ԿԲ նախագահը հույս չի տվել

17/11/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Նոյեմբերի 7-ին Հայ ոսկերիչների եւ ակնագործների միջազգային ասոցիացիայի նախագահ, «DCA» ադամանդագործական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանը դժգոհել էր դրամի արժեւորումից: Նրա խոսքերով, թեեւ սեփական արժույթի արժեքավորումը հպարտանալու առիթ է տալիս, բայց դա` միայն Հայաստանում: Գ. Աբրահամյանը նշել է, որ դրամի կտրուկ արժեւորումը հարվածում է ապրանքներ եւ ծառայություններ արտահանող տեղական արտադրողներին եւ բնակչության այն շերտին, որն արտասահմանից ֆինանսական օգնություն է ստանում:

«DCA»-ի նախագահն ասել է, որ վերջերս իրենք գործարարների մեծ խմբով հանդիպել են ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանին` վերջինիս ներկայացնելով իրենց մտահոգություններն արտարժույթի փոխարժեքի կտրուկ տատանումների եւ դրամի` չափից ավելի արժեւորման բացասական հետեւանքների շուրջ: Ըստ Գ. Աբրահամյանի, գործարարները Տ. Սարգսյանին առաջարկել են ժամանակավորապես դրամի փոխարժեքը ֆիքսել դոլարի եւ եվրոյի նկատմամբ: Գ. Աբրահամյանը նշել է նաեւ, որ ԿԲ նախագահն «ըմբռնումով է մոտեցել այդ առաջարկությանն ու խոստացել է մտածել այդ հարցի շուրջ»: Մի՞թե ԿԲ-ն, որն իր ստեղծման օրվանից ընդունել է լողացող փոխարժեքի ռեժիմը եւ նույնիսկ անիմաստ է համարում խոսել փոխարժեքը ֆիքսելու հնարավորության մասին, հանկարծ «տրվում» է արտահանողների խոսքերին եւ նրանց խոստանում է այդ հարցի շուրջ մտածել:

Մեզ հետ զրույցում ԿԲ նախագահը հաստատեց, որ գործարարների հետ ինքը քննարկել է ֆիքսված փոխարժեքի տարբերակը: «Սակայն, այդ քննարկումից պարզ է դարձել, որ եթե տնտեսական աճը եւ կապիտալ ներհոսքը շարունակվելու են այն տեմպերով, որ հիմա շարունակվում են, ապա ֆիքսված փոխարժեքն արտահանողների համար խնդիր չի լուծում, հակառակը, էլ ավելի է բարդացնում: Որովհետեւ ակնհայտ է, որ ֆիքսված փոխարժեքի ժամանակ ինքնարժեքը դրամային արտահայտությամբ, միեւնույն է` կտրուկ աճելու է, որովհետեւ գները դրամային արտահայտությամբ կտրուկ կաճեն»,- ասաց Տ. Սարգսյանը` նշելով, որ ֆիքսված փոխարժեքի դեպքում փոխարժեքի տատանումների պատճառով ստացվող կորուստները կվերածվեն դրամային գների աճի հետեւանքով առաջացող վնասների, ուստի արտահանողները ոչինչ չեն շահի: «Արդյունքում, նրանք հրաժարվեցին այդ գաղափարից` հասկանալով, որ միեւնույն է` պրոբլեմն այնտեղ չի թաքնված, արտահանողների մոտ պրոբլեմն արտադրողականության աճի մասին մտածելն է»,- գտնում է ԿԲ նախագահը:

«Այսինքն, դուք արտահանող գործարարներին ֆիքսված փոխարժեքի ռեժիմի անցնելու հույս չե՞ք տվել»: Մեր այս հարցին Տ. Սարգսյանը պատասխանեց. «Ո՛չ: Եվ այնտեղ ձեւավորվեց կոնսենսուս, որ ֆիքսված փոխարժեքը չի փրկի արտահանողներին»:

Իսկ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, ֆինանսների նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը գտնում է, որ արժութային քաղաքականության առումով «ԿԲ-ն այսօր անում է այն, ինչ պետք է անի»: «Որեւէ ուրիշ քայլ` աջ կամ ձախ ուղղությամբ, ավելի մեծ վնաս կհասցնի: Բայց մենք շատ վաղուց պետք է ունենայինք կայացած, զարգացած ֆինանսական շուկա, ֆինանսական միջնորդության ինստիտուտներ, որոնք կկլանեին այդ ավելցուկային դրամական հոսքերը»,- մեզ հետ զրույցում նշեց Է. Սանդոյանը: Փաստորեն, ԿԲ-ն իր սկզբունքներում անփոփոխ է, իսկ արտահանողները մնում են սպասող: