Արդեն մոտ հինգ ամիս է անցել Հյուսիսային Օսեթիայում տեղի ունեցած
ողբերգական դեպքերից հետո։ Շատերը երեւի թե աղոտ են հիշում այդ մղձավանջը։
Սակայն Հարություն Ալեքյանը եւ մեր հայրենակիցներից էլի մի քանիսը ողջ
կյանքում իրենց սրտում կպահեն իրականության այդ ամենադաժան ու զարհուրելի
կտորը։
Վերջերս փորձեցինք հետաքրքրվել, թե պետական մարմիններում ի՞նչ
տեղեկություններ կան Բեսլանում տեղի ունեցած տեռորիստական ակտի հետեւանքով
տուժած մեր հայրենակիցների, նրանց՝ դեպքից հետո կյանքի մասին։ Սակայն
պարզվեց, որ համարյա ոչինչ էլ չգիտեն, եւ, երեւի թե, ոչինչ էլ չէին ուզենա
իմանալ՝ պատճառաբանելով, որ բազմաթիվ այլ հոգսեր ու խնդիրներ ունեն
լուծելու։ Մինչդեռ, այդ առօրյա հոգսերի օրեցօր ավելացող բազմության եւ
անընդհատ անլուծում մնացած խնդիրների հետեւանքով է, որ մեր հուսահատ
հայրենակիցները լքում են իրենց երկիրը՝ օտարին ծառայելու եւ այդպիսով
ապրուստ հայթայթելու համար՝ հաճախ վտանգելով թե՛ իրենց եւ թե՛ ընտանիքի
կյանքը։
Հարություն Ալեքյանը Երեւանից մեկնել էր 8-9 տարի առաջ եւ բնակություն էր
հաստատել Բեսլանում։ Ապա տեղափոխել էր ընտանիքը՝ կնոջն ու փոքրիկ որդուն՝
Մարտինին։ Հարությունն այնտեղ նոր մասնագիտություն է ձեռք բերում,
աշխատանքի տեղավորվում։ Մի խոսքով՝ նոր կյանք սկսում՝ ապագայի նկատմամբ
հույսով ու հավատով լի։ Իսկ 2000 թվականին Հարությունի ընտանիքում ծնվում
է դուստրը՝ Անին…
Այսօր այդ ընտանիքը չկա, իսկ հիշատակն իր սրտում է պահում միայնակ մնացած
հայրը՝ երեսուներեքամյա Հարությունը։ Ի՞նչ է անելու, ինչպե՞ս է ապրելու՝
դեռեւս չգիտի։ Միայն հաստատ որոշել է, որ ամեն տարի սեպտեմբերի 1-ին,
որտեղ էլ որ լինի, անպայման պետք է այցելի Բեսլան՝ ծաղկեպսակ դնի
հարյուրավոր անմեղ մահերի ականատեսն ու օրրանը դարձած դպրոց-հուշարձանին։
2004 թվականի սեպտեմբերի 1-ին տասնամյա Մարտինը զարթնել էր սովորականից
վաղ եւ շտապում էր դպրոց. տոն էր սպասվում, ուրախություն։ Պատրաստվեցին
նաեւ մայրը եւ չորս տարեկան քույրը՝ Անին։ Հայրը, ճանապարհ դնելով նրանց,
գնաց աշխատանքի. սովորական օր էր սպասվում նրա համար։ Սակայն, չանցած 40
րոպե, զանգ ստացավ ընկերոջից, որ իր տղայի դպրոցը զավթել են ինչ-որ
տեռորիստներ։ Չհավատաց, մտածեց՝ ինչ էլ կատակ անելու բա՜ն է գտել, եւ դրեց
լսափողը։ Բայց երկրորդ զանգից հետո շտապեց դպրոց։ Նույնիսկ հավաքված
ամբոխն ու ոստիկանությունը սկզբում չհամոզեցին նրան։ Սակայն դրության
լրջությունը զգացնել տվեց առաջին զոհը՝ մի կին, որին ամբոխի մեջ կրակեցին
տեռորիստները։ Մի որոշ ժամանակ իրեն հուսադրում էր, որ իր ընտանիքը
ներսում չէ, որ նրանք ուշացել են եւ դեռ դպրոց չեն հասել։ Սակայն
տունդարձի ճանապարհին իմացավ, որ նրանք էլ դպրոցում են, ուրեմն՝ նույնպես
պատանդ են։ Հետագա օրերի խառնաշփոթի ու անորոշության մասին դառնացած է
պատմում Հարությունը, սակայն առավել դառնացած է պատմում այն մասին, որ այդ
օրերին այնտեղ գտնվող ոչ մի հայրենակից չզգաց իր երկրի կողմից հոգեպես
որեւէ աջակցության եւ իրենցով հետաքրքրված լինելու որեւէ պահ. «Կարծես
անտեր լինեինք»։ Որդու՝ Մարտինի դիակը սեպտեմբերի 5-ին ինքն է գտել
դիակների կույտի մեջ։ Իսկ կնոջ ու աղջկա մասին երկար ժամանակ ոչ մի
տեղեկություն չուներ։ Ամեն անգամ, երբ լսում էր, որ դիակների կամ նոր
մահացածների մեջ իր հարազատները չկան, ինչ-որ տեղ ուրախանում էր,
մտածելով, որ հավանաբար անգիտակից պառկած են որեւէ հիվանդանոցում։ Սակայն
ինչքա՞ն կարող էր իրեն հույս տալ… ԴՆԹ-ի անալիզների շնորհիվ՝ մեկ ամիս
անց՝ հոկտեմբերի 8-ին Ռոստովի հիվանդանոցներից մեկում գտնվեցին նաեւ կնոջ
ու աղջկա դիակները։ Եվ ամեն ինչ վերջացավ…
Հարությունը հիշում է իր ընտանիքի հետ անցկացրած վերջին ամիսները, վերջին
օրերը։ Թե ինչպես էր դեպքից մեկ ամիս առաջ ընտանիքին ուղարկել Երեւան՝
ամառային հանգստի։ Թե ինչպես էին երեխաները, վերադառնալով Բեսլան, իրեն
խնդրում-աղաչում հետ գնալ Հայաստան, ապրել Երեւանում. չէ՞ որ այնտեղ
այնքա՜ն լավ է։ Ինչպես կինը՝ Ռուզանը, չէր ուզում Երեւանից հեռանալ՝
կարծես սիրտն ինչ-որ բան էր կանխազգում։ Թե ինչպես օգոստոսին գյումրեցի
Գագոյի ընտանիքի հետ (ի դեպ, Գագիկի կինն ու աղջիկն էլ են զոհվել, իսկ
տղան աչքից վիրավոր է) քեֆ են արել, ծնունդ նշել։ Հիշում է նաեւ, որ
նույնիսկ իր համար զարմանալիորեն, տեղի տալով կնոջ ու երեխաների
աղաչանքներին՝ վերադառնալ Երեւան, խոստացավ, որ այս տարի անպայման
կվերադառնան (երբեք չէր խոստացել ու չէր մտածել այդ մասին). հերի՛ք է՝
ինչքան օտարի տունը սարքեցին, ժամանակն է, որ իրենց տունը սարքեն, իրենց
ծնողների կողքին լինեն։ Ու որոշեց վերադառնալ։
Հարություն Ալեքյանն այսօր ապրում է Երեւանում. ինչպե՞ս թողնի-գնա
Երեւանից, երբ իր ընտանիքի հիշատակն այստեղ է։ Շատ կուզենար աշխատանք
ունենալ այստեղ, իր երկրում, նոր տուն-տեղ հիմնել՝ իր երկրում, նոր
հույսով ապրել, նոր կյանք սկսել եւ միգուցե իր երեխաներին այդպիսով հետ
բերեր։ Այնինչ, առայժմ միայն դժվարությունների է հանդիպում։ Նույնիսկ
այստեղ իր ճակատագրի հանդեպ անտարբեր է իր պետությունը։
Հարություն Ալեքյանը դեռեւս հոկտեմբերին խնդրանքով դիմել է ՀՀ նախագահին՝
աջակցություն ցուցաբերել գոնե բնակարան ձեռք բերելու հարցում։ Մինչ օրս նա
հույսով սպասում է, թե երբ իր խնդրանքը կբավարարվի։
Բեսլանի աղետալի դեպքերից հետո միակ ուշադրությունը, որ Հայաստանի պետական
կառույցների կողմից ցուցաբերվել է Հարություն Ալեքյանին, եղել է
Քանաքեռ-Զեյթուն համանքի թաղապետի կողմից հատկացված գումարը, ինչպես նաեւ՝
«Շանթ» հեռուստաընկերության կողմից «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի
շահույթը, որը տրամադրվել է տուժած չորս հայ ընտանիքների։ Մեր մյուս
հայրենակիցներին (ինչպես նաեւ՝ բոլոր տուժածներին, անկախ ազգային
պատկանելությունից) անհատապես իր ցավակցական խոսքն է հղել Բելառուսի
նախագահ Ա. Լուկաշենկոն եւ իր կողմից յուրաքանչյուր ընտանիքի անհատական
հաշվին է փոխանցել 1000-ական ԱՄՆ դոլար։
Պետական մարմիններում նույնիսկ պաշտոնական տվյալ չկա այն մասին, թե այդ
աղետալի դեպքերից տուժած քանի հայ ընտանիք կա։ Մեզ հաջողվեց ճշտել, որ
Հայաստանում այդպիսի ընտանիքները չորսն են, մեկը՝ Երեւանից, երկուսը՝
Գյումրիից, եւ մեկն էլ Աբովյանի Գեղաշեն գյուղից, ընդ որում, վերջին
ընտանիքից ոչ ոք չի փրկվել։