«Որտեղ հաց, այնտեղ կաց»

17/11/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մասիսի սյուժեով որեւէ նկար՝ պատին, հայերենով հնչող ռաբիս երաժշտություն, Հայաստանը եւ Ցեղասպանությունը հիշելիս՝ թաց աչքեր. միլիոնավոր սփյուռքահայերի համար այսքանով սկսվում եւ այսքանով էլ ավարտվում է Հայրենիքը: Հայաստանցիներից շատերի համար եւս «Հայրենիք» հասկացությունն էմոցիա չէ, որ առաջացնում է: Հետեւաբար` այլ երկրներ փախչող եւ օտարներին ձուլվող սփյուռքահայության նոսրացող շարքերը թարմացնող հայերի թիվն ավելանում է: Հայաստանցիներիս գիտակցության մեջ Սփյուռքը մի հավերժական երեւույթ է, որի դերը սահմանափակվում է Հայաստան ուղարկվող նյութական միջոցներով եւ տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման լոբբին անելով: Սակայն, ինչպես վստահեցնում է քաղաքագիտության դոկտոր, «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը՝ միամիտ տեսակետ է, թե սփյուռքը հավերժական երեւույթ է. «Սփյուռքը կարող է հավերժական երեւույթ լինել գուցե թե Չինաստանի համար: Չինաստանից կարող են հեռանալ միլիոնավոր մարդիկ, ասիմիլացվել, սակայն դա որեւէ կերպ չի անդրադառնա Չինաստանի ժողովրդագրական պատկերի վրա: Մեր պարագայում սփյուռքը գոյատեւում է հիմնականում Հայաստանից եւ մերձավորարեւելյան երկրներից գնացածների հաշվին: Այսօր իրավիճակը հետեւյալն է՝ Հայաստանի բնակչությունը նվազում է, եւ այդ պրոցեսն անվերջ չի կարող շարունակվել. Հայաստանի բնակչությունն անվերջ չի կարող սփյուռքին տրամադրել մարդկային ռեսուրս՝ սփյուռքի պահպանման համար, որովհետեւ նույն սփյուռքում հայությունն անընդհատ ձուլվում է: Սփյուռք՝ նշանակում է հայկականության պակաս, հայոց լեզվի իմացության պակաս կամ լեզվին առհասարակ չտիրապետում, հայկական գաղափարախոսության պակաս, ուծացման (ասիմիլյացիայի) անընդհատ պրոցես: Իսկ ասիմիլյացիան հիվանդություն է, հոգեկան հիվանդության պես մի բան. մարդը մի կողմից՝ մի էթնոսի ներկայացուցիչ է, մյուս կողմից՝ իր կենսանպատակներն ամբողջությամբ այլ ոլորտում են»: Մեր առարկությունը, թե Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում, ԱՄՆ-ում մեր հայկական համայնքներն այնքան հզոր են, որ տիրապետում են տնտեսական եւ քաղաքական լծակների, քաղաքագետը չընդունեց: Ըստ նրա՝ Մերձավոր Արեւելքում հայկական համայնքն այնքան է նվազել, որ` հնարավոր է առաջիկա երկու տասնամյակում կազմակերպված հայկական համայնք չմնա. «Մերձավոր Արեւելքում ձուլումն ավելի դանդաղ էր, քանի որ շրջապատը մահմեդական էր, սակայն եթե 30 տարի առաջ խառնամուսնությունները լիբանանահայության շրջանում փոքր տոկոս էին կազմում, այսօր այն գրեթե նույն տոկոսն է, որքան ամերիկահայության մեջ՝ մոտ 50 տոկոս: Լիբանանում, որը մեր ամենահզոր համայնքներից մեկն է համարվում, այսօր, վերջին տվյալներով, մնացել է մոտ 60 հազար հայ (30 տարի առաջ այնտեղ բնակվում էր 250.000 հայ): Հատկապես իսրայելալիբանանյան վերջին պատերազմից հետո այդ 60.000-ն էլ է դուրս գալու: Լիբանանահայության վիճակը բավականին ծանր է. նրանք այլեւս չունեն նախկին լծակները եւ որոշակիորեն ճնշված վիճակում են: Բերեմ երկու օրինակ. այս տարվա ապրիլի 24-ից մի երկու օր անց Լիբանանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Տրիպոլիի կենտրոնական հրապարակն անվանակոչվել է Աբդուլ Համիդի անունով: Այսինքն՝ հայկական գործոնին այնտեղ այնքան էլ լուրջ չեն մոտենում, ինչը հաստատվեց նաեւ թուրքական խաղաղապահ զորքի Լիբանան մտնելով՝ ի հեճուկս լիբանանահայերի բողոքների: Հետեւաբար, հուսալ, թե Լիբանանում հայկական համայնքը կդիմանա ճնշումներին, կապրի, կբարգավաճի, չի կարելի»: Արմեն Այվազյանը հիշեցրեց նաեւ Իրանի շուրջ ձեւավորված լարված մթնոլորտը, պատերազմի հավանականությունը (Սիրիայում՝ նույնպես). «Սրանք գործընթացներ են, որոնք Մերձավոր Արեւելքից հայությանը դուրս են մղելու: Հայությանը պետք է բերել Հայաստան. սա է խնդիրը: Հայաստանը պարպվում է եւ այսօր ժողովրդագրական լուրջ ճգնաժամ է ապրում: Շարունակվում է արտագաղթը: Արտագաղթը կոմպենսացնելու ելքերից մեկը ներգաղթն է: Այս գաղափարը կարծես անընդունելի է մեր երկրի եւ սփյուռքի ղեկավարների համար: Ներգաղթը խրախուսելու ոչ մի քարոզ չի տարվում, թեեւ այն սկսվել է. վերջին 15 տարվա ընթացքում հազարավոր հայեր իրենց նախաձեռնությամբ (մոտ 5-ից տասը հազար) եկել, բնակվում են Հայաստանում: Նրանք գալիս են իրենց ֆինանսներով: Պետությունը պետք է պարզապես օժանդակի նրանց ադապտացմանը: Մենք տասնյակ միլիոնավոր դոլարների օժանդակություն ենք ստանում՝ ասֆալտ գցելու համար: Եթե ասֆալտի գումար հնարավոր է հայթայթել, ինչո՞ւ հնարավոր չէ գումար հայթայթել՝ կազմակերպելու հայրենադարձությունը: Ունենք Իրաքի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի, Թիֆլիսի հայություն. սրանց կորցնելն ուղղակի հանցագործություն է: Հայկական սփյուռքում այսօր 6-7 միլիոն հայություն կա, որոնցից գոնե հազարավորները ցանկություն ունեն վերադառնալ հայրենիք՝ հանուն հայ մնալու եւ սերունդներին հայ պահելու նպատակի: Այսինքն՝ նյութականին գերադասելով հոգեւորը»: Մեծի Տանն Կիլիկիո Արամ կաթողիկոսը վերջերս «Զարթոնք» թերթում ուղղակի վնասակար ու վտանգավոր էր համարել լիբանանահայության ներգաղթը Հայաստան: Արամ կաթողիկոսի նման հայտարարությունը ո՛չ Սփյուռքում, ո՛չ Հայաստանում անհրաժեշտ արձագանք չգտավ. լուռ էր Էջմիածինը, լուռ էին նման բաներից գլուխ չհանող եւ նման հայտարարությունների վտանգավորությունը չգիտակցող մեր ղեկավարները: «Սփյուռքը, վաղ թե ուշ, դատապարտված է ձուլման, դատապարտված է օտար ուժերի վերահսկողության, եւ միակ տեղը, ուր հայը կարող է իր գլխի տերը դառնալ (թեեւ Հայաստանում էլ մենք առայժմ մեր գլխի տերը չենք), միայն Հայաստանն է: Ավելացնեմ, որ վերոնշյալ հայտարարությունն ու դրան հաջորդած լռությունը ցուցանիշ է, որ հայկական կառույցները հաճախ չեն ծառայում հայկական շահերին, որ այդ կառույցներն ի վիճակի չեն դիմադրելու հակահայկական քարոզին, գործողություններին»: Պարբերաբար, հատկապես «Հայաստան-Սփյուռք» համաժողովից համաժողով բարձրագոչ խոսքեր են ասվում հայապահպանության մասին, սակայն երբեք չի խոսվում սփյուռքում հայապահպանության նպատակի մասին՝ հանուն ինչի՞ պետք է հայը հայ մնա, ասենք, Բրազիլիայում: Ըստ Արմեն Այվազյանի՝ հայապահպանության նպատակը պետք է լինի Հայաստանը Հայաստան պահելը. «Հայաստան ասելով՝ պետք է հասկանանք նաեւ Արցախն ու ազատագրված տարածքները: 3 միլիոն բնակչությամբ նման միջավայրում Հայաստանը չի կարող գոյատեւել. սրանք այնքան պարզ բաներ են: Սակայն Հայաստանի պետական այրերի համար ներգաղթը թերեւս ընկալվում է իրենց տնտեսական, հետեւաբար նաեւ՝ քաղաքական մենաշնորհը վտանգող քայլ: Լա՛վ, ի սկզբանե ո՞րն էր հայապահպանության նպատակը: Որ ճանաչվի ցեղասպանությո՞ւնը, ճանաչումից հետո էլ ասեն՝ լավ, մենք մեր ազգային խնդիրները լուծեցի՞նք: Ո՛չ, հայապահպանության հիմնական խնդիրը եղել եւ մնում է սփյուռքահայության, նրանց սերունդների հայրենիք վերադառնալը, սեփական պետականության ներքո ապրելը, հայկական քաղաքակրթությունն ու մշակույթը զարգացնելը»: Պարոն Այվազյանի կարծիքով` իրականում՝ Հայաստանը կարոտ է ոչ այնքան ֆինանսական, որքան բարոյահոգեբանական օժանդակության, որը հիմնված կլինի ոչ թե հայրենիքի նկատմամբ խղճահարության, այլ հպարտության ու ակնածանքի զգացումների վրա։ Որովհետեւ հայոց հայրենիքը այն չէ միայն, ինչ ներկայումս տեսանելի ու շոշափելի է։ Հայոց հայրենիքը պատմություն է, մշակույթ, արժանապատվություն եւ, իհարկե, տարածք. «Հայրենիքին առավելագույնս օժանդակելու լավագույն ու ամենաճիշտ միջոցը հայրենադարձությունն է։ Մի՞թե պատահական էր, օրինակ, այն, որ լիբանանյան վերջին պատերազմի ավարտից եւ նրանում Իսրայելի կրած անհաջողություններից ընդամենը 2-3 օր անց աշխարհի ամենազարգացած երկրներից՝ ԱՄՆ-ից (400 հոգի), Մեծ Բրիտանիայից (145 հոգի) եւ Կանադայից ընդհանուր առմամբ շուրջ 800 հրեա կազմակերպված ձեւով ներգաղթեց Իսրայել»։ Ի՞նչ է, նրանք չէի՞ն տեսել, որ տասնյակ հազարավոր հրթիռներ պայթեցին Իսրայելի տարածքում: Տեսել էին: Կարո՞ղ է Իսրայելում կենսամակարդակն ավելի բարձր է, քան վերոնշյալ երկրներում: Ո՛չ, ավելի ցածր է: Այսինքն՝ մարդիկ գերադասում են հոգեւորը՝ նյութականին: Ինչպե՞ս է սա ստացվել. նախ՝ քարոզվել է գաղափարը, երկրորդ՝ օժանդակել է պետությունը: 2000 թ.-ից ի վեր միայն Միացյալ Նահանգներից Իսրայել է ներգաղթել 13.179 հրեա, որոնք կազմում են այդ նույն շրջանում ամբողջ աշխարհից Իսրայել ներգաղթած 224.641 հրեաների ընդամենը 6 տոկոսը։ Այսպիսի գործողությունների նպատակներից մեկը իսրայելցիներին իրենց երկրի ապագայի նկատմամբ վստահություն ներշնչելն է։ Ի դեպ, նշված ժամանակաշրջանը համընկնում է 2-րդ Ինտիֆադայի հետ։

Իսկ մե՞նք։ Ինչո՞ւ Հայաստանի պետությունը, ո՛չ էլ սփյուռքահայ կազմակերպությունները գոնե մեկ նման ակցիա չեն կազմակերպել, թեեւ պատերազմն ավարտվել է 12 տարի առաջ։ Չէ՞ որ հայրենադարձվողները կարող են կատարել նույն դերը, ինչ ռազմաճակատներում թարմ զորագնդերը, որոնք գալիս են փոխարինելու հոգնած ու հյուծված, թեկուզեւ ընտիր ջոկատներին: Մենք այսօր ո՛չ սփյուռքում, ո՛չ էլ Հայաստանում չունենք լուրջ կառույցներ, որ զբաղվեն միայն ներգաղթի խնդիրներով:

Կարճ ասած, ինչպես գտնում է քաղաքագետը, այսքանից հետո` ներկա փուլում Հայաստանի զարգացման համար կարելի է որդեգրել նոր կարգախոս՝ «ժողովրդագրությունը որոշում է ամեն ինչ»։