«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ «Control Risks» խորհրդատվական անկախ ընկերության հետազոտության արդյունքները վկայում են, որ աշխարհի պետությունների ուղիղ կեսն ի վիճակի չէ բարենպաստ մթնոլորտ ապահովել բիզնեսի համար: Կազմակերպության՝ 2007թ. բիզնեսի ու ներդրումների ռիսկայնության զեկույցում Հայաստանը հայտնվել է քաղաքական միջին ռիսկայնությամբ երկրների խմբում` Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի ու Թուրքիայի հետ մեկտեղ: Հայաստանում եւ նրա հետ նույն խմբում ընդգրկված երկրներում տիրող կացությունը կազմակերպության փորձագետները բնութագրում են հետեւյալ կերպ. «Օտարերկրյա ներդրողներն այստեղ խոչընդոտների են բախվում պետական կամ ոչ պետական որոշ ուժերի կողմից, երկարաժամկետ ներդրումները երաշխավորված չեն, բավական բարձր է կոռուպցիայի մակարդակը»: Ինչ վերաբերում է անվտանգությանը, ապա այստեղ թե՛ Հայաստանի եւ թե՛ նրա բոլոր անմիջական հարեւանների վիճակն ավելի ծանր է. «Control Risks»-ը նրանց դասում է բիզնեսի համար ծայրահեղ վտանգավոր շրջաններ ունեցող պետությունների թվին: Փորձագետների պնդմամբ՝ այս խմբում ընդգրկված պետություններում «օտարերկրյա ընկերությունների ունեցվածքի կամ աշխատակիցների համար առկա անվտանգության ռիսկերը բավական մեծ են»: «Control Risks»-ի այս ցուցակում տեղ են գտել հետխորհրդային այն բոլոր պետությունները, ուր առկա են չկարգավորված հակամարտություններ` Վրաստան, Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Մոլդովա: Աշխարհում բիզնեսով զբաղվելու համար ամենաանվտանգ երկրները Սկանդինավյան պետություններն են` Նորվեգիան ու Ֆինլանդիան: