Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտը հայտարարել է, որ Գազայի Բեյթ Հանուն քաղաքի հրետանային ռմբակոծությունը ցավալի սխալ է եղել: Օլմերտը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին անհապաղ հանդիպելու կոչ է արել: Միաժամանակ, Բեյթ Հանունում ավելի քան տասը հազար մարդ մասնակցել է 18 անմեղ զոհերի հուղարկավորությանը` «Աստված ավելի հզոր է, քան Իսրայելը եւ Ամերիկան» կոչերով: Փորձագետները կարծում են, որ Օլմերտի զղջումը չի մեղմացնի պաղեստինցիների ցասումը, եւ խաղաղ բանակցությունները վերսկսելու Աբբասի եւ Օլմերտի ջանքերը, հավանաբար, ջուրը կընկնեն: Հարկ է նկատել, որ Իսրայելի վարչապետը չի շտապել ներողություն խնդրել` գիտակցելով, որ դա կարող է զայրացնել իսրայելցիներին: «Ես վրդովված եմ կատարվածից եւ ինձ շատ վատ եմ զգում: Այս դեպքը սխալմամբ է տեղի ունեցել, այն ծրագրավորված հարձակում չի եղել, այլ` իսրայելական հրետանու տեխնիկական սխալի արդյունք է: Ես հանձնարարել եմ ամեն ինչ ստուգել»,- հայտարարել է Օլմերտը: Իսրայելի պաշտպանության նախարարը հավաստել է, որ մեղավորները կպատժվեն: