ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը պնդում է, թե պետք է վերջ դնել Նիկարագուայի բռնապետ Սամոսայի այս կարգախոսին ու ազատվել նախորդ 15 տարիներին Հայաստանում ընտրությունները կեղծելու բարդույթից եւ օգտագործել 2007 թվականի շանսն ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ եւ հասնել խաղաղ իշխանափոխության:
Իսկ լավ ընտրություններ անցկացնելու համար Վ. Դալլաքյանը կարեւորում է ընտրական հանձնաժողովների ձեւավորման սկզբունքը, որպեսզի հնարավոր չլինի հետեւել վերոնշյալ բռնապետի կարգախոսին: Երեկ «Փաստարկ» ակումբում ԱԺ պատգամավորը կարծիք հայտնեց, թե այդ հանձնաժողովներում իշխանությունն ու ընդդիմությունը պետք է ներկայացված լինեն հավասարապես: Իսկ նրանց, ովքեր դժվարանում են պարզել, թե որ ուժն է իշխանություն, որը՝ ընդդիմություն, Վ. Դալլաքյանը հայտնում է, որ ընդդիմադիրները բոլոր այն ուժերն են, որոնք իշխանական պորտֆելներ չունեն: Ընտրական հանձնաժողովները ձեւավորելու հարցում էլ Վ. Դալլաքյանը ՀՀ իշխանություններին խորհուրդ է տալիս հետեւել հարեւան Վրաստանի օրինակին եւ ընտրությունների անցկացումը վստահել ընդդիմությանը: Պատգամավորի գնահատմամբ՝ ներքաղաքական իրավիճակի վրա կարող են ազդել 2007-ի խորհրդարանական ընտրությունները, ներիշխանական հակասությունները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամկետի ավարտը եւ այլն: Ընդգծելով, որ, ի տարբերություն 2003 թվականի, այս անգամ սկզբում տեղի կունենա ԱԺ, ապա նոր նախագահի ընտրությունը, Վ. Դալլաքյանը կարծիք է հայտնել, թե 2003-ին «այսպես կոչված` կոալիցիան միասնական ձեւով կեղծեց նախագահական ընտրությունների արդյունքները եւ համապատասխան փայաբաժին ստացավ ԱԺ-ում ու կառավարությունում»: «Այս անգամ դա իրականացնելը կլինի շատ դժվար, քանի որ եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության մեջ կան շատ թեկնածուներ, որ կարող են հանդես գալ նախագահական ընտրություններում, եւ նրանք հազիվ թե միասնական ձեւով ներկայանան խորհրդարանական ընտրություններում»,- գտնում է նա: Վերջինս երեկ, մեր երկրի ու Ադրբեջանի տնտեսական զարգացման անհավասարակշռությունն ապացուցելու համար, համեմատություններ անցկացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի բյուջեների միջեւ: Ըստ այդմ, Ադրբեջանի միայն ռազմական բյուջեն արդեն հատել է մեկ միլիարդ դոլարի սահմանը, իսկ Հայաստանինը 263 միլիոն դոլար է: Ադրբեջանի տնտեսական աճը 34% է, մերը՝ 12,5: 2003-2007թթ. Ադրբեջանի պետական բյուջեն աճել է 8 անգամ, մերը` 4: Ըստ որոշ հաշվարկների, Ադրբեջանը միայն նավթից կարող է ստանալ տարեկան մոտ 7 միլիարդ դոլար, իսկ Հայաստանն` Իրան-Հայաստան գազատարը տարանցիկ դառնալու հնարավորություն տվող տրամագծով կառուցելու դեպքում` կարող էր միայն տարանցումից տարեկան ստանալ 250 միլիոն դոլար, ինչը չի ստանալու, որովհետեւ մեր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանն օգտագործեց իր «էներգետիկ մահակը», եւ գազատարը կառուցվում է փոքր տրամագծով: «Իշխանությունն իր ոչ լեգիտիմության պատճառով խոցելի է: Եվ խոցելի է նաեւ հայ-ռուսական հարաբերություններում: Այդ հարաբերությունները վասալային են»,- նշեց Վ. Դալլաքյանը: Ի տարբերություն ՀՀ վարչապետի, ով 2007թ. պետական բյուջեի նախագիծը համարում է «հիասքանչ փաստաթուղթ», Վ. Դալլաքյանը գտնում է, որ հիասքանչ լինում են կանայք, իսկ բյուջեն նա որակում է «գոյատեւման եւ սպառողական բյուջե»: ԱԺ պատգամավորը երեկ հերթական անգամ ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց առաջիկա ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով իր մասնակցության մասին լուրերը: Նրա խոսքերով՝ երբ այդ պատասխանատու պահը գա, ինքը կորոշի, թե ինչպես մասնակցի 2007թ. ԱԺ ընտրություններին: Նա կողմ է 100%-անոց համամասնական ընտրակարգին, սակայն եթե 100%-անոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին իր առաջարկը ԱԺ-ն չընդունի, ինքը Վանաձորում կառաջադրվի մեծամասնական ընտրակարգով:
Դիմադրում է կնոջ ճնշումներին
Պարզվում է՝ Հայաստանում ընդդիմադիրներին ճնշում են ոչ միայն իշխանությունները, այլեւ սեփական կանայք: Համենայնդեպս, այդպես է իրավիճակը Վ. Դալլաքյանի պարագայում: Շարունակելով անդրադարձը 2007թ. բյուջեի նախագծին՝ Վ. Դալլաքյանը երեկ դեմ արտահայտվեց գալիք տարում պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնելու նախաձեռնությանը, որը պետությունից լրացուցիչ 710 միլիոն դրամ է պահանջում: Վ. Դալլաքյանի խոսքերով՝ դա կոռումպացված իշխանությունների կողմից նախընտրական խոստում է համապատասխան չինովնիկներին, ովքեր պետք է մաքսիմալ ակտիվություն դրսեւորեն ընտրություններին մասնակցելու համար: «Սա վարչական եւ ֆինանսական լծակները նախընտրական նպատակներով օգտագործելու քայլ է եւ անբարոյական է: Միջին թոշակը 12.000 դրամ է, իսկ բարձրաստիճան պաշտոնյան կարող է ստանալ 350.000 դրամ»,- հայտարարում է նա: Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է քվեարկել Վ. Դալլաքյանը, երբ վերջերս ԱԺ-ին էր ներկայացվել պատգամավորների կենսաթոշակները շեշտակի բարձրացնելու մասին օրենքի նախագիծը: Լոռեցի պատգամավորը նախ տեղեկացրեց, որ 1997-ին, երբ քննարկվում էր պատգամավորների աշխատավարձը բարձրացնելու հետ կապված նախագիծը, ինքը դեմ է քվեարկել: Այնուհետեւ նա կատակով հավելեց. «Եվ տանն ընկել եմ շատ ծանր վիճակում, որովհետեւ կինս տանն ինձ ենթարկեց պրեսսինգի, որ ես դեմ եմ քվեարկում մեր ընտանիքի բյուջեն ավելացնելու նախագծին»: Իսկ կոնկրետ վերջերս ներկայացված համանման օրենսդրական նախաձեռնության քվեարկությանը Վ. Դալլաքյանը չի մասնակցել, որովհետեւ քաղաքում չի եղել, բայց հայտարարել է, որ դեմ է քվեարկելու: Իսկ տան հարցերը լուծե՞լ է, որ պատրաստվում էր կրկին, հակառակ կնոջ ճնշումների, կողմ քվեարկել: «Ուղղակի ասեմ, որ տան հարցերի լուծումը թողնում եմ լրագրողներին, որովհետեւ ես անզոր եմ այդ հարցում»,- իբր կատակեց պատգամավորը: