Վերջին մարդահամարը Կապանում 46.000 մարդ է գրանցել, բայց Կապան քաղաքի
անդորրը կասկածի տեղիք է տալիս: Նույնիսկ կապանաբնակ բանաստեղծ Ավագ
Եփրեմյանն է դժգոհ ու դեռ 1995 թվից բողոքել է՝ «Անընդհատ անդորր է:
Քաղաքումս/ Թվում է՝ լռած է կյանքը»: Իսկ Ավագի մի այլ բանաստեղծություն`
«Ես ապրում եմ մի քաղաքում, որտեղ ոչ ոք չի ապրում», ասում են, բողոքի
ալիք է նույնիսկ բարձրացրել:
Բանաստեղծը ստիպված կուլտուրական մի միջոցառման ժամանակ բացատրություն է
տվել դրա համար: Կուլտուրական այդ միջոցառմանը մասնակցած փոխքաղաքապետից
փորձեցի տեղեկանալ՝ մոտավորապես ինչպե՞ս է բացատրել Ավագն այդ տողերը:
Փոխքաղաքապետ Հարությունյան Նորիկն ասում է՝ «Դե, էդ մարդն էլ էդ ձեւի
մարդ ա, չի սիրում, որ կողքը 4 հոգուց ավել մարդ լինի, եթե լինեն էլ,
ինքը, մեկ ա, չի նկատում»: Մի խոսքով՝ իրարից նեղացած չեն: Փոխքաղաքապետն
ասում է՝ քաղաքը լավ մշակույթ ունի, ու տալիս է Գառնիկ Խաչատրյանի անունը:
Գառնիկ Խաչատրյանը Կապանի մշակույթի երաժշտական ճյուղի ներկայացուցիչ է,
մահացած է: Փոխքաղաքապետը երկար մտածեց ու ապրողներից ոչ մեկի անունը
չառանձնացրեց. «Հիմա ամբողջ Հայաստանում է մշակույթը վատ վիճակում, դե դու
Հայաստանի մասշտաբով մի անուն տուր»: Ասում եմ՝ Ավագ Եփրեմյան: «Է՜,-
նեղացավ փոխքաղաքապետը,- ի՞նձ ես խոսցնում…»:
Կապանի մասին կապանցի պոետն ասում է՝ «միֆական ռեալիզմ»: ՀՀ-ում ԱՄՆ
նախկին դեսպան Ջոն Օրդուեյն էլ Հայաստանից հեռանալուց առաջ մի անգամ եւս
Կապան է եկել՝ «Որպեսզի չմոռանա այս զարմանահրաշ քաղաքը»: Տուրիստների
սովոր Կապանը կարոտում է մարդկանց, ովքեր գալիս ու դրսի հովեր էին բերում
իրենց քաղաք: Այսօր սովորական զբոսաշրջիկը եթե որոշի մի քանի օրով վայելել
Կապանի չքնաղ բնությունը, բավականին պատկառելի գումար պիտի ունենա:
Ամենաէժանագին հյուրանոցում կարելի է ընդամենը 2000-6000 դրամով մի գիշեր
ցրտից լավ սրթսրթալ: Կարելի է նաեւ բնակարան վարձել, վարձակալությամբ
տրվող բնակարանների գները սկսվում են 5000 դրամից: Կապանի մի ծայրից
մյուսը հնարավոր է երթուղայինով գնալ, կան նաեւ մի քանի տաքսի
ծառայություններ, եթե ուզենաս գնալ մոտակա որեւէ գյուղ եւ չես ուզում
օգտվել տաքսի-ծառայությունից, պետք է համբերես՝ երեքշաբթի եւ հինգշաբթի
օրերին քեզ կհաջողվի դա անել ավտոբուսով:
Ղալաջ գյուղի ճանապարհին մի քանի գյուղացիների հանդիպեցինք, ոտքով Կապանից
էին վերադառնում: Ավտոբուսի օր չէր, իսկ ճանապարհին այդ օրը նրանց մեքենա
չէր պատահել: Ղալաջում մարդիկ լավից-վատից ապրում են, կարտոֆիլ են
աճեցնում, պոմիդոր, վարունգ, գազար, կաղամբ. այնքան է լինում, որ իրենց
ուտելուն հերիքում է, կարտոֆիլը մինչեւ հոկտեմբեր է հերիքում, տնամերձը
