Ի՞նչ է սպասում Ամերիկային

17/11/2006 Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ուղիղ կեսօրին, Վիրջինիա նահանգում Սենատի հանրապետական թեկնածու Ջորջ Ալենն ընդունեց իր պարտությունը: Հանրապետականների այս պարտությունը չափազանց ցավոտ էր եւ խորհրդանշական: Ջորջ Ալենի հաղթանակին գրեթե ոչ ոք չէր կասկածում: Նա համարվում էր 2008թ. նախագահի ընտրության ամենաուժեղ թեկնածուներից մեկը: Այժմ հանրապետականի ամենաուժեղ «նախագահացուն» պարտված է: Այսպիսով, առաջին անգամ 1994 թվականից ի վեր, դեմոկրատները մեծամասնություն են կազմում եւ Ներկայացուցիչների պալատում, եւ Սենատում, որտեղ Ալենին հաղթած Ջիմ Ուեբբի մանդատով դեմոկրատներն այժմ ունեն 51 ձայն` ընդդեմ 49-ի:

Պետք է նկատել, որ Ալենն իր ընտրական պայքարի վերջին հրապարակային ելույթում ակնարկեց, որ իր քաղաքական ամբիցիաները չեն մարել: Նա ընդունել է իր պարտությունը, որովհետեւ հարգում է Վիրջինիայի քաղաքացիների ընտրությունը: Դեմոկրատ Ուեբբը հաղթել է ձայների շատ քիչ տարբերությամբ, եւ Ալենն, ըստ էության, կարող էր վիճարկել ընտրության արդյունքը: Սակայն, ինչպես ինքն ասաց` «դա կլիներ հարկատուների փողերի անիմաստ վատնում, իսկ ընտրապայքարը կվերածեր անձնական թշնամանքի»: Ալենը լրագրողներին հանդիպեց կնոջ` Սյուզանի եւ կրտսեր դստեր` Բրուկի հետ: «Թող Աստված շարունակի օրհնել Վիրջինիան եւ ամբողջ Ամերիկան»,- եզրափակելով իր ելույթն` ասաց նա:

Դեմոկրատների հաղթանակի առաջին պտուղն, անշուշտ, Ռամսֆելդի հրաժարականն է: Բուշը զոհաբերեց Ռամսֆելդին: Չափազանց մեծ էր քննադատությունը նրա հասցեին: Դեռ նախօրեին ամերիկյան ռազմական մամուլը հանդես եկավ աննախադեպ միացյալ հայտարարությամբ, որտեղ պահանջում էր պաշտպանության նախարարի հրաժարականը, քանի որ նա չի տիրապետում իրավիճակին, եւ նրա որոշումների հետ համաձայն չէ անգամ գեներալիտետը: Դեմոկրատների հաղթանակն ապացուցեց, որ Բուշի հետ առաջին օրվանից Պենտագոնում հայտնված Դոնալդ Ռամսֆելդը, որն Իրաքի պատերազմի գաղափարախոսն էր, հեղինակը, նոր ամերիկյան ռազմական դոկտրինի կնքահայրը՝ տապալվեց: Նրա պատճառով հանրապետականները պարտվեցին:

Միեւնույն ժամանակ, պարզապես անիմաստ է ակնկալել ամերիկյան կուրսի դրամատիկ փոփոխություններ: Սպիտակ տունը հանրապետականների ձեռքերում է: Բուշն արդեն հայտարարել է, որ շարունակելու է պատերազմն Իրաքում: Այլ հարց է, թե ինչ ինտենսիվությամբ եւ ինչ հեռանկարով: Սա կլինի երկու կուսակցությունների քննարկման հիմնական առարկան: Առաջիկա երկու տարում կողմերը լինելու են չափազանց զգույշ: Եթե դեմոկրատները որոշեցին ընդդիմանալ Սպիտակ տանը, ապա նախագահական ընտրություններին հանրապետականները կարող են ասել` նրանք հաղթեցին Սենատում եւ ոչինչ չարեցին, այլ ընդամենը խանգարեցին: Մյուս կողմից, եթե հանրապետականներն ընդդիմանան գործակցել դեմոկրատների հետ, ապա դա էլ կդառնա գլխավոր մեղադրանքը Բուշի վարչակազմի համար: Այնպես որ, հետաքրքիր քաղաքական խաղ է սպասվում:

Ամերիկյան քաղաքական նոր իրականության հանգուցային երկու դեմքերն են Սենատի նոր նախագահ, դեմոկրատ Նենսի Պոլոսին եւ Պենտագոնի նոր ղեկավար Ռոբերտ Գեյթսը: Պոլոսին արդեն հանդիպել է Ջ. Բուշի հետ: Դեմոկրատները, երբ արդեն պարզ էր, որ մեծամասնություն են կազմել նույնիսկ Սենատում, հայտարարել են, որ, ի տարբերություն հանրապետականների, գործակցելու են նրանց հետ: Սպիտակ տանից նրանք ակնկալում են նոր ուղղություն Իրաքի հարցում: Իրաքի պատերազմի անարդյունավետության քննարկումների ալիքի վրա դեմոկրատները հաղթեցին, եւ սա նրանց այն հիմնական խնդիրն է, որի արդյունքների մասին պետք է հաշվետու լինեն երկու տարի հետո` նախագահական ընտրարշավին: Ի՞նչ են անելու հանրապետականները, արդյոք պաշտպանության նախարարի փոփոխությունը կոսմետի՞կ լուծում է, թե՞ նոր բեկում է ահաբեկիչների դեմ պատերազմի մարտավարությունում: Ռոբերտ Գեյթսը համարվում է հանրապետական վերնախավի ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Տեխասի համալսարանի արդեն նախկին ռեկտորը կադրային գործակալ է, նա 27 տարի աշխատել է Ազգային անվտանգության գործակալությունում, որտեղ ծառայել է 4 նախագահների մոտ` սկսած Ջիմի Քարտերից: Նա եղել է Բուշ-ավագի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը: Նա համարվում է Բուշ ընտանիքի մտերիմ մարդ: Տեխասի համալսարանում նա ստեղծել է Բուշի անվան կառավարման դպրոց: Նա օրինակելի քաղծառայող է: Իր կարիերան սկսելով Կենտրոնական հետախուզական վարչությունում` որպես կրտսեր աշխատող, 1991-93թթ. դարձել է ԿՀՎ գործադիր տնօրեն: Ասում են, թե Բուշ-կրտսերի վերընտրվելուց հետո նրան առաջարկվել է նոր ձեւավորված Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն նա մերժել է: Փորձառու եւ ազդեցիկ Գեյթսին հասած ժառանգությունն այնքան էլ լավ վիճակում չէ: Հենց նրան է վիճակված հետագա քննադատություններից եւ ճգնաժամից հանրապետականներին եւ Բուշի վարչակազմին փրկելու դերը:

Ի դեպ, Գեյթսի թեկնածուական թեման եղել է Խորհրդային Միությունը: Նա քաջատեղյակ է Ռուսաստանից եւ նախկին ԱՊՀ երկրներից: Այդ իմաստով չի բացառվում, որ որոշակի ճշգրտումներ մտցվեն նաեւ ամերիկյան ռազմաքաղաքական մոտեցումներում:

Այս օրերին ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հենց ԱՄՆ-ն է: Այս երկրի անգամ ներքին քաղաքական կուրսի փոփոխությունը կարող է ազդել երկրների եւ անգամ տարածաշրջանների ճակատագրի վրա: Այժմ Վաշինգտոնում է Մեքսիկայի նախագահը: Ամերիկա-մեքսիկական հարաբերությունները Սպիտակ տունը ցանկանում է կառուցել ավելի պրագմատիկ հողի վրա: Այդ պատճառով ամբողջ հարավային սահմանի երկայնքով պատ է կառուցվում (բառիս բուն իմաստով): Լատինական Ամերիկայի եւ Մեքսիկայի ապօրինի գաղթը թիվ մեկ սոցիալական խնդիրն է այս երկրում:

Ինչ վերաբերում է ամերիկահայերին եւ ամերիկահայ կազմակերպություններին, ապա առայժմ դժվար է ասել՝ ինչպիսի՞ն կլինի նրանց հարաբերությունը Սենատի հետ: Հայտնի է, որ հայկական կազմակերպություններն ավելի սերտ գործակցություն ունեին դեմոկրատների հետ: Բայց դա այն ժամանակ էր, երբ դեմոկրատներն ընդդիմություն էին: Այժմ նրանք ներկայացնում են երկրի օրենսդիր իշխանությունը: Ինչպիսի՞ն կլինի հետագա գործակցությունը քաղաքական նոր էսթաբլիշմենտի հետ, ցույց կտա ժամանակը: