Նաեւ հանդիպել է Բերեզովսկուն

17/11/2006

Մեր թերթի նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք Արթուր Բաղդասարյանի` նորաստեղծ «Կասպյան եւ Կովկասյան երկրների միջազգային հանձնաժողովի» համանախագահ լինելու փաստին, նկատել էինք, որ այդ հանձնաժողովի իրական կնքահայրն է համարվում ռուսաստանցի` այժմ միջազգային հետախուզման մեջ գտնվող Բորիս Բերեզովսկին։ Այս տեղեկությունը, ինչպես եւ սպասվում էր, անմիջապես հերքվեց ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի մակարդակով, որն այս լուրի հրապարակումը բացատրեց որպես ինչ-որ «հայտնի ուժերի պահանջով արված հերյուրանք»։ Սակայն սա միակ արձագանքը չէր` մեր ռուսաստանյան աղբյուրների պնդմամբ` լուրը ոչ միայն համապատասխանում է իրականությանը, այլ ավելին` Լոնդոնում գտնվելու ժամանակ նույնիսկ փակ հանդիպում է տեղի ունեցել Արթուր Բաղդասարյանի եւ Բորիս Բերեզովսկու միջեւ։ Ըստ նույն աղբյուրի` ի դեպ, սույն փաստը բավականին լուրջ ուշադրության է արժանացել ռուսաստանյան որոշ շրջանակներում։