փոքր է: Գյուղից հեռու հողեր ունեն, բայց չեն մշակում, գնալ-գալ-մշակելը,
թափած քրտինքն ու հավաքած բերքը «իրար չեն բռնում»: Կով են պահում, կաթն
ու մածունը կուշտ չեն ուտում՝ ծախում են, որ ուրիշ բան առնեն: Ղալաջի
միջնակարգ դպրոցը 23 աշակերտ ունի, 12 ուսուցիչ. «Շնորհալի, տաղանդավոր
երեխաներ ունենք, որոնք դպրոցն ավարտում ու հնարավորությունների սղության
պատճառով ուսումը չեն կարողանում շարունակել»: Ղալաջում վերջին
ամուսնությունը չհիշեցին երբ է եղել, վերջին ամուսնացած զույգն արդեն 2
տարեկան երեխա ունի: «Երիտասարդների մեծ մասը 30-ն անց են ու ապրուստի
պատճառով չեն կարողանում ամուսնանալ, ամուսնացողներն էլ հեռանում են
գյուղից»: Ղալաջում նախկինում թուրքեր են ապրել: Հիմա շուրջ 50 ընտանիք
կա՝ տեղացիներ եւ փախստականներ: Փախստականների մեծ մասը մի անգամ եւս
փախել են՝ Ղալաջում ապրելը հեշտ չի եղել քաղաքաբնակի համար: Բուժքույր
Նելլին բաքվեցի է: Ասում է՝ «Վախի մեջ ապրած ժողովուրդ ենք. 92 թվին, երբ
թուրքերը գնդակոծում էին Ղալաջը, գյուղը տեղահան էր եղել, ես մենակ չորս
պատերի մեջ ծնեցի աղջկաս»: «Հիմա, փառք Աստծո,- ասում է բուժքույրը,- չեմ
հիշում՝ վերջին անգամ երբ է ծննդաբերություն եղել տնային պայմաններում»:
Թեեւ դա չի նշանակում, իհարկե, որ ամեն ինչ շատ հարթ է անցնում. «Պատահում
է, զանգում ենք «Շտապ օգնություն», ասում են՝ Կապանից Ղալաջ հասնելու
համար 5000 դրամ պիտի վճարեք, առաջին օգնությունը մենք որքան հնարավոր է,
տալիս ենք այստեղ, բայց, այ, վերջերս մի դեպք եղավ՝ մինչեւ շտապօգնության
մեքենան հասավ՝ հիվանդը քիչ էր մնում արնաքամ լիներ»: «Եթե էլ ոչինչ
չպատահի մեզ, մեր ապրած սթրեսները մեզ հերիք են»,- ասում են ղալաջցիները:
Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում 2187 հիվանդ է
գրանցված: «Հիմնականում շիզոֆրենիայով են տառապում»,- ասում է դիսպանսերի
տնօրեն Արարատ Վարդանյանը: Հիվանդանոցը հիմնվել է 1968 թվականին ու
ստեղծման օրվանից 12 անգամ ենթարկվել է տեղահանության՝ կապված ԽՍՀՄ-ի
վարչարարական քաղաքականության, ապա, պատերազմի տարիներին, մասնաշենքերը
զինվորականներին զիջելու անհրաժեշտության հետ: «Բացի այդ,- պատմում է
Ա.Վարդանյանը,- անթույլատրելի դաժան քայլ կատարվեց հոգեբուժարանի հանդեպ՝
ստացիոնար բաժանմունքը Կապանից տեղափոխվեց Արծվանիկ գյուղ»: Հոգեբուժարանն
ունի երկու բաժանմունք՝ ամբուլատոր եւ ստացիոնար բուժման: Տարանջատելով
այդ երկու բաժանմունքներն ու տեղակայելով ավելի քան 16 կմ հեռավորության
վրա, այն էլ՝ բժիշկների սակավության եւ ֆինանսական սղության նման
պայմաններում, վատ է անդրադառնում դիսպանսերի աշխատանքների վրա: Մարզային
իշխանություններն, ըմբռնելով ստեղծված իրավիճակը, հոգեբուժարանին են
հատկացնում Կապանի հակատուբերկուլյոզային դիսպանսերի շենքը: Շենքի առաջին
հարկում բուժվում էին տուբերկուլյոզով հիվանդներ: Մի հարկ վերեւ հոգեկան
տարբեր խանգարումներ ունեցող հիվանդների հարեւանությունը նոր
բարդություններ է առաջ բերում. առաջին հարկի հիվանդները երկրորդ հարկի
իրենց հարեւաններին «պատվում էին»՝ կիսածխած սիգարետները թելով կապվում ու
պատուհանից պատուհան ուղարկվում էին երկրորդ հարկ: Այդ անմխիթար վիճակին
գումարվում էին նաեւ շենքային խայտառակ պայմաններն ու խրտնեցնում եւ՛
հիվանդներին, եւ՛ հիվանդատերերին: Հասկանալով, որ նորմալ հոգեբուժարան
ունենալը շատ թանկ հաճույք է մեր պետության համար ու հույսը կտրելով
պետական աջակցությունից, հոգեբուժարանի տնօրինությունը սկսում է զանազան
դռներ բախել: Բախտը ժպտում է 2003 թվականին: ԱՄՆ Միջազգային զարգացման
գործակալությունն ու «Փրկեցեք երեխաներին» միջազգային կազմակերպությունն
այցելում են հիվանդանոց, վիճակից սարսափած հետ գնում ու որոշում օգնել
հիվանդանոցին: Կազմվում է 101,5 հազար դոլար արժողությամբ ծրագիր, որը
սկսում են իրականացնել 2003-ի հոկտեմբերից: Նախկինում այս հիվանդանոց
այցելածներն այժմ չեն ճանաչում այն: Հիվանդանոցը հիմնովին վերանորոգվել ու
անճանաչելի է դարձել: Տարբեր կազմակերպություններ շարունակում են իրենց
բարեգործական ծրագրերը: «Հիվանդանոցի ամենամեծ խնդիրն այսօր
բժիշկ-մասնագետների պակասն է»,- ասում է տնօրենը: Հիվանդանոցն այսօր
զանազան բարեփոխումների հետ միաժամանակ մեծ ուշադրություն է դարձնում նաեւ
բուժական ծրագրերին: Շաբաթը երեք օր, մեկուկես ժամ, հիվանդներն արտթերապիա
են անցնում: Այս գործում հիվանդանոցին անշահախնդիր աջակցում է կապանցի
երաժիշտ Արամայիս Հակոբյանը: Այս Ամանորին հիվանդանոցը սինթեզատոր է ձեռք
բերել, ու հիվանդներն Արամայիսի նվագակցությամբ երգում են Բիթլզից մինչեւ
Արամ Ասատրյան:
Հոգեբուժարանից դուրս, Կապանում, սակայն, կյանքն այդքան «ուրախ» չէ: Թեեւ
քաղաքը քաղաք մնալու ճիգեր է թափում՝ զարմանալիորեն մաքուր փողոցներ,
գիշերային փողոցային լուսավորություն, սրճարաններ, որոնք հիմնականում
դատարկ են՝ «չկա էն էնտուզիազմը»… Մարդկանց մեջ պատերազմը դեռ չի
ավարտվել: «Ես Երեւանի ամենաբարձրահարկում ինձ ավելի խաղաղ եմ զգում, քան
Կապանի 6-րդ հարկի իմ բնակարանում»,- ասում էր մի կապանցի: Ու
ինքնաբերաբար ապրում են: Ավելի ակտիվները սոցքարտ են հանում, որ
կենսաթոշակ ստանան, մեկ տարի շուտ պատրաստվում են քաղաքապետի
ընտրություններին՝ «նախկին քաղաքապետը վեց տարի բան չարեց, պիտի անպայման
էս քաղաքապետին նորից ընտրենք. փողոց է ասֆալտել, լույսուգազուջուր է
քաշել, քաղաքի վերելակների 50 տոկոսը վերանորոգել ու գործարկել է»,
մնացածն էլ մեր գործը չի՝ «ո՞ր մի տանը պակասություն չկա»…