Դեկտեմբերի 10-ին կկայանա ԼՂՀ Սահմանադրության հանրաքվեն: «Հանրաքվեի մասին» օրենքի համաձայն, Սահմանադրությունն ընդունված կհամարվի, եթե նախագծին կողմ քվեարկեն հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, ընդ որում, ոչ քիչ, քան ցուցակներում ընդգրկված մասնակիցների մեկ երրորդը: Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի խոսքերով, արդեն ճշտված ցուցակներով հանրաքվեին կարող են մասնակցել 90 հազար մարդ: Այսինքն, Սահմանադրությունը կընդունվի, եթե նախագծին «կողմ» քվեարկեն ոչ պակաս, քան 30 հազար մարդ: Հետեւաբար, հանրաքվեին պետք է մասնակցի գոնե 60 հազարից ավելի մարդ: Իսկ դրա համար շատ կարեւոր է հանրաքվեի քարոզչությունը: Նախագծի վերջնական տարբերակը, որը նախատեսված է մի քանի հազար տպաքանակով բաժանել հանրապետության տարբեր բնակավայրերում, դեռեւս չի տպագրվել: Այն պատրաստ կլինի 2-3 օրից: Իսկ շրջաններում կան որոշ բնակավայրեր, որտեղ բնակիչների մեծ մասը դեռեւս տեղյակ չէ այդ գործընթացներից: