Գերեզմանափորը մեզ ուղեկցում է դեպի անտուն մարդկանց համար նախատեսված
գերեզմանահատվածը: Այնտեղ այսօր երկու անտուն մարդու դիակ պիտի ամփոփեն:
Երեւանի թափառաշրջիկներից երկուսը մահացել են, բայց առատ ձյունը փակել է
առանց այդ էլ դժվարանցանելի ճանապարհն ու մահացածներին բերող մեքենան չի
կարողացել տեղ հասցնել դագաղները:
Գերեզմանաթմբերի վրա անուն-ազգանուններ, ծննդյան ու մահվան տարեթվեր չեն
լինելու: Ոչ ոք չգիտի` ո՞վ է դագաղում պառկածը: Դրվելու է հերթական համար
եւ ուրիշ ոչինչ: Գերեզմանափորը պատմում է, որ անտունների հետ երբեմն նրանց
ընկերներն էլ են գալիս, բայց իրենք էլ հաճախ չեն իմանում մեռածների իրական
անունները:
Վերադառնում ենք Երեւանի կենտրոն, Կամերային երաժշտության տան մերձակա
այգին: Գիշերը ձյուն էր եկել, եւ այգում գիշերած թափառաշրջիկները սառած
էին:
«Մի բաժակ արաղ կտա՞ք,- ամբողջ մարմնով դողալով խնդրում է Բաշը:
Մենք ստիպված փող ենք տալիս մի շիշ օղու համար, որպեսզի գոնե այդպես «տաքացնեն» սառած մարմինները:
Նորոն ասում է, թե Բաշը գիշերը վատ է եղել: Հարցնում եմ. «Բա՛շ, ի՞նչ է
եղել, վա՞տ ես»: «Հա, լավ չեմ, եթե կարող եք, ինձ հիվանդանոց պառկեցրեք»,-
ասում է քսանհինգ տարի բանտերում անցկացրած Բաշը:
«Նա իր կյանքում երբեք նման բան չի ասել,- կիսաձայն ասում է Նորոն։ -Ուրեմն շատ վատ է»:
Բաշին հիվանդանոց տեղափոխելու մեր բոլոր փորձերն իզուր անցան, ոչ մի հիվանդանոց թափառաշրջիկին չընդունեց:
Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց 1703 տարի անց` 2004
թվականի հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան տոնի օրը, իր հավատքով ու եկեղեցով
հպարտացող ազգի` հայերի երկիր Հայաստանում չգտնվեց թափառաշրջիկին ապաստան
տվող գեթ մեկ հաստատություն:
Հունվարի 10-ին Կամերային երաժշտության տան այգում գիշերող
թափառաշրջիկներին մեր ահազանգով այցելեցին ֆրանսիական «Բժիշկներ՝ առանց
սահմանի» կազմակերպության ներկայացուցիչները: Նրանց օգնությամբ Բաշը
տեղափոխվեց այրվածքաբանության կենտրոն, իսկ Ռաֆիկը, բժշկական օգնություն
ստանալուց հետո, մնաց նույն տեղում:
Բաշը մահացավ
Բաշը (իսկական անունը` Սամվել) մահացավ հունվարի 14-ին: Երբ մեկ շաբաթ
առաջ ես նրա մասին ակնարկ էի գրում, նրա ծննդյան օրն էր, եւ հոդվածիս
նախնական տարբերակում գրել էի, որ սա հաստատ նրա վերջին ծննդյան օրն է:
Հետո իմ գործընկերներն առաջարկեցին այդ տողը հանել` ասելով, որ կենդանի
մարդու մասին այդպես չի կարելի գրել: Ես հանեցի այդ նախադասությունը, բայց
ներքուստ զգում էի, որ նրան մնացել է ընդամենը մի քանի օր:
Բաշը մահացավ հիվանդանոցում: Նրա մարմինը հյուծված էր, նա արդեն 18 օր
ոչինչ չէր ուտում: Հիվանդանոցում Բաշը չէր կարողացել քնել մահճակալին: Նա
անկողինն իջեցրել էր մահճակալից եւ պառկել գետնին: Ոչ մեկը չէր կարողանում
նրան համոզել, որ պառկի մահճակալին: Ինը տարի գետնին քնած մարդը
մահճակալին չէր կարողանում պառկել: Երբ հարցրի, թե ինչու է գետնին պառկել,
ասաց. «Անկախ ինձանից՝ գլորվում եմ մահճակալից»: Սակայն կյանքի վերջին օրը
նա անցկացրեց մահճակալին, որովհետեւ արդեն անզոր ու անուժ պառկած՝ հեւում
էր: Բժիշկները փորձում էին նրան մի քիչ կազդուրել, որպեսզի վիրահատեն
ցրտահարված ոտքերը: Բայց ոչինչ չստացվեց:
Այդ օրը ես կատարված ծախսերի հաշվետվություն էի պատրաստում Նյու Յորքի Հայ
ուսանողների ասոցիացիային ներկայացնելու համար, որոնք 200 դոլար էին
ուղարկել Երեւանի թափառաշրջիկներին օգնելու: Բաշի համար արդեն գնել էի
ներքնաշորեր, հագուստ, մի քանի օր սննդամթերք էի տանում:
Բաշը չէր ուտում, իսկ շորերը հագավ ընդամենը մի անգամ, մի մասն էլ ընդհանրապես չփորձեց: Նրան փրկելու մեր բոլորը ջանքերն իզուր էին:
Նույն օրը Կամերային երաժշտության տան մերձակա այգում հավաքված էին
Ռուզանը, Նատաշան, Ռաֆոն, Նորոն, Միքոն եւ Գոռը: Ես չգիտեի, թե ինչպես
պետք է հայտնեմ լուրը: Նատաշայի հետ սկսեցի զրուցել, նրա աչքերի տակ
կապտուկներ էին: «Ինչո՞ւ է այդպես, ո՞վ է խփել»,- հարցնում եմ: Պարզվեց՝
նրան ծեծել է ընկերը, իսկ պատճառը Ռուզանն էր: Ընկերը Նատաշային ասել է.
«Էդ պուտանկա Ռուզանի հետ ընկերություն չանես»: Նատաշան էլ ասել է` իմ
ընկերուհուն մի՛ վիրավորիր: Արդյունքում՝ ծեծվել է եւ եկել գիշերելու
այստեղ:
«Բաշը այսօր մահացել է»,- ասում եմ ես:
Լռություն տիրեց: Բոլորը կարկամած ինձ նայեցին: Գոռը սկսեց բարձրաձայն արտասվել.«Հինգ տարի նրա հետ եմ անցկացրել, ախր»:
Հետո սկսեցին հիշել Բաշի արածները: Պարզվեց՝ նա հրաշալի մարդ էր: Բոլորին
օգնում էր, հարգանք էր վայելում: Նրանցից ոչ ոք չգիտեր, թե ինչպես կարելի
է գտնել Բաշի որդուն, որը մի անգամ եկել էր հորը տուն տանելու: Եթե որդին
չգտնվի, Բաշին կթաղեն անօթեւան մարդկանց համար նախատեսված գերեզմանում, եւ
նրա շիրիմի վրա կդրվի հերթական համարը:
«Մի քանի օր առաջ ասաց՝ ես 104 տարի եմ ապրելու»,- հիշեց Նորոն:
Հետո նրանք սկսեցին խմել Բաշի հոգու հանգստության համար:
Հանկարծ Ռաֆոն ինձ քաշեց մի կողմ ու ասաց. «Խնդրո՛ւմ եմ, ինձ հանի՛ր
այստեղից, մի քիչ օգնիր, ես դուրս կգամ այս վիճակից»: Բաշի մահը սթափեցրել
էր նրան:
Հրաժեշտ եմ տալիս` խոստանալով հաջորդ օրն այցելել նրանց:
Նրանք շարունակում են խմել օղին, որպեսզի հաղթահարեն հերթական ցուրտ գիշերը ու փորձեն մոռանալ Բաշին: