեղեն, սպանաղ, լոլիկ, կաթ, ձու։ Շատ օգտակար է մածունը, որն աղեստամոքսային տրակտում խթանում է B խմբի վիտամինների առաջացումը։

Այսօր տարածված հիվանդություններից է ճաղատությունը, որը հիմնականում սպառնում է տղամարդկանց, երբեմն նաեւ` կանանց։ Հետաքրքիր է, որ որոշ ժողովուրդներ, օրինակ, չինացիները չգիտեն, թե ինչ է ճաղատությունը։ Դա բացատրվում է նրանց սնվելու յուրահատկությամբ։ Նրանք օգտագործում են B խմբի բոլոր վիտամիններով հարուստ սնունդ` ձուկ, սոյա, զանազան բույսեր, բրինձ, կիսաեփ կամ համարյա հում բանջարեղեն։

Արյան ճիշտ շրջանառության համար մեծ նշանակություն ունի յոդը։ Յոդի երկարատեւ անբավարարության դեպքում մազերը դադարում են աճել եւ թափվում են։ Յոդ շատ կա ձկան, թառափի յուղի մեջ։ Որպեսզի մազերն առողջ լինեն, գեղեցիկ, խորհուրդ է տրվում ուտել երկաթով, սիլիկատով, ծծմբով հարուստ սխտոր, բողկ, ծովաբողկ։

Վերջին ժամանակներս բժշկական ուսումնասիրությունները պարզել են, որ սուրճի չարաշահումից մազերը ժամանակից շուտ են ճերմակում։ Ըստ երեւույթին, սուրճն օրգանիզմից հեշտությամբ հանում է մազերի համար շատ անհրաժեշտ վիտամինները։ Ճերմականալու պրոցեսը դանդաղեցնելու համար խորհուրդ է տրվում սուրճը չափավոր օգտագործել։

Որպեսզի մազերը չթափվեն, չթեփոտվեն, խորհուրդ է տրվում ամեն օր խմել 1 կգ մածուն եւ ճաշից հետո 1 ճաշի գդալ գերաջրային խմորիչ։ Նախաճաշին խորհուրդ է տրվում ուտել կես բաժակ եգիպտացորեն, որը պետք է պատրաստել այսպես, կես բաժակ եգիպտացորենը լավ լվանալ, վրան ջուր լցնել, ծածկել եւ թողնել ամբողջ գիշեր։ Առավոտյան ըստ ճաշակի քաղցրացնել, կարելի է մեղրով։ Հատիկները խառնել թարմ կաթի կամ մրգահյութի հետ։