«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոսքի ազատության պահպանման ուղղությամբ նոր շարժում է սկսել: Կազմակերպության թիրախում հայտնվել են Կուբան, Չինաստանը, Կոլումբիան, Իրանը, Թունիսը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ը: Բողոքի ակցիան, որը կրում է «24 ժամ ինտերնետ-գրաքննության դեմ» անվանումը, սկսվել է նոյեմբերի 7-ին: Կազմակերպության կայքում (www.rsf.org) տեղադրված է աշխարհի քարտեզը, ուր ներկայացված են այն երկրները, որտեղ, իրավապաշտպանների տվյալներով, հետապնդվում է խոսքի ազատությունը, այդ թվում` նաեւ համաշխարհային էլեկտրոնային ցանցում: 24 ժամվա ընթացքում հավաքված ձայները կազմակերպությունն ուղարկելու է Yahoo կոնցեռնի համանախագահներից մեկին` Ջերի Յանգին: Իրավապաշտպանների տվյալներով, այդ կազմակերպությունն աշխարհում առաջինն էր, որը թույլ տվեց գրաքննության ենթարկել իր մոդուլները` սերտ համագործակցելով չինական իշխանությունների հետ: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության «սեւ» ցուցակում, բացի Yahoo-ից, հայտնվել են նաեւ Microsoft եւ Google կորպորացիաները: